Այս շաբաթ Միացյալ Թագավորության` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով բանակցությունները հասնելու են թերեւս ամենալուրջ հանգրվանին: ԵՄ-ն լքելու գործընթացը արդեն իսկ դուրս է եկել տրամաբանական ու սահմանված ժամկետների շրջանակից եւ գնալով ավելի անորոշ է դառնում: Հակասություններ կան ոչ միայն երկու կողմերի, այլեւ վերջինների ղեկավարությունների ներսում` ռիսկի ենթարկելով ապահարզանի բնականոն ընթացքը:
Չորեքշաբթի օրը նախատեսվում է երկու կողմերի բարձրագույն ներկայացուցիչների գագաթնաժողովը, որը լրատվամիջոցներն արդեն իսկ որակել են «համաձայնության կամ տապալման» համաժողով: Խնդիրն այն է, որ ԵՄ-ն լքելու գործընթացի ժամկետներն արդեն սպառվում են, եւ դա պետք է տեղի ունենա կա՛մ կոնկրետ պայմանագրով լքող պետության եւ միության միջեւ, կա՛մ առանց պայմանագրի: Եթե առաջինի դեպքում երկու կողմերն էլ հնարավորություն ունեն գործընթացից դուրս գալ առանց մեծ կորուստների ու կանխավ սահմանել ապագայի հարաբերություններն ու խաղի կանոնները, ապա առանց պայմանագրի բաժանվելը պարզապես կարող է աղետալի լինել:
Նախընտրելի է, որ կողմերը կանխավ սահմանեն հարաբերությունների հետագա մակարդակն ու համագործակցության շրջանակները: ԵՄ-ի տեսնակյունից դա բացասական կլինի նախ եվրոպական շուկայի կայունության պահպանման առումով, ապա եւ Իռլանդիայի հարցով, որը պետք է ՄԹ-ի հետ կանոնավոր սահմանագծման ենթարկվի: Ապահարզանի անհարթ ընթացքից, սակայն, ավելի շատ տուժելու է Միացյալ Թագավորությունը, քանի որ զրկվելու է մայրցամաքի հետ առեւտրի հիմնական արտոնություններից ու գործող ռեժիմներից:
Որքան էլ ՄԹ-ի պետական ու քաղաքական վերնախավը հպարտորեն հայտարարի, որ պատրաստ է կրելու հնարավոր զրկանքները, գործնական ասպարեզում դա այնքան էլ միանշանակ չի լինելու: ՄԹ-ի բնակչությունը մաշկի վրա է զգալու ԵՄ-ից դուրս լինելու ամբողջ ծանրությունը թե՛ քաղաքացիական արտոնությունների, թե՛ տնտեսական հետեւանքների տեսանկյունից: Անպատկերացնելի է նաեւ, թե ինչպիսի դրության մեջ կհայտնվեն պետությունն ու նրա քաղաքացիները, եթե ԵՄ-ից դուրս գալուց հետո չլինի կանխավ սահմանված հարաբերությունների մոդել:
Այս առումով ավելի նախընտրելի դրության մեջ է ԵՄ-ի ղեկավարությունը, որն էլ հանդես է գալիս վերջնագրային բնույթի պահանջներով: Այսպես, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը զգուշացրել է, որ ԵՄ-ՄԹ համաձայնության բացակայությունը պարզապես աղետ է լինելու: Իրավիճակի լրջությունը հատկապես նկատվեց նախորդ շաբաթ, երբ ԵՄ-ի կողմից բանակցող պաշտոնյան հրապարակավ ընդունեց, որ կողմերը հիմնական կարեւորագույն հարցերի առնչությամբ դեռ համաձայնություն չունեն:
Ըստ տարբեր աղբյուրների` լրջագույն խնդիրներից մեկը հենց Իռլանդիայի սահմանագծման հարցն է, քանի որ ԵՄ-ն ձգտում է ազատ սահմանագոտի ստեղծել Իռլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի միջեւ, որոնցից առաջինը մնում է ԵՄ-ի կազմում, երկրորդը` Միացյալ Թագավորության: CNN-ը, օրինակ, հայտնում է, որ այս հարցում հստակ պայմանավորվածություն կայացել էր, սակայն վերջին պահին չեղարկվել էր ՄԹ վարչապետ Թերեզա Մեյի կողմից:
Հիմա ԵՄ ղեկավարությունը ստիպված է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել` բրիտանական վերնախավի հնարավոր սաբոտաժին ընդառաջ: Գաղտնիք չէ, իհարկե, որ ԵՄ ղեկավարներն ու միության մեծ պետությունների առաջնորդները խիստ բացասական են գնահատում Բրեքզիթի գործընթացը, ինչի վկայություններից մեկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտնի հայտարարությունն էր, ըստ որի` Բրեքզիթը վաճառվել է բրիտանական քաղաքացիներին մի խումբ ստախոսների կողմից, որոնք փախել են ասպարեզից` պատասխանատվություն չստանձնելով դրա համար: Այդ համատեքստում էլ բնական է, որ
ԵՄ ղեկավարները փորձում են ապահովագրել միության շահերը, ուստի Տուսկը հայտարարեց, որ պետք է պատրաստ լինել վատթարին:
Մեյը համաձայն չէ Հյուսիսային Իռլանդիայում ազատ առեւտրի ռեժիմի պահպանմանը, քանի որ, ըստ նրա, դա ՄԹ-ը կբաժանի առեւտրային գոտիների` լրջագույն քաղաքական ու տնտեսական հետեւանքներ ունենալով: Նա առաջարկում էր ժամկետ սահմանել որպես անցումային շրջափուլ ոչ միայն Հս. Իռլանդիայի, այլեւ ողջ ՄԹ-ի համար, սակայն ԵՄ ղեկավարությունը կտրականապես մերժում է դա: Իսկ Մեյը բավականին անհարմար իրավիճակում է հայտնվել, քանի որ պետության ներսում լուրջ աջակցություն չի ստանում թե՛ ընդդիմության, թե՛ նույնիսկ իր կուսակցության կողմից: Բրիտանական քաղաքական ներկապնակը սկսել է վարչապետին մեղադրել բանակցությունների ձախողման համար` նրա վրա դնելով անձնական պատասխանատվության խնդիրը:
Եվ այստեղ, քաղաքական նպատակահարմարությունից զատ, ճշմարտության հատիկ կա, քանի որ Մեյը սկսեց Բրեքզիթի բանակցությունները` ի սկզբանե որեւէ ռեալ մարտավարություն չունենալով եւ ամսեամիս դրանք ձգձգելով: Նա կա՛մ փորձում էր գործընթացը հասցնել եզրագծին ու փաստի առաջ կանգնեցնելով եվրոպական կողմին` հասնել արագ պայմանավորվածության, կա՛մ ամենասկզբից էլ տրամադրվածություն կար ԵՄ-ն լքել առանց համաձայնագրի, որի ջատագովը, ի դեպ, նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն էր: Այժմ եկել է այդ քաղաքականության համար անձնական պատասխանատվություն կրելու պահը, որը կարող է Մեյի համար անգամ վարչապետական աթոռը արժենալ:
Ն. Հովսեփյան