
Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը տեւական ժամանակ է` կանգ էր առել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Կենտրոնի քննչականից այս գործը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ, կարեւորագույն գործերի քննչական վարչություն:
Հիշեցնենք՝ վերոնշյալ օրը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը տեղափոխել էին Երեւանի քաղաքապետարան: Մասնավորապես, ԵԾ կին անդամները կոյուղաջրով լի տարայով փորձել էին մոտենալ Տարոն Մարգարյանին, սակայն ՀՀԿ ավագանու անդամները ամեն կերպ կանխեցին: Արդյունքում փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ` խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով: Անցել է 8 ամիս, սակայն մինչ օրս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: