ԴԵ ՎԵՐՋ, ԷԴ Ա. ՕԵԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ՝ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համամասնական ընտրակարգով Երեւանի ավագանու առաջին ընտրությունները տեղի են ունեցել 2009 թվականին, որին մասնակցող 7 ուժերից մեկը ՕԵԿ-ն էր: Լինելով այն ժամանակ իշխող կոալիցիայի անդամ, տիրապետելով ֆինանսական ու վարչական լուրջ ռեսուրսների (որոնք, բնականաբար, գործածվել են), վայելելով իշխող ՀՀԿ աջակցությունը` ՕԵԿ-ին հաջողվեց ստանալ 20 հազար 160 ձայն. իհարկե, այն ժամանակ էլ դա բավարար չեղավ, որ ՕԵԿ-ը Երեւանի ավագանու կազմում ընդգրկվի:

Ավագանու հաջորդ ընտրություններին, որոնք տեղի ունեցան 2013 թվականին, այն ժամանակ էլ ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ էր, ու այն ժամանակ էլ նրանք ձախողվեցին. չորս տարում ՕԵԿ-ը ձայների լուրջ կորուստ ունեցավ. 2013թ. գործածելով վարչական ու ֆինանսական ռեսուրսները` հաջողվել էր հավաքել 15 հազար 732 ձայն: Երեւանի ավագանու 2017-ին տեղի ունեցած ընտրություններին ՕԵԿ-ը չմասնակցեց. մեկ ամիս առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ՕԵԿ-ին չէր հաջողվել հավաքել խորհրդարանում հայտնվելու համար նվազագույն 5 տոկոսի շեմը, եւ նրանք ուշքի չէին եկել տապալումից: Ուստի ՕԵԿ-ը չմասնակցեց 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններին: Փոխարենը այս տարի նրանք մասնակցեցին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին. տեղի էր ունեցել թավշյա հեղափոխություն, նոր իշխանությունն ընտրությունները կազմակերպեց լիովին ազատ եւ արդար, եւ այս պայմաններում ՕԵԿ-ը ստացավ ընդամենը 3 հազար 948 քվե: Իհարկե, այսքանից հետո ՕԵԿ-ը, ինչպես նաեւ մի շարք այլ կուսակցություններ, ճիշտ կանեն մտածեն ինքնալուծարման մասին, այլապես ընտրություններում նրանք ստանալու են հազիվ 1-2 տոկոս քվե: Ի վերջո, ինչպես ցույց են տալիս մի քանի տարիների ցուցանիշները, «Օրինաց երկիր» կուսակցության վարկանիշն արագորեն անկում է ապրում:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ Երեւանի ավագանու ընտրություններին վերաբերող մի քանի հարցերի շուրջ զրուցեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ:
-Տիկի՛ն Բիշարյան, ընտրությունների արդյունքներն արդյոք սպասելի՞ էին Ձեզ համար:
-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում` ի՞նչ պետք է պատասխանեմ Ձեր հարցին:
-Պարզապես ուզում ենք հետաքրքրվել` սպասո՞ւմ էիք, որ հազիվ 3 948 ձայն կհավաքեք:
-Ընտրությունները բացարձակապես ընթանում էին հեղափոխության էյֆորիայի տակ: Բնական է: Հեղափոխությունից հետո միշտ էլ էդպես է լինում: Ամենագլխավոր խնդիրն այն է, որ ընտրություններին մասնակցեց Երեւան քաղաքի բնակչության 43 տոկոսը:
-Այնուամենայնիվ, ո՞րն է պատճառը, որ այդքան քիչ ձայն հավաքեցիք:
-Իսկ ո՞վ ամենաշատ ձայները հավաքեց:
-«Իմ քայլը» դաշինքը:
-Դե վերջ, էդ ա: Ես գտնում եմ, որ ժողովուրդը պարզապես ընտրության չգնաց: Ի վերջո, 40 տոկոս մասնակցություն է եղել: Այսինքն` ընդամենը 30 տոկոսն է իր ձայնը տվել «Իմ քայլ»-ին: Մասնակցությունը եղել է հանուն «Իմ քայլի» թեկնածուի: Մեծ մասը չմասնակցեց, դրա համար էլ մյուսները չկարողացան ձայներ հավաքել:
-Կուսակցություններ կան, որ սրանից հետո մտածում են ինքնալուծարման մասին: «ՕԵԿ»-ը մտածո՞ւմ է այդ ուղղությամբ:
-Կարծում եմ` սուտ եւ անհեթեթ ինֆորմացիա է: Նման բան չկա: Մենք էլ բնականաբար չենք մտածում այդ մասին:
-Խորհրդարանական ընտրություններին մասնակցեցիք «Հայկական վերածնունդ» կուսակցությամբ, ավագանու ընտրություններում` «ՕԵԿ»-ով: Ուրիշ ի՞նչ տարբերակով եք պատրաստվում մասնակցել մյուս ընտրություններին:
-Կլինի՞, որ դա մենք որոշենք: Թողեք, մենք կորոշենք:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԵՐԲ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԼԱՑ ԵՆ ԼԻՆՈՒՄ

Երեկ փոփոխություններ են կատարվել դիվանագիտական անձնակազմում: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Մեկ այլ հրամանով Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Բացի այդ, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից էլ ետ է կանչվել Գեղամ Ղարիբջանյանը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար զանգահարել էր Քուվեյթում արդեն նախկին դեսպան Մանվել Բադեյանին: Պատասխանն, իրոք, ապշեցնող էր. «Ես ՀՀ-ում չեմ: Ռոումինգով եմ խոսում, շատ գումար ա գրում: Էլ էս համարին չզանգեք»,- ասաց պարոն Բադեյանը: Փորձեցինք համառել՝ ասելով, որ կարող ենք զանգահարել վայբերով, սկայպով կամ այլկերպ: Սակայն Բադեյանը հրաժարվեց` անջատելով հեռախոսը:
Երեւի նախկին դեսպանը ծանր է տարել իրեն ետ կանչելու, ասել է, թե աշխատանքից ազատելու լուրը, եւ հիմա որոշել է խնայել ֆինանսական միջոցները` շեշտելով, որ ռոումինգով «շատ գումար ա գրում»: Միայն թե, «շատ գումար գրելու» մասին խոսում է մի անձնավորություն, որ պատկառելի հարստության տեր է: «Ժողովուրդ» օրաթերթը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով Մանվել Բադեյանի ներկայացրած հայտարարագրից պարզեց, որ նա ունի 497 մլն ՀՀ դրամ, 812 հազար ԱՄՆ դոլար եւ 40 հազար եվրո: Միաժամանակ Բադեյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն եւ բազմաբնակարան շենքում բնակարան: Իսկ մեկ բնակարան էլ նա նախորդ տարում օտարել է 72.4 մլն ՀՀ դրամով: Նախորդ տարում Բադեյանի փոխառություններն էլ կազմել են 1.6 մլն դրամ: Նա որպես եկամուտ հայտարարագրել է շահաբաժինը՝ 18.4 մլն դրամ, տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսները՝ 105.7 հազար դոլար, եւ աշխատավարձը՝ 36 հազար եվրոյի չափով: Մեկ հիշեցում էլ՝ ըստ շրջանառվող լուրերի` Բադեյանին է պատկանում «Եվրոստան ույուտ» ձեռնարկությունը:
Եւ ահա նման հարստության տեր անձնավորությունը հեռախոսազրույցից խուսափում է՝ պատրվակ բռնելով, որ «ռոումինգով է խոսում, շատ գումար ա գրում»:
Հիշում եք՝ 90-ականների սկզբում հայտնի սերիալ կար «Հարուստները նույնպես լաց են լինում» անվամբ: Այդ սերիալի սցենարիստներին, թերեւս, չէր խանգարի իմանալ այս պատմությունը. միգուցե նրանք նույն անվամբ մեկ այլ ֆիլմ նկարեին` դե, իհարկե, չմոռանալով պատմել Մանվել Բադեյանի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր եղած ժամանակվա մասին եւս, երբ ծառայողական մեքենայի ամենափոքր դետալն անգամ վերանորոգում էր ՀՀ պետբյուջեի հաշվին:

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ՍՊԱՍԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ
Ինչպես հայտնի է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով սեպտեմբերի 23-ից գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նա այնտեղից էլ մեկնելու է Դուշանբե եւ միայն շաբաթվա վերջին կվերադառնա Հայաստան: Եվ այս ընթացքում անհնար է որեւէ մեկնաբանություն ստանալ վարչապետի մամուլի խոսնակից` Արման Եղոյանից: Նրան որեւէ հարցով դիմելիս` ստանում ես, օրինակ, Հայաստան կվերադառնամ, կպատասխանեմ բովանդակությամբ պատասխան: Նման պատասխանի են արժանացել «Ժողովուրդ» օրաթերթի հարցերը: Սակայն համաձայնեք` սա, մեղմ ասած, նորմալ երեւույթ չէ, եթե հաշվի առնենք նաեւ, որ վարչապետը միայն շաբաթվա վերջին է վերադառնալու, ըստ այդմ՝ մինչ այդ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ այդ օղակից մեկնաբանություններ ստանալն անհնարին կլինի: Իսկ մենք ուզում էինք մեկնաբանություն ստանալ, օրինակ, Փաշինյանի դեմ Քոչարյանի ներկայացրած դատական հայցի վերաբերյալ:

 

 

ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԸ՝ ՎՃՌԱԲԵԿՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործով մեղադրյալներից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նրա կալանքն համարելու համար որպես փաստարկ, նաեւ ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացրել ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները: Այնտեղ, հիշեցնենք, շոշափվել էր նաեւ Յուրի Խաչատուրովի անունը: Մեզ հետ զրույցում պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ այս քայլին գնացել են այն բանի համար, որ ՀՀ վճռաբեկ դատարանն ուսումնասիրի նրա կալանքի վերաբերյալ հեռախոսային խոսակցությունները: Ըստ Պողոսյանի` դա շատ հարցերի պատասխան է տալիս: Ինչպես հայտնի է` 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրվել նաեւ այդ օրերին ԶՈՒ Երեւանի կայազորի պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Ու թեեւ նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու վերաբերյալ, դատարանն ազատ էր արձակել գրավի դիմաց:

 

 

ՀԱՄԵՍՏ
Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը մակագրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հետարքրվեց՝ ի՞նչ ունեցվածք ունի Պողոսյանը: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից պարզվում է՝ Պողոսյանը սեփական տուն եւ ավտոմեքենա չունի: Դատավորի դրամական միջոցը կազմել է 2.5 մլն դրամ: Նրա եկամուտը սեփական աշխատավարձն է, որն ամսական կազմում է մոտ 950 հազար դրամ: Բացի այս` դատավոր Պողոսյանն անցած տարում 20 մլն դրամի չափով փոխառություն, վարկ է ստեցել: Կնոջ` Շուշանիկ Պողոսյանի հայտարարագրում նշված է, որ ոչինչ չունի` ո՛չ դրամական միջոց, ո՛չ եկամուտ:




Լրահոս