Կոլեգաներիս կողմից մեջքիցս հասցրած հարվածները հուսահատեցնող են. Նարե Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Նարե Գրիգորյանը: Նա մեզ համար բացահայտվել է բոլորովին նոր ռակուրսից: Նարեն խոսել է իր նախասիրությունների, ինքն իր հետ ներդաշնակ լինելու գրավականի, օպտիմիստ լինելու եւ այլ թեմաների շուրջ:

-Նարե, կա՞ մի բան, որի կարիքը ցանկացել եք երբեք չունենալ:

-Միշտ ուզեցել եմ, որ ծնողներիս առողջության համար մտահոգվելու առիթ չունենամ:

-Ըստ Ձեզ՝ մարդիկ կենդանիներից սովորելու ի՞նչ ունեն:

-Ես երկու շուն եմ պահել, եւ նրանք մեզ ավելի շատ էին սիրում, քան իրենք իրենց: Մարդիկ հենց շներից պետք է սովորեն հավատարմություն եւ չափից դուրս նվիրվելու ունակություն:

-Ո՞րն է ինքներդ Ձեզ հետ ներդաշնակ լինելու գրավականը:

-Ներդաշնակ լինելու համար ուղղակի հարկավոր է ապրել առանց խաբեությունների եւ երկմտանքների:

-Երբ զգում եք, որ Ձեր ափսեի մեջ չեք…

-Նյարդայնանում եմ, սկսում եմ ժամին նայել: Կարծում եմ՝ նման դեպքերում քաղաքավարությանը զոհ գնալը սխալ է, եւ եթե որեւէ շրջապատում քեզ լավ չես զգում, պետք է պարզապես լքես այն հնարավորինս արագ:

-Ձեզ համար բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ կիսով չափ դատարկ:

-Կիսով չափ լիքը: Ես իմ տեսակով օպտիմիստ եմ, ամեն տեղ փորձում եմ լավը տեսնել: Գիտեմ, որ ամեն իրավիճակից լուծում կա, ամեն փակ դուռ ունի բանալի: Երբեք չեմ մտածել, որ ելք չկա: Ելք միշտ կա, չքաղաքականացնել (ծիծաղում է):

-Ո՞ր ժամին եք սիրում նայել հարազատ քաղաքին:

-Միանշանակ գիշերը, երբ լռություն է տիրում, եւ բոլորը քնած են:

-Ըստ Ձեզ՝ կյանքում ո՞վ է հաղթում՝ բարի՞ն, չա՞րը, թե՞ ուժեղը:

-Եթե ռեալ, ապա ուժեղը: Բայց միշտ էլ ուզում ես հավատալ, որ այդ ուժեղը միշտ բարին է:

-Ամեն ինչ կտայիք, միայն թե…

-Հարազատներս կողքիս լինեին հնարավորինս երկար եւ առողջ:

Սովորաբար գերադասում եք ծախսել ժամանա՞կը, թե՞ փողը:

-Իհարկե, փողը, քանի որ ժամանակն ավելի թանկ է: Նախընտրում եմ փողով գնել կամ, ավելի ճիշտ, շահել ժամանակ:

-Երբ շոկի մեջ եք, ինչպե՞ս եք ինքներդ Ձեզ հանում այդ իրավիճակից:

-Շատ ջուր եմ խմում: Ինձ երկար ժամանակ է պետք լինում, որպեսզի դուրս գամ շոկից. դա կարող է օրեր տեւել:

-Ի՞նչ եք անում, երբ զգում եք, որ Ձեզ շահագործում են:

-Առաջնահերթ արհամարհում եմ նման փորձ անողներին: Գոյություն ունեն ժեստեր, որոնց միջոցով ցույց եմ տալիս, որ ամեն ինչ հասկանում եմ: Հետաքրքիր է, որ ինձ շահագործելու փորձերը շատ շուտ եմ զգում: Դա բնատուր բան է:

-Շո՞ւտ եք հուզվում: Կարո՞ղ եք մի հիմար մելոդրամայից աչքերը լցնել:

-Այո, բայց նախկինում այդպիսին չէի: Վերջին տարիներին էմոցիոնալ եւ դյուրագրգիռ, զգայուն եմ դարձել: Դա շատ է վնասում: Հաճախ արցունքներս զսպել չեմ կարողանում: Ամեն դեպքում, հավասարակշռությունը պետք է պահպանել ցանկացած իրավիճակում:

-Նշեք սոցցանցերի մեկ «հրաշագործ» եւ մեկ կործանարար հատկություն:

-Համարյա ցանկացած ինֆորմացիայի հասանելիությունը վայրկյանների ընթացքում. սա հրաշք է: Բայց այն, որ մենք արդեն կառչած ենք այդ սարդոստայնից, դարձել ենք դրա գերին եւ այլեւս չենք պատկերացնում մեր կյանքն առանց դրա, իսկապես կործանարար է:

-Ձեր մասնագիտության գրավիչ եւ վանող կողմերը:

-Ինքնարտահայտվելու, ինքնադրսեւորվելու մեծ հարթակ է բեմը, այնտեղից կարողանում ես փոխանցել էմոցիաներ, սեր. սա գրավիչ կողմն է: Իսկ վանող կողմը վերաբերում է կոլեգաներին: Կոլեգաների կողմից մեջքիցս հասցրած հարվածները հուսահատեցնող են: Դու այլ կերպ ես պատկերացնում դաշտը, բայց հետո մտնում ես այնտեղ եւ բախվում ես իրականությանը: Ամեն դեպքում, ցանկացած մարդու պետք է հնարավորություն տալ, որպեսզի նա դրսեւորվի, եւ դու տեսնես, թե ինչի է ընդունակ:

-Ստեղծագործելու համար Ձեզ հարկավոր է…

-Լռություն եւ մթություն: Իմ ստեղծած բոլոր երգերն ու բանաստեղծությունները ծնվել են գիշերը:

-Երբ մի փոքր ազատ ժամանակ եք ունենում…

-Անմիջապես վազում եմ շունիկներիս մոտ: Նրանք ծնողներիս տանն են, իսկ ես հիմա արդեն այնտեղ չեմ ապրում, կարոտում եմ:

-Ի՞նչն է կանանց կործանում:

-Հպարտության չափից դուրս մեծ դոզան:

-Իմ ո՞ր հարցը Ձեզ դուր եկավ:

-Մարդկանց եւ կենդանիներին վերաբերող հարցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս