Վախենում են, թող գնան տուն. պատգամավորը` ՀՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն, սակայն այս պահին խորհրդարանում դեռեւս մեծամասնություն համարվող «Հանրապետական կուսակցությունը» վերջնականապես չի որոշել` մասնակցելու են ընտրություններին, թե ոչ: Ընդ որում, այս հարցում կուսակցության ներսում տեսակետները տարբեր են, եւ նրանք թեւերի են բաժանվել: Մի թեւը ամբողջապես կողմ է արտահերթ ընտրություններին մասնակցելուն` թեկուզ եւ քիչ ձայներ ստանալու գնով, իսկ մյուս թեւն էլ կտրականապես դեմ է: Սակայն ինչպես նշեցինք, վերջնական որոշում առկա չէ:

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Հարությունյանի հետ, ով եւս ընտրություններին մասնակցելու կողմնակիցներից էր: Նա երեկ մասնակցում էր նաեւ ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստին:

-Պարո՛ն Հարությունյան, կարճ ժամանակ է մնացել այս խորհրդարանի գործունեությանը: Հանձաժողովը կարճ ժամանակում ի՞նչ է հասցնելու անել:

-Անխոս, ինչ-որ աշխատանքներ անել կհասցնենք: Բայց, բնականաբար, ամբողջ ծավալով` ոչ:

-Այսինքն, ուշացա՞ծ եք համարում այս հանձնաժողովի ստեղծումը:

-Հարցին կարելի է երկու կողմից նայել. միգուցե Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են վաղաժամ:

-Իսկ ի՞նչ հնարավորություններ եք տեսնում հանձնաժողովի աշխատանքի:

-Նման հանձնաժողովի կարիք միանշանակ կա: Կարող ենք նաեւ ընդգծել այն փաստը, որ հինգ այդպիսի հանձնաժողով է ստեղծվել տարբեր գերատեսչություններում: Այսինքն` «нету дыма без огня»:

-Դուք խոսեցիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Իսկապես այն վաղաժամ եք համարո՞ւմ:

-Իրականում մտածում եմ, որ արտահերթ ընտրությունները վաղաժամ են: Բայց միեւնույն ժամանակ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են:

-Իսկ դուք ո՞ր տեսակետի կողմնակից եք, պե՞տք է մասնակցել ընտրություններին, թե՞ ոչ:

-Ես կիսում եմ այն տեսակետը, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին: Քաղաքական ուժ է եւ, ի վերջո, պետք է ստանա իր գնահատականը, թեկուզ եթե այդ գնահատականն անբավարար է, դրանից պետք չէ խուսափել, պետք է օբյեկտիվ գնահատել ամեն ինչ:

-Միգուցե հենց շատ ցածր ձայներ ստանալու վա՞խն է ձեր կուսակիցներին հետ պահում ընտրություններին մասնակցելուց:

-Վախենում են` թող տուն գնան: Միանշանակ պետք է մասնակցել: Եթե նպատակահարմար լինի իմ մասնակցությունը, միգուցե ես էլ մասնակցեմ: Բայց խնդիրը կայանում է նրանում, որ ցանկացած քաղաքական ուժ, որն իրեն այդպիսին է համարում, չպետք է նեղանա, թողնի, գնա տուն: Չմասնակցի որպես ի՞նչ: Հակառակը, պետք է մասնակցի եւ ստանա իր գնահատականը, եթե անգամ այդ գնահատականն անբավարար է:

-Իսկ Դուք Ընտրական օրենսգիրքն ուսումնասիրե՞լ եք: Ո՞ր օրենսգրքով ընտրություններին գնալու կողմնակիցն եք:

-Ծանոթ եմ առաջարկվող փոփոխություններին: Իմ կարծիքով` ըստ էության, կառավարության համար տարբերություն չկա` նորո , թե գործողով, եւ իմ կարծիքով էլ` էական տարբերություն չկա` գործող, թե նորով: Իմ կարծիքով կառավարության համար տարբերություն չկա, եւ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այնքան բարձր է, որ խնդիր առկա չէ: Եվ դրանով է հիմնավորված իմ այն տեսակետը, որ այս պահին ընտրությունների գնալը ճիշտ չէ, քանի որ գնալու են եւ ընտրեն ոչ թե քաղաքական ուժի, այլ քաղաքական գործչի:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս