Նախօրեին «Սասնա Ծռեր» կուսակցությունը կառավարության կադրային քաղաքականության վերաբերյալ հայտարարություն տարածեց: Հայտարարությունում մասնավորապես նշված էր, որ չնայած «Սասնա Ծռեր» կուսակցության եւ հասարակության լայն շրջանակների հորդորներին` կառավարությունը շարունակում է պատասխանատու պաշտոններին նշանակել նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին, այդ թվում նրանց, ովքեր աչքի են ընկել իրենց դահճային բնույթով եւ զբաղվել են ժողովրդին կեղեքելով ու թալանելով։
«Սասնա Ծռեր»-ը հորդորեց վարչապետ Փաշինյանին ոչ միայն վերանայել նման անընդունելի կադրային քաղաքականությունը, այլեւ արդեն նշանակված անձանց, առաջին հերթին Վալերի Օսիպյանիn եւ Հունան Պողոսյանին ազատել զբաղեցրած պաշտոններից եւ հանձնարարել ստուգելու այդպիսի անձանց նախկին գործունեությունը` ժողովրդի եւ պետականության դեմ կատարած հանցագործությունների համատեքստում:
«Ժողովուրդ» օրաթերթը այս ու այլ հարցերի մասին խոսել է «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ:
-Պարո՛ն Ավետիսյան, «Սասնա Ծռերը» հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշեց, թե վարչապետ Փաշինյանն առաջին հերթին պետք է աշխատանքից ազատի Վալերի Օսիպյանին եւ Հունան Պողոսյանին: Ինչո՞ւ հենց նրանց անունները նշեցիք հայտարարությունում:
-Որովհետեւ նրանք այսօր ամենաօդիոզ կերպարներն են: Կադրային քաղաքականության մեջ ամենասխալ նշանակումները նրանք են, դրա համար էլ հարկ համարեցինք հենց նրանց անունները հատուկ շեշտել:
-Ձեր հայտարարությունում նշել եք, որ վարչապետը պետք է վերանայի ընդհանուր կադրային քաղաքականությունը: Այսինքն` կադրերի մեծ մասը Ձեզ դուր չե՞ն գալիս:
-Այո՛: Մեր խոսքը միայն նշված անձանց չէր վերաբերում: Հայտարարությունում նկատի ենք ունեցել նախկին ռեժիմը ներկայացնող բոլոր կադրերին: Բացի այդ, նախկինում էլ հորդորել ենք պարոն Փաշինյանին հենվել ազգային ռեսուրսի վրա: Այսինքն` չսահմանափակվել միայն իր թիմի շրջանակներում եւ նախկին կառավարության պաշտոնյաներով: Պետք է ավելի լայն սեկտոր վերցնել եւ ամբողջ ազգային ռեսուրսը աչքի տակ առնելով` այլ նշանակումներ կատարել:
-Կարելի է ասել` հիմա նշանակումներում գերակշռում են երիտասարդ կադրերը:
-Շատ ժամանակ չի անցել, որ հնարավոր լինի հստակ մասնագիտական գնահատականներ տալ: Անշուշտ, բոլորն էլ թերություններ ունեն, բայց այսօր կարեւորը մեր խնդիրը լուծելն է, ոչ թե ընթացիկների մասին մտածելը: Նախ պետք է վերանայվի այն մոտեցումը, որ հին ռեժիմի ներկայացուցիչները չլինեն, իսկ մնացածի հետ կապված ամեն բան կլուծվի: Երիտասարդ պաշտոնյաները գուցե անփորձ են, բայց սովորելու մեծ ունակություն ունեն: Եթե ինչ-որ խնդիրներ էլ լինեն նրանց հետ կապված, արագ կլուծվեն: Այս երկու պրոբլեմները համեմատելի չեն: Շատ ավելի ազնիվ ու արդար է, որ լինեն մաքուր երիտասարդներ, քան նախկինները, որոնք կեղեքել են մեր պետականությունը, քայքայել են մեր ժողովրդին:
–Պարոն Փաշինյանը, անդրադառնալով Հունան Պողոսյանի նշանակմանը, ասաց, որ չպետք է բարիկադներ դրվեն մեր միջեւ, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որեւէ մեկը չպետք է իր կյանքն ավարտած համարի Հայաստանում: Չե՞ք կարծում, որ կարելի է հնարավորություն տալ նախկին պաշտոնյաներին:
-Ո՛չ: Դա ճիշտ մոտեցում չէ, որովհետեւ այդ մարդիկ հայկական քավարանով անցնելու կարիք ունեն: Թող անցնեն, եթե պարզվի, որ նրանք մեղք չեն գործել, չեն մասնակցել իշխանության յուրացմանը, հայրենիքի դավաճանությանը, կոռուպցիայի մեջ թրծված չեն եղել, ապա խնդրեմ: Ի՞նչ անենք: Ոճրագործներին պատասխանատվության չենթարկե՞նք: Նրանց պարզապես պետք է շուտ բռնել եւ բանտ տանել:
-Եթե վարչապետը չվերանայի կադրային քաղաքականությունը, որո՞նք կլինեն ձեր հետագա քայլերը:
-Մենք կշարունակենք մատնանշել թերությունները եւ հորդորել, որ վերանայի: Չեմ ուզում ապագայի համար ինչ-որ կանխատեսումներ անել: Մենք պահում եւ պահելու ենք հեղափոխության թիկունքը: Շարունակելու ենք հորդորել վարչապետին զերծ մնալ սխալներից:
-Ներքաղաքական զարգացումները տանում են դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հնարավո՞ր է, որ «Սասնա ծռերը» որեւէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմի:
-Հաստատ մասնակցելու ենք: Ձեւաչափի մասին հստակ ոչինչ չենք որոշել: Ոչինչ չենք բացառում:
Լուսինե Մինասյան