ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն արդեն անցյալում են: Եվ քանի որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրություններում մասնակցությունը չի գերազանցել 50 տոկոսի շեմը, ինչը ներկայիս իշխանությունների ընդդիմախոսներին հիմք է տալիս հայտարարելու, թե նշանակում է` այդքան մարդ դեմ է իշխանություններին: Իրականում թվերն այլ բանի մասին են խոսում:

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին 848 հազար 343 ընտրողից մասնակցել է 370 հազար 365-ը, որը կազմում է ընդրողների 43 տոկոսը: Բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն էր, որ ստացել է 294 հազար 109 ձայն կամ ընտրությունների մասնակիցների 81 տոկոսից ավելին: Ընտրություններին մեծ փորձ ունեցող եւ այսօր ԱԺ-ում ներկայացված կուսակցություններից ԲՀԿ-ն ստացել է 25 219 ձայն կամ 6.9 տոկոս, ՀՅԴ-ն` 5882 ձայն: Ընդ որում, ՀՅԴ-ն այս անգամ էլ չհաղթահարեց ավագանու անցողիկ շեմը: Փոխարենը ավագանու կազմում անցել է «Լույս» դաշինքը, որ ստացել էր 5 տոկոս:
Մինչ այդ փորձել ենք պարզել, թե ինչպես են անցել Երեւանի ավագանու նախորդ ընտրությունները:
Համամասնական ընտրակարգով Երեւանի ավագանու առաջին ընտրությունները եղել են 2009 թվականին, որին մասնակցում էր 7 ուժ, այդ թվում` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Այդ տարի ընտրողների թիվը կազմում էր 790 հազար, իսկ ընտրություններին մասնակցել էր 404 հազար 634 ընտրող՝ 52.45 տոկոսը:
ՀՀԿ-ն, որի թեկնածուն Գագիկ Բեգլարյանն էր, ստացել էր 186 հազար 630 ձայն, կամ 47.43 տոկոս: Երկրորդ տեղում ԲՀԿ-ն էր` 89 131 ընտրող կամ 22.65 տոկոս: Ավագանու կազմում անցել էր նաեւ ՀԱԿ-ը, որ 69 հազար 140 ձայն կամ 17.5 տոկոս: Մյուս ուժերը, այդ թվում՝ խորհրդարանական կուսակցությունները, չէին անցել ավագանի. ՕԵԿ-ը ստացել էր 20 հազար 106 ձայն կամ 5.11 տոկոս, իսկ ՀՅԴ-ն էլ` 18.094 ձայն կամ 4.60 տոկոս: Այսինքն` առաջին անգամ ընտրության ժամանակ ՀՀԿ-ն չի հավաքել նույնիսկ 50+1 ձայն: Այդ ժամանակ ավագանու անդամներ էին դարձել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը:
Ավագանու հաջորդ ընտրություններն անցկացվեցին 2013 թվականին, որին եւս 7 ուժ էր մասնակցում: Այդ տարի ընտրողների թիվը աճել էր` 790 հազարից դառնալով 816 հազար 494 ընտրող: Ընտրություններին էլ մասնակցել էր 437 հազար 079 ընտրող կամ 53.53 տոկոսը: Այդ տարի ՀՀԿ-ն ստացել էր 235 հազար 515 ձայն, այսինքն` ընտրողների 55.90 տոկոսը: ԲՀԿ-ն հավաքել էր 97 հազար 166 ձայն, այսինքն` 23.06 տոկոս: Այդ տարի էլ, բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, ավագանու անդամ էր դարձել նաեւ «Բարեւ Երեւան» դաշինքը` հավաքելով 35 հազար 721 ձայն` 8.48 տոկոս: ՀՅԴ-ն հավաքել էր 15 հազար 997 ձայն, 3.80 տոկոս, ՕԵԿ-ն էլ 15 հազար 732 ձայն, այսինքն` 3.73 տոկոս ձայն:
Երեւանի ավագանու հաջորդ ընտրությունները տեղի ունեցան 2017 թվականին: Այս անգամ ընտրությունների մասնակցությունը շատ ցածր էր, եւ մասնակցում էր միայն երեք ուժ, որոնք էլ այնուհետեւ դարձան ավագանու անդամներ: 816 հազար 494 ընտրողի փոխարեն 2017 թվականին այդ թիվը կազմում էր 842 հազար 151 ընտրող, որից մասնակցել են միայն 345 հազար 158-ը՝ 40.9 տոկոսը, այսինքն` մոտ 100 հազար ընտրողով քիչ, քան 2013 թվականին էր: ՀՀԿ-ն ստացել էր 240 հազար 34 քվե` 71.25 տոկոս, «Ելք» դաշինքը` 70.730 (21 տոկոս) եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` 26.107 ընտրող, այսինքն` 7.75 տոկոս ձայն:
Թավշյա հեղափոխությունից հետո 816 հազար 494 ընտրողի փոխարեն այդ թիվը կազմում էր 848 հազար 343 ընտրող, իսկ մասնակիցների թիվն էլ` 345 հազար 158-ից դարձել է 370 հազար 365, այսինքն ընտրողների թիվը միայն անցյալ տարվա համեմատ ավելացել էր 25 հազարով եւ ավելացել էր նաեւ ընտրողների ընդհանուր թիվը: Պետք է շեշտենք փաստը, որ ընտրացուցակում առկա ընտրողների մի զգալի մասն այսօր Հայաստանում չէ, բայց քանի որ նրանք շարունակում են մնալ ՀՀ քաղաքացի, բնականաբար, պահպանում են իրենց իրավունքները, այդ թվում՝ ընդգրկված են ընտրացուցակներում: Ու եթե ընտրողների ընդհանուր թվից հանենք ՀՀ-ից բացակայողների քանակը, ապա միգուցե պարզվի՝ ընտրություններին մասնակցել են Երեւանի առկա բնակչության 60-65 տոկոսը, միգուցե ավելի շատ: ՈՒ սա հենց քաղաքականապես ակտիվ հատվածն է, որ մասնակցում է քաղաքական պրոցեսներին, ընտրություններին: Ուստի, հատկապես ՀՀԿ-ականների հայտարարությունները, թե ընտրություններին քիչ մարդ է մասնակցել, մեղմ ասած, հեռու է իրականությունից:
Այս կիրակի տեղի ունեցած ընտրություններից մեկ հետեւություն եւս. նախորդ ընտրությունների ամփոփ տվյալները ցույց տվեց նաեւ` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի վարկանիշը տարեց տարի նվազել է: Եթե 2013 թվականին ԲՀԿ-ն հավաքել էր 97 166 ձայն, այսինքն` 23.06 տոկոս, ապա սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ այս ուժը ստացել է 25.219 ձայն, այսինքն` 6.95 տոկոս ձայն: Եվ փաստորեն 5 տարի անց այս կուսակցության վարկանիշը կտրուկ անկում է ապրել: Նույնը նաեւ ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի դեպքում է: Եթե 2009 թվականին ՕԵԿ-ը ստացել էր 20 106 ձայն, իսկ ՀՅԴ-ն էլ` 18.094 ձայն եւ 2013 թվականին ՀՅԴ-ն հավաքել էր 15.997 ձայն, 3.80 տոկոս, ՕԵԿ-ն էլ 15.732 ձայն, ապա այս տարի նրանց արդյունքները շատ քիչ են եղել: Մասնավորապես, ՕԵԿ-ը` 3948 ձայն, ՀՅԴ-ն էլ` 5882 ձայն: Այս կուսակցությունների անկումը եւս ակնհայտ է: Հատկանշական է, որ նախորդ ընտրություններում անարգել ընտրակաշառք է բաժանվել, գործի են դրվել վարչական ռեսուրսները: Այս անգամ նման բան չկար, եւ սեպտեմբերի 23-ի ընտրություններին մասնակից բոլոր ուժերն ընդունել են արդյունքները` շեշտելով, որ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ: Ու փաստորեն, ստացվում է՝ իրական ընտրությունների պայմաններում առանց կողմնակի ազդեցության (առանց ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման) երբեմնի ուժեղ թվացող կուսակցությունները շատ-շատ քիչ ձայն ունեն:
Եվ մեկ բան եւս. նախորդ ընտրություններին մասնակցում էր միայն երեք ուժ, եւ քաղաքացիները նաեւ այլընտրանք չունեին, իսկ այս ընտրություններին մասնակցում էր 12 ուժ, եւ ընտրության հնարավորությունը լայն էր: Սակայն հենց այս պայմաններում է «Իմ քայլը» դաշինքը ստանում աննախադեպ 81 տոկոս ձայն: Վերջում արձանագրենք, որ Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել քվեարկողների ավելի մեծ թվով, քան մյուս բոլոր քաղաքապետերը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԿԻՆԸ` Ե՛Վ ՄՐՑՈՒՅԹ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ, Ե՛Վ ՀԱՂԹՈՂ
ՀՀ Արմավիրի մարզպետարանը Նոր Արմավիրի համայնքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքում բավական լուրջ խախտումներ է հայտնաբերել:
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 26-ի աճուրդ վաճառքով գյուղատնտեսական նշանակության հողատեսքը գնվել է աճուրդի կազմակերպչի դստեր կողմից: Ըստ մարզպետարանի` այս դեպքում չի պահպանվել ՀՀ սակարկությունների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները եւ ՀՀ հողային օրենսգրքի 68 հոդվածի պահանջները: Իսկ հայտերի գրանցամատյանը աճուրդից 3 օր առաջ չի փակվել եւ վավերացվել աճուրդի կազմակերպչի կողմից:
Բացի այս, Նոր Արմավիրում 2016 թվականի նոյեմբերի 14-ին կայացել է կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ` 0,4116 հա եւ 0.4577 ջրային տարածքների վրա: Իսկ մրցույթում հաղթող է ճանաչվել Հերմինե Մխիթարյանը, ով մրցույթի կազմակերպչի` համայնքի ղեկավարի կինն է:
Նոր Արմավիրի գյուղապետը, համայնքի ավագանու 2016 մարտի 25-ի թիվ 2 նիստի թիվ 2 որոշումը հիմք ընդունելով, սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն է տրամադրել իր որոշմամբ այն դեպքում, երբ համայնքի ղեկավարի ներկայացմամբ կամավոր լիազորությունների կարգը ավագանու նիստում հաստատվել է 2018 թվականի ապրիլի 12-ը: Արդյունքում Նոր Արմավիրի գյուղապետարանը չի պահպանել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը: Մեզ հայտնի դարձավ, որ 2016 եւ 2017 թվականներին հատկացվել է 2 մլն դրամի չափով սոցօգնություն, իսկ 2018-ի սեպտեմբերի 6-ի դրությամբ հատկացվել է 490 հազար դրամի սոցօգնություն:
Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք նաեւ, որ տնամերձ հողամասի վրա առանց շինթույլտվության, գյուղի բնակիչ Լեւոն Դարբինյանի կողմից կառուցվում է ինքնակամ հասարակական շինություն: Մինչդեռ գյուղապետը պետք է կանխարգելեր եւ կասեցներ ինքնակամ շինարարությունը եւ սահմանված կարգով ապահովեր դրանց հետեւանքների վերացումը: Ավելին, գյուղի միջնակարգ դպրոցի կիսակառույց մասնաշենքը վերանորոգվել է որպես նախակրթարան, բայց օգտագործվում է որպես մանկապարտեզ: Այս դեպքում եւս չի կանխվել շենքերի, շինությունների գործառնական նշանակությանը ոչ համապատասխան օգտագործման դեպքը:
Իսկապես, այսօր Հայաստանում դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ նախկին իշխանությունների օրոք կոռուպցիոն դրսեւորումներ եղած չլինեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ԿՈՐԵԼ 8 ՀԵԿՏԱՐ ՏԱՐԱԾՔԸ

Սեպտեմբերի 20-ին Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը եւ մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանը Դիլիջանի համայնքապետարանում ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Վարդան Գրիգորյանի հետ քննարկել են քարտեզագրման անճշտության հետ կապված հարց:

Քննարկմանը մասնակցել են Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը, համապատասխան մասնագետներ: Խնդիրն առնչվում է համայնքի եւ ազգային պարկի միջեւ սահմաններին, ժամանակին սխալ քարտեզագրման արդյունքում Դիլիջան քաղաքից 8 հեկտար տարածք անցել է ազգային պարկին: 1968 թվականին Դիլիջանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի որոշմամբ Դիլիջանի հակատուբերկուլյոզային առողջարանի կառուցման համար հատկացվել է 18 հեկտար հողատարածք: 2010 թվականին իրականացվել է առողջարանի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքների պետական գրանցում, համաձայն որի` հողամասի մակերեսը 18 հեկտարի փոխարեն կազմել է 10 հեկտար, իսկ տարբերություն 8 հեկտարը քարտեզում ներկայացվել է որպես ազգային պարկի տարածք: Դիլիջանի համայնքապետարանում քննարկվել է այդ 8 հեկտար տարածքի նպատակային նշանակությունը փոխելու հարցը:
Դիլիջան համայնքի ղեկավար Ա. Սանթրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը 10 հեկտարը սեփականաշնորհել է, անճշտության պատճառով նշված 8 հեկտարը դուրս է մնացել սեփականաշնորհումից, այժմ քաղաքացին ցանկանում է նաեւ այդ տարածքում ներդրումային ծրագիր իրականացնել: Դիլիջանի համանքապետարանում քննարկման արդյունքում բնապահպանության նախարարի խորհրդական Վ. Գրիգորյանն ասել է, որ հարցի մասին մանրամասն կզեկուցի կառավարություն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս