ԱՆԱՌԱՐԿԵԼԻ, ԲԱՅՑ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ՀԱՂԹԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներն իսկապես անսպասելի էին: Որ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը լինելու էր առաջատար, որեւէ մեկը չէր կասկածում, սակայն հազիվ թե որեւէ մեկը հավատար, որ այն կստանա ավելի քան 81 տոկոս քվե: Ճիշտ այնպես, ինչպես տարեսկզբին որեւէ մեկը չէր հավատում, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի թավշյա հեղափոխություն իրականացնել՝ պարտադրելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ ու ՀՀԿ-ին հեռացնելով իշխանությունից:
«Իմ քայլը» դաշինքն իր ձայները ստացավ բացարձակ ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում. սեպտեմբերի 23-ի ընտրություններն անցան առանց միջադեպերի, առանց ընտրակեղծիքների, առանց ընտրակաշառքի, առանց վարչական ռեսուրսի կիրառման: Եւ ընտրություններից հետո մասնակից բոլոր ուժերն անխտիր ընդունեցին արդյունքները, որեւէ մեկը չփորձեց բողոքարկել որեւէ տեղամասի արդյունք: Ու սեպտեմբերի 23-ի ընրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին՝ Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների համար պետք էր միայն իշխանությունների քաղաքական կամքը:
Իհարկե, պետք է արձանագրենք, որ 81 տոկոս քվեն «Իմ քայլը» ստացավ Նիկոլ Փաշինյանի ու թավշյա հեղափոխության շնորհիվ: Այսինքն՝ դրանք ոչ թե «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի, այլ Նիկոլ Փաշինյանի քվեներն էին. ժողովուրդն այսպես իր աջակցությունը հայտնեց Փաշինյանի իշխանությանը` միաժամանակ տալով խորհրդարանը ցրելու եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու քարտ բլանշ: Բայց եւ Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետ դառնալուց հետո պետք է խնամքով մոտենա իրենց հաղթանակին, պետք է աշխատել ուժերի գերլարումով չհիասթափեցնելու մարդկանց, որովհետեւ իրենք ստացել են գերակշիռ մեծամասնության վստահության քվեն: Միաժամանակ, նա չպետք է կրկնի նախորդի սխալերը: Նա նաեւ չպետք է կրկնի նոր իշխանության վրիպակները` չկտրի ինստիտուցիոնալ հիշողության թելը, այսինքն՝ չպետք է իրականացնի կադրային ջարդ, այլ թավշյա սերնդափոխության ճանապարհով ընթանա:
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակից ուժերին, ապա նրանցից յուրաքանչյուրը հետեւություններ պետք է անի՝ ի վերջո, որքա՞ն քվե ստացան իրենք ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում առանց իշխանության «դաբրոյի», առանց ընտրակաշառքի, առանց վարչական ռեսուրս կիրառելու: Եւ որոշ քաղաքական ուժեր ճիշտ կանեն` մտածեն՝ արդյոք իմաստ ունի իրենց գոյությունը քաղաքական ասպարեզում, եթե արդար ընտրություններում սարսափելի քիչ ձայն են ստանում:

 

 

Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ եղան կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտման. հիշում եք՝ եղան աղմկահարույց ձերբակալություններ ու կալանավորումներ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյան, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյան, «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյան եւ այսպես շարունակ: Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանին ու նրա զավակներին մեղադրանք առաջադրվեց, նաեւ մյուս եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց, մյուսը հետախուզման մեջ է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այսքանից հետո կալանքի տակ շարունակում է մնալ միայն գեներալ Մանվել Գրիգորյանը, իսկ ահա մյուս կալանավորվածները կամ ձերբակալվածներն ազատ են արձակվել, փոխվել է նրանց խափանման միջոցը: ՈՒ հետաքրքիրն այն է, որ երեք-չորս ամիս անց դեռեւս որեւէ քրեական գործի նախաքննություն չի ավարտվել, այն դատարան չի ուղարկվել: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:

 

 

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, երբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 81 տոկոս քվե, ստիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոսել ԱԺ-ն ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ինչպես հայտնի է, նա ԱՄՆ այցի ժամանակ ասել է` Երեւան վերադառնալուն պես բանակցությունների կհրավիրի բոլոր խորհրդարանական ուժերին, այդ թվում՝ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին նրանց հետ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը եւ պայմանները: ՀՀԿ-ականներն, իհարկե, կփորձեն դիմադրել, նույնիսկ երեկ այդ մասին որոշակի ակնարկներ էին հնչեցնում, սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, չի բացառվում, որ առաջիկայում, երբ Փաշինյանը ձեռնամուխ լինի արտահերթ ընտրությունների անցկացման, այդ քայլին գնա հասարակական ճնշման ներքո: Մասնավորապես, հավանական է, որ բանը հասնի ԱԺ-ն մեկ-երկու շաբաթով շրջափակելուն եւ այդպես խորհրդարանի վրա հասարակական ճնշում գործադրելուն: Ի դեպ, այս պրակտիկան եղել է նաեւ Ղարաբաղյան շարժման օրերին, հատկապես 89-90 թվականներին, երբ մարդիկ օրերով շրջափակում էին Գերագույն խորհրդի շենքը` ստիպելով քննարկել համապատասխան հարցեր:

 

 

 

Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար եւ ինքնակառավարվող լինելու հրամայականի մասին խոսեց ե՛ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Բայց արի ու տես, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված: Ավելին` նախարար Հարությունյանը բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր կուսակիցներով՝ ՔՊ-ականներով: Մշակույթի ՔՊ-ական նախարար Լիլիթ Մակունցը դառնալու է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհուրդի նախագահ՝ Հասմիկ Պողոսյանի փոխարեն, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին հնարավոր է փոխարինի առողջապահության ներկայիս դարձյալ ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը, եւ այսպես շարունակ: Ամենայն հավանականությամբ, նախարարն այսպես է վարվում` գիտակցելով, որ կարող է ինքը կարճ ժամանակ պաշտոնավարի, եւ ուզում է դրանից հետո դառնալ ԵՊՀ ռեկտոր: Ուստի Հարությունյանը փորձում է կամաց-կամաց իր համար ճանապարհ հարթել դեպի ԵՊՀ: Ցավոք, այս ամենն անում է նախկին իշխանությունների գործելաոճով:

 

 

 

ԳԱԶԻ ԽՆԴԻՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է ՀՀ-ում բնական գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչներն ու գործոնները: Սա վաղուց սպասված, նույնիսկ ուշացած որոշում էր: Ինչպես հիշում եք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հունիսին` ՌԴ այցի ժամանակ, հայտարարել էր, թե հասկանում է, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց ՀՀ-ն «առավել բացառիկ» սակագին է ուզում: Նա նաեւ պնդել էր, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ գազի սակագինը ավելի շատ ներհայաստանյան խնդիր է, քանի որ սահմանին Հայաստանը գազը ստանում է ցածր սակագնով, սակայն մինչ սպառողներին հասնելը երկրի ներսում այն թանկանում է գրեթե կրկնակի անգամ:
Հայաստանի գազամատակարարման թեմային անդրադարձ եղել էր նաեւ սեպտեմբերին` Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ նրանք պայմանավորվել էին համատեղ աշխատել գազի եւ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը բարձրացնելու ուղղությամբ: Փաշինյանը նույնիսկ շեշտել էր. ««Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերությունից գազը գնում է «Գազպրոմ Արմենիա» դուստր ընկերությունը, բայց մինչեւ այն հասնում է սպառողին, գինն աճում է երկու անգամ: Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու է այդպես տեղի ունենում եւ գործընթացն ինչպես ավելի արդյունավետ դարձնել: Նախագահ Պուտինի հետ պայմանավորվեցինք համատեղ աշխատել այդ ուղղությամբ»:
Այնպես որ ակնհայտ է` Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը համաձայնեցված է ՌԴ իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակով: Եւ ենթադրվում է, որ որոշակի ժամանակ հետո իրոք գազի սակագինը կնվազի: Պարզապես պետք է հասկանալ, թե ինչպես կարելի է հասնել այդ նպատակին:
ՈՒ մինչ այդ աշխատանքային խումբը կսկսի գործունեություն ծավալել, նկատենք` այս տարիներին փորձագիտական մակարդակներում շատ է խոսվել գազի չհիմնավորված բարձր սակագնի մասին: Այս տարիներին եղել են բազմաթիվ ուսումնասիրություններ ու վերլուծություններ: Անգամ, եթե հիշում եք, նախորդ գումարման խորհրդարանում գազի գներն ուսումնասիրելու համար ձեւավորվել էր ժամանակավոր հանձնաժողով: Ճիշտ է, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի ղեկավարած հաձնաժողովը վստահության դեֆիցիտ ուներ, դրա պատճառով էլ հանձնաժողովի զեկույցը լուրջ չքննարկվեց, բայց, արի ու տես, որ այնտեղ կային նաեւ էական բացահայտումներ՝ նույն «Գազպրոմ-Արմենիա» ընկերության չհիմնավորված ծախսերի, ներդրումների անվան տակ իրականացված միջոցառումների, գազի կորուստների մասին եւ այսպես շարունակ:




Լրահոս