Aravot.am-ը գրում է.
Գյումրու«Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակների 18-ամյա մայրը՝ Մ․Մ․-ն, երեկ Գյումրիում նոտարական վավերացմամբ հրաժարվել է երեխաներից։ Սակայն դա արել է սրտի կսկիծով, ողբալով։ Հրաժարվելու պատճառը եղել է իր ծայրահեղ անօգնական վիճակը։
Նա հայտարարել է, որ ավելի բարոյական կգտնվի, եթե նրանց մանկատուն հանձնի, քան իր մոտ պահի ու սովամահ անի։ Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանին էլ խնդրել իրեն տանել մանկատուն՝ երեխաներին հրաժեշտ տալու։
«Մայրը նույն ճակատագիրն է ունեցել, միայնակ մայր է, դժվարություններով է մեծացրել իր երեխաներին։ Վերարտադրվող, կրկնվող իրականություն է սա, ինքն այդ օրինակն ունի ու չէր ուզում, որ իր տղաներն էլ ունենային այդ օրինակը։ Երեխաների մորը քննադատելը, մեղադրելը, կարծում եմ սխալ է, որովհետև ինքը գոնե կյանք է տվել երեխաներին, և նա դա համարում էր իր հաղթանակը, որովհետև կողքից իրեն շատ էին քարկոծել։ Հղիության ընթացքում նրան շատ են համոզել ազատվել երեխաներից, բայց նա ասում էր, ես երբեք նման քայլի չէի դիմի, ես հո մարդասպան չեմ։ Հետծննդաբերական դժվարություններ է ունել, ոչ մեկը ոչ մի հարցում չի օգնել իրեն։ Որ ասում են մերժվածը, նա էր, մերժված էր բոլորի կողմից։
Ինձ խնդրում էր, թե մի հատ նորից տեսնեմ երեխաներիս։ Պատմեց, որ երեխաներին Գյումրի բերելուց հետո գիշերները լացել է, տառապել»,- ասաց Լիլիթ Գորգինյանը։ Արարատի մարզի այն գյուղում, որտեղ բնակվել է աղջիկը, նրան անընդհատ քարկոծել են։ Գյուղի բնակիչների քննադատությունները ստիպել են նրան տեղափոխվել Երևան բնակության։ Գյուղում չգիտեն, որ նա հղիացել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: