«ԹԱՂԱՅԻՆ ԽՈՒԺԱՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՈՉԻՆՉ ԱՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: «Իմ քայլը» դաշինքն ստացել է քվեարկությանը մասնակցած 370365 քաղաքացիների 81.1% ձայնը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է, որի օգտին քվեարկել է քաղաքացիների 7%-ը: Երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 5 %-ով: «Ժողովուրդ» օրաթերթը ընտրությունների արդյունքի, ընդհանուր տպավորությունների եւ սպասելիքների մասին զրուցել է մշակույթի գործիչների հետ: Նրանց մտորումները ներկայացնում ենք ստորեւ:

Երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյան
Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ժողովուրդը պահանջում է հեղափոխության շարունակությունը: Քաղաքացիները եւս մեկ անգամ հաստատեցին, որ տեր են Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին տրված մանդատին եւ որ դեռ միայն նրան են վստահում հեղափոխության շարունակությունն ու երկար սպասված արդյունքի հաստատումը: Ես նույնիսկ մտավախություն ունեի, որ «Իմ քայլը» դաշինքը կարող էր հավաքել ձայների ասենք 95%-ը (ծիծաղում է): Իհարկե, ինձ համար ավելի գերադասելի կլիներ, եթե այդ ջախջախիչ մեծամասնության մասը կազմեին բոլորիս քաջ հայտնի, տարիներ շարունակ պայքարի կիզակետում պայքարող ուժերը եւս: Բայց, ինչ արած, սա է ժողովրդի կամքը: Ժողովուրդն այլեւս զարթնել է, գիտակցում է, թե ինչ պետք է անի, եւ փառք Աստծո, որ այդպես է: Ինչ խոսք, այս արդյունքները գրանցելուն մեծապես նպաստեցին թավշյա հեղափոխությունն ու նրա լիդերը՝ Նիկոլ Փաշինյանը: Անշուշտ, չի կարելի անտեսել նաեւ Հայկ Մարությանի եւ նրա գլխավորած թիմում ընդգրկված շատ ու շատ ինձ հայտնի մաքուր մարդկանց գործոնը: Ինչ վերաբերում է քաղաքական մյուս ուժերին, հայտնի դարձավ, որ, օրինակ, ՕԵԿ-ը հավաքել է 1.1% ձայն: Իսկ ես կարծում էի, որ այդ կուսակցությունը խելք կունենար եւ չէր մասնակցի նաեւ այս ընտրություններին: Ժողովրդի հիշողությունը դեռ թարմ է: Իսկ ամենակարեւոր բաներից մեկը, որ տեղի ունեցավ, այն էր, որ ընտրությունների արդյունքում պայթեց «առյուծածին» երկրորդ քաղաքական ուժի հզորության եւ նրա նկատմամբ համայն ժողովրդի անմնացորդ սիրո միֆը: Պարզվեց, որ այդ ուժը մաքուր ընտրությունների պայմաններում Երեւանում կարող է հավակնել ընդամենը 7 % ձայնի: Հիմա մեր երկիրը նման է ժայթքող հրաբխի, այդ ժայթքման երկունքը պետք է ձգվի մինչեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ավարտը եւ նոր, արդեն երկար ծանր ու թեթեւով ձեւավորված կառավարության ընտրությունը: Այդ ժամանակ կպարզվի, որ երկիրը երկիր է, մենք էլ ֆանտաստիկ ժողովուրդ ենք:

Երգիչ Արթուր Իսպիրյան


Երեւանի ավագանու ընտրություններից հետո վերջապես տեսանք արդարության հաղթանակ: Այս ընտրությունները շատ էին տարբերվում իմ տեսած նախորդ ընտրություններից: Մարդիկ ավելի հանգիստ, հպարտ հոգեվիճակում էին, խաղաղ նայում էին իրար աչքերի մեջ: Նրանք լցված էին հույսով ու հավատով: Այս անգամ թաղային խուժանը չկարողացավ ոչինչ անել: Չկային կուտակումներ, առկա չէր լարվածություն: Հանձնաժողովի անդամներն էլ էին հանգիստ, զգում էին, որ այդպիսին պետք է լինեն իսկական ընտրությունները: Մարդիկ վերջապես հասկացան, որ որոշ ուժերի կողմից իրենց շպրտած երկու կոպեկի հազարապատիկը հետո խլելու էին իրենցից, հետո պետք է ոտնահարվեր իրենց ինքնասիրությունը: Հուսով եմ, որ խորհրդարանական ընտրությունները եւս նույնչափ թափանցիկ կլինեն: Բոլորին մաղթում եմ հաջողություն: Ակնկալում եմ, որ մյուս կուսակցությունները, որոնք ունեին գեղեցիկ ծրագրեր, հետամուտ լինեն դրանք միասնական ուժերով իրականացնելու համար:

Երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյան


Իհարկե, սրանք այն ընտրություններն էին, որոնց մասին մենք երազել էինք: Ես կանխատեսել էի, որ «Իմ քայլը» դաշինքն առնվազն 60-65 % ձայն կհավաքեր, բայց, փաստորեն, սպասելիքներս գերազանցվեցին: Մեր երկրում, իսկապես, իրավիճակ է փոխվել: Հիմա ցանկությունս այն է, որ Հայկ Մարությանը ձեւավորի աթոռը, ոչ թե աթոռը՝ իրեն: Կյանքը ցույց է տվել, որ, ցավոք, փափուկ աթոռները մարդկանց ձեւավորելու հատկություն ունեն: Իմ տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանի պարագայում այդպես չէ, եւ ուրախ եմ, որ քաղաքապետն էլ նրա թիմից է լինելու: Ամենակարեւորն այն է, որ այն, ինչ խոստացել էր Հայկ Մարությանը, ամբողջ ծավալով կատարվի: Երեւանի քաղաքապետարանն ամենակոռումպացված կառույցներից էր, եւ հիմա շատ դժվար է լինելու այնտեղ կարգ ու կանոն հաստատելը: Որքան ներքեւ ես իջնում, այնքան կոռումպացված մարդկանց քանակն ավելանում է: Ճիշտն այն է, որ կառավարությունը, քաղաքային իշխանությունը վերեւից գործի, ժողովուրդն էլ՝ ներքեւից: Այդ ժամանակ կհասնենք ցանկալի արդյունքին, մանավանդ որ երկուսս էլ նույն բանն ենք ուզում:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՄԱՇԱ ՄՆՋՈՅԱՆԸ ՏԱՐՎԵԼ Է ԳՐԱԶԸ

Երգչուհի Մաշա Մնջոյանը գրազ է եկել երգահան, գործիքավորող Նիկ Եգիբյանի հետ եւ տարվել է գրազը: Դրա դիմաց նա պարտավորվել է կատարել «Աստված, ինձ մի ճամփա տուր» երգի քավեր տարբերակը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ Մաշան:

«Ի դեպ, այդ ոճի եւս մեկ երգ պետք է քավեր տարբերակով ներկայացնեմ: Այնպես որ, դա դեռ ամենը չէ (ծիծաղում է): Իսկ մինչ այդ ես «Աստված, ինձ մի ճամփա տուր» երգի իմ կարճ տարբերակը տեղադրեցի համացանցում, եւ ինձ համար զարմանալի էր, որ հանրությունը շատ լավ ընդունեց այն, նույնիսկ պահանջեց, որ անմիջապես ներկայացնեմ ամբողջական վերսիան»,-անկեղծացավ Մաշան:
Ի դեպ, նա ակտիվորեն ներգրավված էր Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներին եւ այդ շրջանակում մասնակցեց տոնական հինգ համերգի. «Ինձ դուր եկավ այն, որ հանդիսատեսն այդ օրը բավական ջերմ էր: Ի դեպ, բացի այդ ֆորմատի համերգներից հաճախակի «Երգ երգոց»-ում եմ ելույթ ունենում, այնպես որ երկրպագուները ինձ հետ հանդիպելու առիթներ կարող են ունենալ Հանրայինի այդ հարթակում»,-ասաց երգչուհին:
Մենք հետաքրքրվեցինք՝ Մաշան առաջիկայում հանդես կգա արդյոք դուետով. «Այո, շուտով երկրպագուների դատին կհանձնեմ երկու նոր դուետ, բայց դեռ չեմ մանրամասնի՝ ում հետ: Բացի այդ՝ մի քանի տարի առաջ համագործակցություն եղավ ամերիկաբնակ ռեփեր Նովա Հեքիմյանի հետ, սակայն այդ պրոցեսը կիսատ մնաց, կանգ առավ: Չի բացառվում, որ այն եւս հանգուցալուծում ստանա»,-պատասխանեց երգչուհին:
Մենք նաեւ մի փոքր զրուցեցինք Մաշայի անձնական կյանքից: Հարցին, թե այդ «ճակատում» արդյոք կան փոփոխություններ, երգչուհին պատասխանեց. «Անկեղծ ասած՝ անձնականից խոսել չեմ ուզում, համենայն դեպս, թաքցնելու ոչինչ չունեմ: Եթե ինչ-որ փոփոխություն լինի, մարդիկ անպայման կիմանան այդ մասին»:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներկայացրել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի վերակառուցման նախագիծը. «Մենք այս ծրագիրը կազմել ենք 2017 թվականի մայիսին: Այժմ պետք է տենդեր անցկացնենք եւ հաստատենք ֆինանասավորման առաջարկությունը: Հույս ունենք, որ աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի ու կավարտվի երեք տարի անց: Սկզբում վերակառուցման համար նախատեսված էր 400 մլն եվրո, սակայն վերջնական արդյունքում հաստատվեց, որ նախագծի համար անհրաժեշտ կլինի 525 մլն եվրո: Նոր ստադիոնը մեզ տարեկան 150 մլն եվրո օգուտ կբերի»,-ասել է Պերեսը:

 

 

ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել իտալացի մասնագետ Ջիանի դե Բիազին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում իտալացի մասնագետի հետ, սակայն կողմերը դեռեւս ընդհանուր հայտարարի չեն եկել ֆինանսական հարցերում: ՀՖՖ-ն քննարկել է նաեւ Յուրի Ջորկաեֆի` հավաքականի մարզչի պաշտոնը ստանձնելու հարցը, սակայն աշխարհի նախկին չեմպիոնը չունի մարզչական արտոնագիր:
Բիազին մարզչական գործունեություն է ծավալում 1991 թվականից: Այդ ընթացքում իտալացի մասնագետը մարզել է «Տորինո»-ն, «Լեւանտե»-ն, «Ուդինեզե»-ն, Ալբանիայի ազգային հավաքականը, որի հետ, ի դեպ, մասնակցել է Եվրո-2016-ին:

 

 

ԶԻԴԱՆՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ
Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դեւիդ Բեքհեմը Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին առաջարկել է զբաղեցնել ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը: Դեւիդ Բեքհեմը «Ինտերի Մայամի»-ի հիմնադիրն է: Թիմը ՄԼՍ-ի առաջնությունում նորամուտը կնշի 2020 թվականին: Հիշեցնենք, որ Բեքհեմն ու Զիդանը միասին խաղացել եմ Մադրիդի «Ռեալ»-ում:
Անգլիական մամուլի տվյալներով` Զինեդին Զիդանի ծառայություններով հետաքրքրված է նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը:

 

 

ՏԱՐԲԵՐ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
9 տարում առաջին անգամ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նույն օրը գոլի հեղինակ են դարձել տարբեր առաջնություններում` Իսպանիայում եւ Իտալիայում համապատասխանաբար: «Բարսելոնան» 2:2 հաշվով էր խաղացել «Ժիրոնա»-ի հետ, Մեսին բացել էր հաշիվը, «Յուվենտուս»-ը 2:0 հաշվով հաղթել էր «Ֆրոզինոնե»-ին, Ռոնալդուն բացել էր հաշիվը:




Լրահոս