ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին աշխատանքային այցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարևորելով գիտելիքահեն գյուղատնտեսությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 19-ին առաջին աշխատանքային այցը կատարեց Ի-Վի-Էն գինու ակադեմիա, այնուհետև` Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ:

Աշխարհի լավագույն համալսարաններից մեկի՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի ընկերակցությամբ և մոդելով հիմնադրված կրթական այս հաստատությունը ոչ միայն պատրաստում է գինեգործության ոլորտի որակյալ կադրեր, այլև ձեռնամուխ լինում նրանց աշխատանքի ապահովմամբ գինու արտադրության ամբողջ արժեշղթայում։

Գեղամ Գևորգյանը եղավ միջազգային ժամանակակից ստանդարտներին համապատասխանող լաբորատորիայում, որտեղ իրականացվում են ուսումնական, գիտական աշխատանքներ, ինչպես նաև օգնություն է տրամադրվում այն գինեգործական ձեռնարկություններին, որոնք չունեն սեփական լաբորատորիաներ։ Ակադեմիայի` գինու համտեսի սրահում Գեղամ Գևորգյանը մասնակցեց համտեսի գործնական դասին՝ ուսանողների հետ համտեսելով գինի, փորձելով գնահատել որակը: Նա նաև զրուցեց ուսանողների հետ, ծանոթացավ նրանց խնդիրերին, ներկայացրեց իր այցելության նպատակը։

Նախարարի պաշտոնակատարի հետ զրույցում ուսանողները կարևորեցին արտադրական պրակտիկաների արդիականացումը: ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը տեղեկացրեց, որ այս ուղղությամբ Ագրարային համալսարանը լուրջ քայլեր է ձեռնարկում՝ կիրառելով միջազգային փորձը. առաջիկայում ՀԱԱՀ-ը նախատեսում է ունենալ արտադրական կիսամյակներ, որոնց ընթացքում ուսանողները տեսական գիտելիքները կամրապնդեն ագրարային արտադրությունում ունեցած պրակտիկաների միջոցով:

Սա իմ առաջին այցն էր այս ուսումնական կենտրոն, այցը տպավորիչ էր թե՛ հաստատության հագեցվածության առումով, թե՛ ուսանողների պատրաստվածությամբ: Ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով փորձեցինք հասկանալ՝ ուսանողներն իրապե՞ս հասկանում և պատկերացնում են, թե ինչ է կատարվում ներկայումս ոլորտում ու միջազգային շուկայում։ Պետք է փաստեմ, որ, այո՛, նրանք ամեն ինչ ճիշտ են պատկերացնում ու հասկանում, այսինքն՝ մենք ճիշտ ուղու վրա ենք,- նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

Նա ակադեմիայում ներկայացրեց ոլորտի հետագա զարգացման հետ կապված իր պատկերացումները՝ ընդգծելով, որ առաջին հերթին պետք է ունենալ նոր խաղողի այգիներ, համապատասխան սորտեր, նոր մոտեցումներ, որոնց շնորհիվ կարող ենք միջազգային շուկային ներկայացնել նոր ու հետաքրքիր գինիներ:

Այսօր խաղողագործությունը, գինեգործությունը մեծ տեմպերով զարգանում են, դա շատ հետաքրքիր ոլորտ է։ Կառավարության անցած նիստում վարչապետը հստակ դիրքորոշում հայտնեց, որ մենք ունենք մեծ ներուժ: Հիմա մենք այդ ներուժը զարգացնում ենք: Առաջին հերթին պետք է կարողանանք խաղողի համապատասխան սորտերով ապահովել ոլորտը, որոնք էլ կարող են դառնալ լավորակ արտադրանք՝ գինու, կոնյակի տեսքով, որը կկարողանանք ներկայացնել աշխարհին: Իմ առաջին աշխատանքային այցը ես կատարեցի կրթական հաստատություն, որովհետև մեր ապագան ու ներուժը մարդկային ռեսուրսներն են, և դա պետք է օգտագործենք: Մենք պետք է ունենանք որակյալ ապրանք, որը կկարողանանք աշխարհին ներկայացնել, իսկ այդտեղ կարևոր են, առաջին հերթին, մասնագետները: Ինչպես տեսանք, մենք ունենք այդ ներուժը, հիմա կարող ենք վստահաբար գնալ առաջ ու հիմնել նոր խաղողի այգիներ, որովհետև այսօր աճող տեմպերով զարգացող գինու ծավալների համար մենք վաղը պետք է անհրաժեշտ հումք ունենանք: Մենք այս տարի, անցյալ տարվա համեմատ, արդեն ունենք շուրջ 2 միլիոն լիտր ավելի արտահանում, ունենք մեծ ներուժ ներքին շուկայում, նկատելի է, որ տարեցտարի կրճատվում են ներմուծման ծավալները և փոխարինվում են տեղական գինիներով, և անընդհատ նոր շուկաներ ենք հայտնաբերում, որտեղ հետաքրքրված են հայկական գինիներով: Այսինքն՝ բրենդավորման ու մարքեթինգի շնորհիվ գտնում ենք նոր շուկաներ, մնում է ապահովել այդ շուկաների պահանջարկին համահունչ ապրանք,- նշեց Գեղամ Գևորգյանը:

Նախարարի պաշտոնակատարի աշխատանքային հաջորդ կանգառը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն էր: Նախարարը ծանոթացավ հիմնադրամի աշխատակիցների հետ և նշեց, որ հատկապես այս կառույցի ամենօրյա ու տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանում գինեգործության ոլորտը բուռն զարգացում է ապրում, արտադրության ու արտահանման ծավալների լուրջ աճեր են գրանցվում և, շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, մի շարք հանձնարարականներ տվեց: Մասնավորապես՝ նախարարի պաշտոնակատարը հանձնարարեց բոլոր ծրագրերի իրականացման ժամանակ սերտորեն համագործակցել պետական այլ կառույցների ու կազմակերպությունների հետ։ Այս առումով Գեղամ Գևորգյանը շեշտեց, որ աշխատանքը կգնահատվի հենց այդ՝ համատեղ աշխատանքի արդյունքներով. կա վերջնարդյունք, ուրեմն բոլորի աշխատանքի գնահատականը կլինի դրական, չկա արդյունք՝ ուրեմն բացասական:

Հիմա դուք խրախուսում եք գինու արտադրությունը, ունենք մասնագիտական լուրջ ներուժ, նախարարությունն էլ կփորձի անել առավելագույնը, որպեսզի ավելանան խաղողի այգիները և մեր այն խաղողի սորտերը, որոնք շուկայում մեծ պահանջարկ են վայելում. այստեղ բոլորը կշահեն՝ կունենանք թե՛ հողերի օգտագործում, թե՛ բարձրարժեք մշակաբույսեր։ Նախարարությունը ներդնում է ապահովագրության համակարգ, կօժանդակի մարքեթինգի հարցերում՝ հայկական գինին դարձնելով բրենդ, ինչպիսին է այսօր կոնյակը: Աշխարհը կճանաչի մեր գինին, ես տեսնում եմ այդ ներուժը, այդ հնարավորությունն ու այդ կամքը: Եվ հավատացած եմ, որ հենց այդպես էլ կլինի,- ընդգծեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն, իր հերթին, ներկայացրեց, որ այսօր հիմնադրամը շատ ակտիվ ծրագրեր է իրականացնում հայկական արտադրության գինիների ճանաչելիության բարձրացման, տարբեր միջազգային շուկաներում հայկական գինիների ներկայացվածության ավելացման ուղղությամբ։ Նա տեղեկացրեց, որ հիմնադրամը շատ ակտիվ մասնակցում է տարբեր միջազգային ցուցահանդեսների, հրավիրում միջազգային փորձագետների, որոնց օգնությամբ տարածվում է հայկական գինիների համբավը:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը բավականին մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում և՛ որակի բարձրացման, և՛ խաղողագործության զարգացման, և’ հայկական գինիների առաջմղման ուղղությամբ: Բավականին ոգևորված ենք և ուրախ մեր գրանցած հաջողություների համար։ Ե’վ վարչապետի, ե’ւ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի նշած բոլոր ուղղություններով մենք արդեն իսկ մշակել ենք համապատասխան ծրագրեր, այդ առումով ևս շատ ոգևորված ենք, որ շուտով այդ բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն: Մենք ունենք մշակված նաև խաղողագործության և գինեգործության զարգացման ռազմավարություն և մասնակցելու ենք գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը մշակելու գործընթացին։ Հուսամ, որ, այս ներուժը համախմբելով, մենք շատ լավ արդյունքների կհասնենք՝ ավելի որակյալ գինի արտադրելով և արտահանելով միջազգային շուկա,- նշեց Զարուհի Մուրադյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս