«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Հայաստան է վերադարձել 2008թ. Մարտի 1-ի օրերին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ զրուցել նրա հետ, սակայն հեռախոսը պատասխանեց մեկ այլ անձ` նշելով, որ Հայկ Հարությունյանն այստեղ է, սակայն խոսել չի կարող զբաղվածության պատճառով: Մեր այն հարցին, թե իրեն Մարտի 1-ի գործով հարցաքննել են, ՀՀ նախկին ոստիկանապետի հեռախոսը պատասխանող անձը նշեց, որ ոչինչ ասել չի կարող, միայն կարող է ասել, որ Հայկ Հարությունյանը չի կարող խոսել, քանի որ շատ զբաղված է:
Հատկանշական է փաստը, որ թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործի նախաքննությունը նոր թափ ստացավ, եւ հիմա այն քննվում է բոլոր դրվագներով: Ու ենթադրվում է՝ այս գործով մեղադրյալներից մեկն էլ պետք է լինի հենց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Ի վերջո, ինչպես տեղեկացրել էր ՀՔԾ-ն՝ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ Ազատության հրապարակում հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին: Իսկ հետո ոստիկանության հակաօրինական գործողությունները կոծկելու համար բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել եւ շրջանառության մեջ են դրվել պաշտոնական փաստաթղթեր:
Հասկանալի է՝ այս ամենը չէր կարող տեղի ունենալ առանց այն ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանի եւ նրա տեղակալների հանձնարարությամբ: Այնպես որ, տրամաբանական է, որ նա իր նախկին տեղակալների հետ էլ համալրի մեղադրյալների ցանկը, ճիշտ այնպես, ինչպես այսօր մեղադրյալի կարգավիճակում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում:
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` նրան ետ կանչելու պաշտոնական պատճառ նշվելու է թոշակի տարիքը. Սահակյանը 63 տարեկան է: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանին, սակայն նա նշեց, թե չի կարող մեկնաբանել: «Դեսպանների նշանակումը եւ հետ կանչը նախատեսում է որոշակի արարողակարգային ընթացակարգեր, որոնց արդյունքում հրապարակվում է նախագահի հրամանագիրը: Մինչեւ այդ հրամանագրի հրապարակումը, որեւէ մեկնաբանություն չի արվում այս գործընթացի վերաբերյալ»,-ասաց նա: Նշենք, որ ավելի վաղ հետ էին կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ից շարունակվում է արտահոսքը: Երբեմնի իշխանական կուսակցության անդամները հերթով լքում են ՀՀԿ-ն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հարցին, թե որքա՞ն մարդ է լքել կուսակցության շարքերը հեղափոխությունից հետո, նախ ասաց, որ ՀՀ-ում հեղափոխություն չի եղել, եւ դա ընդամենը հեղաշրջում էր: «Հեղաշրջումից հետո «ՀՀԿ»-ի շարքերը լքել է մոտ 6 հազար 400 մարդ»,- հավելեց նա: Ի դեպ, 6 հազար 400 մարդ ՀՀԿ-ն լքել է պաշտոնապես՝ կուսակցության գրասենյակ դիմում ներկայացնելով: Սակայն ՀՀԿ-ից հեռացածների թիվն իրականում ավելի մեծ է: Շատ շատերը թավշյա հեղափոխության օրերին ուղղակի պատռում կամ վառում էին իրենց անդամատոմսերը: Երեւույթը ֆլեշմոբ էր հիշեցնում: Շատերն էլ այս ընթացքում ուղղակի դադարեցրել են իրենց կուսակցական գործունեությունը, առանց այդ մասին տեղյակ պահելու: Այնպես որ, երբեմնի իշխանական կուսակցությունը, որ մեծ թվով անդամներ հավաքագրել էր նաեւ վարչական ռեսուրսի շնորհիվ, տխուր փաստի առաջ է կանգնել:
Հայտնի փաստ է, որ այսօր Երեւանի գերխնդիրներից մեկն էլ տրանսպորտն է: Պարզվում է` մի քանի միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղի վերջին երեք ամիսների ընթացքում պարզապես փակվել են: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Վերջին երեք ամիսների ընթացքում փակվել է համար 11 եւ 62 երթուղայինների, նաեւ համար 5 ավտոբուսի երթուղին: Պատճառը վնասով աշխատելն է: «Հ 62 երթուղու աշխատանքը ստիպված էինք դադարեցնել, քանի որ տեխնիկապես անմխիթար վիճակում էր գտնվում պարկը: Ոչ ոք ներդրում չցանկացավ կատարել, որովհետեւ վնասով էին աշխատելու: Հրաժարվեցին, մենք էլ ստիպված փակեցինք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանը: Ինչ վերաբերում է տրանսպորտի ընդհանուր խնդրին, ապա Նավասարդյանի խոսքերով` այն գտնվում է ոչ լավ վիճակում: «Բնականաբար, մեքենաների տեխնիկական վիճակը գնալով վատանում է, երթուղիներ են փակվում: Բայց դեռ կարողանում ենք սպասարկել»,- ասաց նա:
ՀՀԿ-Ի ՍՈՒՏԸ
Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ երեկ հայտարարություն է տարածել ՀՀԿ-ն: Նախկին իշխող կուսակցությունը շնորհավորել է Երեւանի նորընտիր քաղաքապետին եւ ավագանու անդամներին հաղթանակի կապակցությամբ: Միաժամանակ ՀՀԿ-ն այդ ընտրություններին իրենց չմասնակցելը մեկնաբանել է այսպես. «…հասարակությունը ծայրահեղ բեեւռացման վտանգից զերծ պահելու համար»: Ավելին` ըստ նրանց` ««Իմ քայլը» դաշինքը եւ անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սեւերի եւ սպիտակների» բաժանելու մոտեցմամբ: …Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը»:
Նման դեպքերում այլ բան չի մնում, քան իրենց առաջնորդի նման ասել. «Իյա, իրո՞ք»:
Հազիվ թե այսօր գտնվի գեթ մեկ միամիտ մարդ, որ հավատա ընտրություններին չմասնակցելու ՀՀԿ պատճառաբանությանը: Իրականում համաժողովրդական մերժմամբ մի քանի ամիս առաջ իշխանությունից հեռացված ՀՀԿ-ում քաջ գիտակցում են, որ ընտրություններին մասնակցելիս ձայն չէին ստանա ու կգրավեին վերջին «պատվավոր» հորիզոնականը: Էլ չենք ասում, որ մինչ այդ ՀՀԿ-ն դեռ պետք է կարողանար ավագանու թեկնածուների ցուցակ ներկայացնել: Սա էլ մի ուրիշ գլխացավանք կդառնար նրանց համար: Այնպես որ, իրականում ՀՀԿ-ն ընտրություններին չմասնակցեց եւս մեկ անգամ մերժվելու հեռանկարից վախեցած: Բայց դե, նրանց ազնվությունը չբավարարեց խոստովանելու դա:
Փոխարենը ՀՀԿ-ն ակտիվորեն փորձում է շրջանառության մեջ դնել կեղծ թեզ. թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը «սեւերի եւ սպիտակների» բաժանեց, եւ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը:
Հասկանալի է` նրանք նկատի ունեն փաստը, որ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 43 տոկոսը: Բայց նույն այդ տրամաբանությամբ պետք է ասենք՝ ՀՀԿ-ին նախորդ տարվա ավագանու ընտրություններում իրականում շատ ավելի մեծ թվով մարդ է մերժել. 2017թ. ավագանու ընտրություններին մասնակցել էր քվեարկության իրավունք ունեցողների 40 տոկոսը: Իսկ իրականում բոլորի համար էլ պարզ է, որ ընտրացուցակում ընդգրկվածների մի ստվար մասը պարզապես բացակայում է ՀՀ-ից. մեծ մասն արտագաղթել է հենց ՀՀԿ իշխանության տարիներին: Ընդ որում, Երեւանից բացակայողների ճշգրիտ թիվը եթե անգամ հայտնի է, չի հրապարակվում ազգային անվտանգության նկատառումներով:
Այնպես որ, եթե ընտրությունների մասնակիցների թիվը դիտարկենք` ելնելով մայրաքաղաքում ռեալ բնակվողների քանակից, ապա ի հեճուկս ՀՀԿ-ի` մասնակցության բավական մեծ տոկոս է գրանցվել: