Դեբեդը 60 մետրով խորացել է Հայաստանի տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղավ Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղում, ուր բնակվում են հիմնականում Ադրբեջանի Վարդաշենի եւ Կուտկաշենի շրջաններից 1988թ. բռնագաղթած մեր հայրենակիցները: Նշենք, որ Դեբեդավանը 2016թ. սեպտեմբերից ներառված է խոշորացված Այրում համայնքի կազմում:

Դեբեդավանի դիմաց` Դեբեդի գետի ձախ ափին, Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Կիրովկա գյուղն է: Դեբեդավանի վարչական ղեկավար Վանյա Դամիրչյանի հետ մոտեցանք Դեբեդի ափին` այն տարածքին, որտեղ Դեբեդավանի արհեստական 2 ջրամբարներն են: Վ. Դամիրչյանը, ցույց տալով Դեբեդի ձախ ափին աճած խիտ թփուտները, ասաց, որ այնտեղ վրաց սահմանապահների կողմից տեսախցիկներ կան տեղադրված, որոնք արձանագրում են սահմանի խախտումները: Սահմանի խախտման դեպքում Հայաստանի քաղաքացիներին Վրաստանում բանտարկություն եւ դրամական մեծ տուգանքներ են սպառնում: Դա այն պարագայոմ, որ սահմանի առկայության վերաբերյալ շատ տեղերում ցուցանակ-նախազգուշացումներ չկան, եւ տեղանքին անծանոթը չի կարող կռահել, որ սահմանագոտում է գտնվում:

Դեբեդավանի վարչական ղեկավարն ասաց, որ մի քանի տարի առաջ հայ-վրացական հանդիպում է եղել, որի ժամանակ հայ գիտնականներից մեկը, ցույց տալով քարտեզը, ապացուցել է, որ Դեբեդի հունը փոխվելու հետեւանքով գետը մոտ 60 մետր խորացել է հայկական տարածքում: Այսինքն՝ Հայաստանի տարածքը փոքրացել է: Վաղուց Դեբեդի աջ` հայկական եզրին ափապաշտպան աշխատանքներ չեն կատարվում, իսկ վրացիներն իրենց ափը ամրացնում են: Գարնանային եւ աշնանային հորդ աձրեւներից գոյացած սելավներից գետը վարարում է, ափն ավերելով` քշում-տանում է հողի մեծ զանգված:

Տեղեկացնենք, որ Հայաստանի տարածքը փոքրացել է նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեղձավան գյուղում, ու 50 հեկտար հողատարածք գտնվում է հայ-վրացական սահման հանդիսացող փշալարից այն կողմ: Այդ 50 հեկտարից 45-ը համայնքային նշանակության խոտհարքներ եւ արոտավայրեր են: Մնացած 5 հեկտարը սեփականաշնորհված վարելահող է: Դեղձավանցիները ռիսկ չեն անում փշալարից այն կողմ գտնվող հողերը մշակել, վախենում են բռնվել վրացի սահմանապահների կողմից եւ խոշոր տուգանքների ենթարկվել: Նման իրավիճակը գոյություն ունի 2007 թվականից: Փշալարից այն կողմ գտնվող տարածքները Դեղձավանի ամենաբերրի հողերն են: Ընդհանուր առմամբ, այս խնդրի պատճառով տուժում է 18 դեղձավանցի, չօգտագործվող տարածքների համար գումարներ չեն հավաքագրվում տեղական բյուջե:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս