Ներկայիս իշխանության ամենախոցելի տեղը կադրերն են. Սարգիս Մնոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներկայիս իշխանության ամենախոցելի տեղը կադրերն են, սա մասամբ լուծելի խնդիր է: Չեմ կարծում, որ դա պայմանավորված է զուտ սուբյեկտիվ պատճառներով, վճռորոշ են նաեւ օբյեկտիվ պատճառները»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պրոդյուսեր, մի շարք հեռուստատեսային, երաժշտական, գեղարվեստական նախագծերի, «Մեր բակը» ֆիլմի 3 մասերի սցենարների հեղինակ Սարգիս Մնոյանը: Նրա համոզմամբ՝ առհասարակ, Հայաստանում առկա է պրոֆեսիոնալ կադրերի պակաս բոլոր ոլորտներում. «Բայց քաղաքական թիմն ամենաշատն է պատասխանատվություն կրում, այն պետք է մասնագիտացված լինի բոլոր ասպարեզներում»,-նկատեց Սարգիսը:

Մենք հարցրինք՝ թավշյա հեղափոխությունից ունեցած իր ակնկալիքներն արդարանու՞մ են, եւ արդյոք Հայաստանում ձեւավորվե՞լ է ընդդիմություն. «Ես մշտապես եղել եմ խնդիրների լուծման էվոլյուցիոն ճանապարհի կողմնակիցը: Բայց Հայաստանում եղավ հեղափոխություն, քանի որ արդեն հասունացել էր դրա պահը: Իսկ ակնկալիքների արդարացման մասին դեռ վաղ է խոսել, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մասին եւս»,-պատասխանեց Սարգիսը:

Մենք հետաքրքրվեցինք՝ Սարգիսը հեռուստատեսային ոլորտում փոփոխությունների անհրաժեշտություն տեսնու՞մ է, օրինակ՝ պետական հեռուստաընկերության գործունեության պարագայում իշխանության միջամտել-չմիջամտելու հարցն ինչպե՞ս պետք է կարգավորվի. «Առհասարակ, ես գրաքննությունը լավ բան չեմ համարում, բայց նաեւ որպես սցենարիստ եմ ասում, որ գոյություն ունի ներքին գրաքննություն, որին հետեւելն անհրաժեշտ է: Եթե իշխանությունը ցանկություն ունենա վերահսկելու որեւէ բան, կարող է դրան հասնել, բայց հեռուստատեսությունը վերահսկելու իմաստ այսօր չեմ տեսնում՝ պայմանավորված համաշխարհային այն միտումով, որ մարդիկ լքում են ավանդական այս մեդիան եւ հաճախ նախընտրում են օնլայն տիրույթը»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Նրա համոզմամբ՝ ոչ միայն մեր, այլեւ բոլոր իշխանությունների ամենամեծ գործը պետք է լինի չխանգարելը. «Ես ոչ մի սպասելիք չունեմ եւ չեմ ունեցել իշխանություններից: Այսօր շատերը նույնիսկ ամենավատ պայմաններում կարողանում են դրսեւորվել, պատկերացրեք՝ ինչ լավ կլինի, եթե այդ պայմանները բարելավվեն եւ մարդկանց չխանգարեն դրսեւորվել»,-եզրափակեց Սարգիսը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս