ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթանակած թեկնածու Սևակ Միքայելյանը դիմել է հրազդանցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում երեկ տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Հրազդանում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթել է Սևակ Միքայելյանը։ Սևակ Միքայելյանը հավաքել է 10677 ձայն, նրա մրցակիցը` Լևոն Ստեփանյանը, 4814 ձայն։

Հաղթանակած թեկնածուն դիմել է հրազդանցիներին` շնորհակալություն հայտնելով մասնակցության և իրեն վստահելու համար: Նա իր խոսքում, մասնավորապես, գրել է.

«Ես խոնարհաբար շնորհակալ եմ Հրազդանի ընտրողներին` իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար: Խոստանում եմ, որ պաշտոնն ինձ երբեք չի փոխելու` մնալու եմ այնպիսին, ինչպիսին կամ: Ես լինելու եմ ձեզանից մեկը Հրազդանի քաղաքապետարանում:

Իմ առաջին խնդիրն է լինելու քաղաքապետարան-հասարակություն կապը վերականգնելն ու ամրապնդելը, Հրազդանը բարեկարգելն ու հարմարավետ դարձնելը։

Նաև իմ թիմի և ընտանիքիս անունից եմ շնորհակալություն հայտնում ինձ կողմ և դեմ քվեարկողներին, ինչպես նաև ոչ միտումնավոր քվեաթերթիկներն անվավեր դարձրած քաղաքացիներին։ Սիրում եմ բոլորիդ։

Սիրելի′ հրազդանցիներ, մենք այնպիսի միջավայր պետք է ստեղծենք մեր քաղաքում, որպեսզի այս ընտրություններին մասնակցություն չունեցած անձինք հաջորդ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունենան։

Մինչև պաշտոնական լիազորություններիս ստանձնումը, մեր թիմակիցներով կհասցնենք շրջել քաղաքի բոլոր թաղամասերով, ու ես անձամբ կհայտնեմ իմ շնորհակալությունը։ Դո′ւք եք ինձ հնարավորություն տվել կառուցելու մեր քաղաքը։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է. չկա վանատուրցի, կոճոռցի, ջրառատցի։ Բոլորս հրազդանցի ենք և միասին պետք է շենացնենք մեր քաղաքը։

Շարունակեք ժպտալ, ժողովո′ւրդ ջան»:




Լրահոս