«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արա Բանդուրյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Նշենք, որ նրա եղբայրը` քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը եւս գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սպանության դրդելու մեղադրանքով: Ասել է թե` երկու եղբայրներ, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն բանտում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին «Հուկման» ակումբում Արա Բանդուրյանը նախ պարել է երաժշտության տակ, ապա հանկարծակի վերցրել ատրճանակը ու 3 անգամ կրակել պատի մեջ: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ կրակոցների պատճառով իրավապահները քանդել են ակումբի պատերը, որպեսզի միջից հանեն կրակված պարկուճները: Սակայն դեռ չեն կարողանում գտնել այն զենքը, որով ակումբում կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը: Թեեւ որեւէ մեկը չի տուժել այդ կրակոցներից, այնուամենայնիվ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` այդ օրը ակումբում Ալիկ Բանդուրյանի հետ եղած մոտ 10 այլ երիտասարդներ «փախած են»:
Իսկ ինչո՞ւ հանկարծ նա որոշեց կրակել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արա Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանի հետ: Նա նախ ասաց, որ խափանման միջոց կալանքի հարցով ՀՀ վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու: Նրա խոսքերով` Բանդուրյանը մտահոգված է այն ամենով, ինչ կատարվել է, եւ իրավապահներին է ներկայացրել իր առողջական մասով փաստաթղթեր, ինչպես նաեւ այն, որ իր խնամքին կա երեք անչափահաս երեխա: Մեր այն հարցին` ինչից է նա մտահոգված, որ հասարակական կարգ է խախտե՞լ, խուլիգանություն է արե՞լ, պաշտպանը պատասխանեց. «Մտահոգված էր, որ կալանքի տակ է մնալու, տեղեկություններ չունեմ` կրակել է, թե չի կրակել, եթե ունենամ էլ, չէի կարող ասել, քանի որ դա փաստաբանական գաղտնիք է, եւ, ի վերջո, ես չեմ էլ հասցրել դեռ իր հետ շփվել»:
Իսկ հնարավո՞ր է՝ նա կրակոցներ է արձակել, որպեսզի ստեղծի մի իրավիճակ, գնա, հասնի կալանավայրում գտնվող եղբորը: Պաշտպանը, անդրադառնալով այս վարկածին, ի պատասխան ասաց, որ նման բան չկա. ինչպե՞ս կարող է մարդն իր ազատությունից զրկվել նման բանի համար:
Նկատենք, որ այդպես էլ անհայտ է, թե ում կամ ինչի ազդեցության տակ է Բանդուրյանը պարային շարժումներով հանկարծակի վերցնում զենքն ու կրակում պատի մեջ:
Քնար Մանուկյան