Հոկտեմբերի 21-ին Իջեւանի տարածաշրջանի 3 գյուղերում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Սահմանամերձ Բերքաբերում պայքար չի սպասվում, քանի որ համայնքի ղեկավարի 2 թեկնածուներից Բերքաբերի գյուղապետարանի գյուղատնտես, հողաշինարար Գրիշա Դիլբարյանը ինքնաբացարկ է հայտնել: Վերջինս ի սկզբանե չէր էլ ցանկանում համայնքի ղեկավար ընտրվել. նա համայնքապետի թեկնածու էր առաջադրվել, որպեսզի թեկնածուների թիվը մեկից ավելի լիներ, համայնքի ղեկավարի ընտրությունները կայանային:
Այսպիսով, Բերքաբեր համայնքի ղեկավարի միակ թեկնածու մնաց ներկայումս այդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական Արգամ Արզումյանյանը: Լուսահովիտ գյուղում համայնքի ղեկավարի թեկնածուները 3-ն են՝ անկուսակցականներ Հունան Անանյանը, Լիպարիտ Թիրաբյանը, Գրիգոր Սարհատյանը:
Սարիգյուղում համայնքի ղեկավարի թեկնածուները 2-ն են ՝ 2004 թվականից այդ համայնքի ղեկավար, անկուսակցական Կոմիտաս Էլլարյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սեյրան Սարիբեկյանը:
Վերջինս ինքնաառաջադրվե է: Կ. Էլլարյանը եւ Ս. Սարիբեկյանը համայնքի ղեկավար ընտրվելու համար մրցակցել են նաեւ նախորդ` 2014թ. դեկտեմբերի 14-ին կայացած ընտրություններում: 4 տարի առաջ համայնքի ղեկավարի թեկնածուները 3-ն էին`այն ժամանակ ՀՀԿ անդամ Կ. Էլլարյանը, անկուսակցական Ս. Սարիբեկյանը եւ ՀՀԿ անդամ Գագիկ Մադաթյանը:
Ոսկան Սարգսյան