«Ժողովուդ» օրաթերթը զրուցել է Էջմիածնում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հետ:
-Տիկի՛ն Գասպարյան, դուք հայտարարել եք, որ Էջմիածնում կրիմինալը գլուխ բարձրացնելու փորձեր է անում: Ի՞նչն է նման ահազանգի հիմքը:
-Ես ոչ թե ասել եմ` Էջմիածնւմ կրիմինալը գլուխ բարձրացնելու փորձեր է անում, այլ ես ուղղակի կոչ եմ արել բնակիչներին, որ կատարեն գիտակցված ընտրություն, այլապես այլ թեկնածուներին ընտրելով, որոնք իրենց անցյալում կամ ներկայում կապ են ունեցել կամ ունեն կրիմինալի, թաղային հեղինակությունների հետ` Էջմիածնում կարող է լինել դեմքերի, բայց ոչ բովանդակության փոփոխություն: Կոչ եմ արել ընտրել մի քաղաքապետի, ով ենթարկվում է ոչ թե թաղային հեղինակություններին, այլ օրենքին:
-Էջմիածնում Մանվել Գրիգորյանի կողմնակիցները շարունակում են հետապնդման ենթարկվել. դուք անձամբ ի՞նչ դերակատարություն ունեք այդ գործում:
-Ես ոստիկանապետի հետ անընդհատ կապի մեջ եմ եւ նրան իմ կողմից` որպես քաղաքապետ, հորդորում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պաշտպանել այն ծավալով, ինչպես կպաշտպանվեր Էջմիածնի ցանկացած քաղաքացի: Բայց ես չեմ կարծում, որ նրա ընտանիքը այսօր հետապնդվում է: Ինչքանով որ տեղյալ եմ, Կարեն Գրիգորյանը հիմա արդեն քաղաքում է:
-Դուք ձեզ ընդդիմադիր, արդարամիտ մարդ համարո՞ւմ եք:
-Այո: Ես ընդդիմադիր էի մինչեւ թաշյա հեղափոխության հասնելը: Երբեք չեմ պատկերացրել, որ կարող եմ լինել իշխանամետ, բայց այսօր այնպես է ստացվել, որ գիտակցված կյանքումս առաջին անգամ ընդդիմադիր չեմ: Բայց ինձ ըմբոստ անձ եմ համարում:
-Ինչպե՞ս է դրսեւորվում այդ որակները:
-Դրանք բառեր են, որոնք նկարագրել հնարավոր չէ նախադասություններով: Դրանք պետք է նկատվեն գրծողությունների մեջ: Ես անարդարության կողմնակից չեմ: Դատապատել եւ դատապարտում եմ այն:
-Դուք աշխատել եք ՀՀ արդարադատության նախարարությունում եւ եղել եք ՀՀ-ի դեմ եվրոպական դատարան տարված բողոքների գործերով ՀՀ պաշտոնական պատասխան-դիրքորոշումներ գրելու խմբի մեջ: Հետաքրքիր է՝ մարտի 1-ի գործերով ինչպե՞ս եք հիմնավորել կայացված դատավճիռների օրինականությունը:
-Մարտի 1-ի գործով դեռեւս դատավճիռ չի կայացվել: Այդ գործը դեռ ընթանում է: Մենք ընդամենը շարադրել ենք այն, ինչ մեզ տրամադրել են նախաքննական մարմինները: Որեւէ այլ բան այնտեղ չկա: Կառավարության պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելիս այն չի կարող ասել մի բան, որը տեղական մարմինների կողմից նյութերով չի հիմնավորվել: Մենք դրա մեջ նշել ենք այն, ինչը բաց է եղել բոլորի համար: Օրինակ` որ նախաքննությունը դեռ ընթանում է, մարտի 1 իրականացնող մարդիկ դեռ բացահայտված չեն եւ այլն:
-Անձամբ հավատացե՞լ եք պետության դիրքորոշմանը, որը ներկայացրել եք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
-Ես, աշխատելով արդարադատության նախարարությունում, լինելով մարտի 1-ի իրադարձությունների կիզակետում, անընդհատ պայքարել եմ այն անարդարությունների եւ այն իշխանության դեմ, որը հաստատվել է նախագահական ընտրությունների արդյունքում: Ես միշտ շատ ավելի բարդ վայրում` պետական համակարգում եմ ընդդիմադիր եղել, որտեղ ենթադրվում է, որ բոլորը պետք է լինեն իշխանամետ, ունենան մի դիրքորոշում, բայց ներսում իմ փոքրաթիվ համակիրների հետ փորձել եմ ներսից կոտրել այդ կարծրատիպը, ներսից հալեցնել սառույցը: Միշտ բաց, ազատ եւ ուղիղ ասել եմ` ինչն եմ համարում ճիշտ, ինչը` սխալ: Սրանք պարզապես խոսքեր չեն: Սրա մասին կփաստեն իմ կոլեգաները:
-Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի հիմնավորումները ինչպե՞ս եք ներկայացրել:
-Ես այդ գործերով հիմնավորումներ չեմ ներկայացրել:
-Հիմա էջմիածինցի քաղաքացիներ կան, ովքեր դեմ են Ձեր թեկնածությանը, քանի որ դուք անցյալում հենց այս կարգավիճակն եք ունեցել, եղել եք նախորդ իշխանությունների սխալները սրբագրողը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ քննադատություններին:
-Ես ընդունում եմ ցանկացած առողջ քննադատություն, սակայն նորից եմ կրկնում` ես երբեք չեմ սրբագրել նախկին իշխանությունների արարքները. միշտ եղել եմ ընդդիմադիր: Իմ աշխատանքը կատարել եմ հնարավորինս ազնիվ, եւ ես չեմ եղել քաղաքականություն որոշող, ես ավելի շատ եղել եմ տեքստ շարադրող եւ պատասխանատու որոշում երբեւէ չեմ կայացրել կառավարության անունից, որը կհակասեր իմ խղճին, դեմ կլիներ իմ համոզմունքներին
-Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ծեծի ենթարկված ու կուրացած Գեւորգ Մանուկյանը ձեզ մշտապես հարցադրումներ է անում: Ի՞նչն է խնդիրը, որ չեք արձագանքում նրան:
-Մամուլում իմ մասին շատ է գրվում: Բոլորին չեմ արձագանքում: Չեմ կարող անհատապես բոլորին պատասխանել: Շատ ուրախ եմ, որ այս հարցը բարձրացվեց: Ես տեսել եմ նրա գրառումները եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես երբեք որեւէ մեկի մոտ, որեւէ մի շրջանակում նրան չեմ անվանել պարզապես գող: Ես չգիտեմ` որտեղից Գեւորգ Մանուկյանը ունի այդ ինֆորմացիան, բայց դա բացարձակ սուտ է: Նա հայտարարում է, թե ես ասել եմ, որ ինքը հասարակ գող է, բայց ես նման բան չեմ ասել: Նա կարող է ինձ գրել ֆեյսբուքով, ես նրան կտամ իմ հեռախոսահամարը, զրուցենք, որ ես իր բոլոր մտահոգություններին պատասխան տամ: Ինչքան գիտեմ, նրա մոտ մտահոգություն է առաջացնում նաեւ իմ` դատարաններում աշխատելը, բայց ես եղել եմ ընդամենը դատարանի նախագահի գործավար: Ես ընդհանրապես որեւէ դիրքորոշում չեմ հայտնել, դատավճիռ գրող չեմ եղել, այլ ընդամենը տեխնիկական բնույթի աշխատանք եմ կատարել: Ես քաղաքականություն որոշող չեմ եղել եւ իսկապես կամակատար չեմ եղել, ինչպես պնդում է Գեւորգ Մանուկյանը: Հույս ունեմ` նա կտեսնի այս հարցազրույցը եւ կկապվի ինձ հետ: Չեմ վախենում նրա հետ զրուցելուց: Հակառակը, շատ ուրախ կլինեմ դրա համար:
-Շուտով քաղաքապետի ընտրություններ են: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
-Շատ բարձր եմ գնահատում իմ շանսերը: Դա հիմնված է ժողովրդի հետ ամենօրյա շփումների վրա, դրանք հիմնվում են այն ջերմության վրա, որը ես տեսնում եմ իմ բնակիչների կողմից: Ինձ հետ մի քանի րոպե քայլեցիք ու տեսաք, թե ինչպես են ինձ ընդունում: Սա ես համարում եմ ժողովրդի անթաքույց սեր, այն ժողովրդի, որը դուրս է ֆեյսբուքից, որը չի կարդում այն սադրանքները, որ կեղծ օգտատերերի կամ 20-30 հոգու կողմից տարածում են ֆեյսբուքում այս կամ այն թեկնածուի համակիրները: Ակնհայտ է, որ երբ կա 12 թեկնածու եւ կա մեկ ակնհայտ իշխանության ուժեղ թեկնածու, բոլոր 11-ը պետք է աշխատեն նրա դեմ: Ես հիմնվում եմ իմ հասարակ ժողովրդի սիրո վրա եւ այն էմոցիաների վրա, որ ստանում եմ նրանցից: Այդ էմոցիաները ինձ տալիս են հավատ, որ մենք հաղթելու ենք ընտրություններում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: