ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այդ սուտ լուրերի հերքողը դուք եք. Վալերիյ Օսիպյանը` դիրքապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները մեկնում են մարտական հերթապահության: Ժամեր անց նրանք կլինեն պետական սահմանի դիրքերում:

Ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Դիրքեր մեկնելուց առաջ ոստիկաններն աղոթեցին ու երդվեցին անձվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը:
Դիրքապահների համար անակնկալ էր պատրաստել ոստիկանության մշակույթի կենտրոնի «Նկարագիր» պարային համույթը:
Հաջորդ օրը դիրքերից վերադարձավ ոստիկանության զորքերի մյուս ստորաբաժանումը:

Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնելով ծառայության համար՝ նշեց, որ վերջերս որոշ զանգվածային լրատվության միջոցներ կեղծ տեղեկություններ էին տարածում, թե, իբր, ոստիկանները չեն ցանկանում մեկնել առաջնագիծ: «Այդ սուտ լուրերի հերքողը դուք եք՝ պետական սահմանին ձեր դժվարին ու անձնվիրաբար ծառայությամբ»,- նշեց Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանության պետի հրամանով ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին կրծքանշաններով ու պատվոգրերով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն, ինչը կկցվի նրանց անձնական գործերին:
Կարճատև արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը, ինչից հետո կրկին կմեկնեն արդեն հարազատ դիրքեր:




Լրահոս