Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար եւ ինքնակառավարվող լինելու հրամայականի մասին խոսել է ե՛ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Սակայն պաշտոնավարոմից ավելի քան 5 ամիս անց պատկերը հակառակն է, բուհերը շարունակում են մնալ կուսակցականացված, ավելին` նախարար Հարությունյանը պարզապես ՀՀԿ-ականներին փոխարինում է իր կուսակիցներով՝ ՔՊ-ականներով:
«…Կրթության ոլորտում ունենք լրջագույն հիմնախնդիրներ: Այդ խնդիրներից առաջնայինը, որը խաթարում է կրթական ողջ գործընթացը եւ խեղաթյուրում կրթական օջախների գործունեության իմաստը, դպրոցների եւ բուհերի կուսակցականացումն է: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ դնել: Դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների, բուհերի քաղաքական գործառույթը պետք է լինի ոչ թե իշխանամետ կամ ընդդիմադիր, այլ ազատ քաղաքացի դաստիարակելը, ազատ քաղաքացին ինքը թող որոշի»,- մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բայց, արի ու տես, Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված Հայաստանի կրթության թիվ մեկ պատասխանատու Արայիկ Հարությունյանը բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխության մի գործընթաց է սկսել, որով ուղղակի նպատակ ունի փոխարինել ՔՊ-ականներով: Բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերը նախարարությունն առաջիկայում կհրապարակի: Այս պահին հայտնի է միայն, որ Ագրարային համալսարանում հոգաբարձուների խորհուրդի նախագահ նշանակվել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար, անկուսակցական Արմեն Հարությունյանը, Շիրակի պետական համալսարանում` Լեւոն Բարսեղյանը:
Իսկ մինչ այդ նախարարը որոշել է «իր մարդկանց» նշանակել բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերում: Այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ սոցապ նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը փոխարինելու է Խ. Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդի ներկայիս նախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանին, մշակույթի ՔՊ-ական նախարար Լիլիթ Մակունցը` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհուրդի նախագահին (այս բուհի կայքէջում խորհուրդի նախագահը դեռ Հասմիկ Պողոսյանն է), իսկ ահա Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին հնարավոր է փոխարինի առողջապահության ներկայիս դարձյալ ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը:
Իր քայլը նախարար Հարությունյանը արադարացրել է` օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթին տված իր հարցազրույցում նշելով. «Բավականին դժվար է ընտրել կազմերը, որոնք կլինեն պատասխանատու իրենց որոշումներում, անկախ, եւ նախկին մեկ կենտրոնից թելադրվող փոփոխություններ չեն լինի բուհերում: ՔՊ-ականներ կլինեն, որովհետեւ նրանցից շատերը ներկայում վարչական պաշտոններ են զբաղեցնում ե՛ւ կառավարությունում, ե՛ւ խորհրդարանում: Բայց հիմա մենք դրանից չենք կարող խուսափել. տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կլինեն, որովհետեւ ներկայում կառավարությունում էլ կան մարդիկ, որոնք ե՛ւ ՔՊ-ից են, ե՛ւ ՀՅԴ-ից: Դրանից մենք այս գործող օրենքով մանավանդ չենք կարող խուսափել: Բայց նոր օրենքը, որը գալու է, կբացառի պետական պաշտոնյաների ներկայությունը կառավարման խորհուրդներում»:
Խոսքը «Բարձրագույն կրթության» մասին ՀՀ նոր օրենքի մասին է, որով, ըստ նախարարի, պաշտոնապես կարգելվի պետական պաշտոնյաների ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում: Նաեւ նախարարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել էր, որ այս նոր օրենքը, որը լրամշակվում է, մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի: Բայց ոլորտի մասնագետները դժվարանում են հավատալ, որ 3-4 ամիսների ընթացքում կհասցնեն օրենքը լրամշակել եւ ուղարկել ԱԺ, ու այս ընթացքում ուղղակի անհասկանալի է նախարարի նկրտումները բուհ-երը թեկուզ ժամանակավոր, բայց այլ կուսակցականներով լցնելու առումով:
Ի դեպ, հոգաբարձուների խորհուրդների կազմերը փոփոխելու մյուս պատճառը նախարարը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Բայց քանի որ եղել են բազմաթիվ հրաժարականներ, տեղի է ունեցել իշխանափոխություն, այդ փոփոխությունները, բնականաբար, պետք է լինեին նաեւ հոգաբարձուների խորհուրդում: Եւ դա գործընթաց է, որը հիմա շարունակվում է, եւ բոլոր բուհերում էլ այդ փոփոխությունները պետք է լինեն: Այսինքն` այս խորհուրդները շատ կարճ ժամանակ են ունենալու, իսկ փոփոխություններն էլ մենք անում ենք այն պատճառով, որովհետեւ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ լքել են իրենց պաշտոնները»:
Բայց ինչպես նկատում եք, օրինակ, ե՛ւ Արմեն Աշոտյանը, ե՛ւ Գալուստ Սահակյանը շարունակում են մնալ պատգամավոր: Թե ինչու է նախարարը նրանց համարում նախկին պաշտոնյա եւ պնդում, որ պետք է հեռանան, դժվար է պատկերացնել: Ուղղակի պետք է եզրակացնել, որ նախարար Հարությունյանը, այսպես իր մարդկանց ներդնելով, փորձում է «վերահսկել» բուհերը, այնտեղի անցուդարձը: Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ, որ նախարար Արայիկ Հարությունյանը մտադիր է որոշ բուհերում անձամբ տեղ զբաղեցնել հոգաբարձուների խորհրդի կազմում, իսկ որոշներում նույնիսկ որպես նախագահ: Մանե Թանդիլյանի, Արսեն Թորոսյանի, Լիլիթ Մակունցի եւ իր` բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերում նշանակվելու վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ԿԳՆ-ից փոխանցեցին հետեւյալը. «Նախորդ հարցազրույցին նախարարը ավելացնելու բան չունի: Առաջիկայում ցուցակները կհրապարակվեն, կտեսնեք, թե ով որտեղ է»:
Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել նախարարի` լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցից մի հատված. «Մենք այս համակարգը հիմնովին պետք է ջախջախենք, այս բառից չեմ վախենում, որովհետեւ այս համակարգն է, որ թույլ չի տվել կրթական համակարգին զարգանալ: Խորհուրդներում այլեւս չպետք է լինեն պետական պաշտոնյաներ: Ցավոք սրտի, նախորդ իշխանությունները բերեցին մի խորհրդի նախագահ եւ մի այսպես բդեշխ, ով կարող էր թելադրել համալսարանում օրակարգ, ռեկտոր, պռոռեկտոր նշանակել»: Ստացվում է, որ այժմ Հարությունյանն է բուհերում բդեշխություն անելու փորձեր անում:
«Ռեսթարթ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով ուսանողական շարժումներ ու դասադուլներ էր կազմակերպում նաեւ բուհ-երի ապակուսակցականացնելու պահանջով, այս տարվա մայիսի 7-ին հայտարարել է. «Մեր դիրքորոշումը այդ օրենքի նկատմամբ այնպիսին է, որ կուսակցական մարդ չպետք է լինի ղեկավար կազմում: Մենք էլի պայքարելու ենք դրա համար, որ համալսարանները լինեն ինքնավար, ինքնակառավարվող եւ կուսակցական մարդիկ ղեկավար կազմում չլինեն»: «Ժողովուրդ» օրաթերթը Դավիթ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է արդյոք, որ ՀՀԿ-ականների արատավոր գործընթացը առավել ընդգծված կուսակցականացնելու միտումով շարունակում է նաեւ նախարար Արայիկ Հարությունյանը: «Այդ տեղեկությունները Ձեզ որտեղի՞ց,- անակնկալի եկավ Պետրոսյանը՝ հավելելով,- երբ ես հոգաբարձուների խորհուրդների կազմերի ցուցակը տեսնեմ, այդ ժամանակ կկարողանամ կարծիք հայտնել: Բուհերի ապակուսակցականացումը մեզ համար օրակարգային է»:
ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանին եւս հարցրեցինք` Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում իր կառավարության խոսքերի ու գործունեության ակնհայտ տարբերության մասին՝ թեկուզ ժամանակավոր գործընթացի պատճառաբանությամբ: Եղոյանը խնդրեց ժամանակ, մինչեւ ԱՄՆ-ից վերադառնան եւ մեզ պատասխանեն: Կսպասենք:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
48,5 ՄԼՆ ԴՐԱՄ
«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի փոխհատուցվել է պետությանը պատճառված վնասը. փոխանցվել է 48,5 մլն դրամ: ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ` փաստական տվյալներ են ձեռք բերվել մի քանի դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում առերեւույթ չարաշահումների վերաբերյալ: ՀՀ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մշակվել է քննչական պլան, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի կողմից ՀՀ պետական վերահսկողության ծառայության դեպոզիտ հաշվին է փոխանցվել 48.500.000 ՀՀ դրամ որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը սեպտեմբերի 24-ից մինչեւ 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների` ներքին պաշարների հաշվին: