ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո բոլորն ուշադրության կենտրոնում էին պահում հնարավոր տնտեսական զարգացումները` բարձրաձայնելով ներդրողներ ներգրավելու, դրական սպասումներ ցույց տալու կարեւորությունը: Նոր կառավարության քննադատների կողմից մշտապես բարձրաձայնվում է, թե Նիկոլ Փաշինյանի թիմն այնքան էլ գլուխ չի հանում տնտեսությունից եւ չունի ծրագիր, ինչի պատճառով էլ հետընթաց է լինելու:

Նախ նկատենք, որ տնտեսության մեջ կարճաժամկետ էֆեկտներ չեն լինում, եւ տնտեսագիտական աքսիոմա է, որ տնտեսության մեջ արդյունքներն ամփոփվում են վեց եւ ինն ամիսների կտրվածքով, ինչը հնարավորություն է տալիս ամփոփել եւ գնահատել այդքան ամիսների կատարած աշխատանքը: Այլ կերպ ասած` նոր կառավարության գործունեությունը, որքան էլ լավ կամ վատ լինի, միանգամից չի ազդելու տնտեսության վրա, եւ դրանց իրական արդյունքները մենք կզգանք միան դեկտեմբերից սկսած: Իհարկե, դրա համար անհրաժեշտ է, որ այս ամիսների ընթացքում նոր կառավարությունը դրական դաշտ ստեղծի, հուսալիության մթնոլորտ, քանի որ մշտապես բարձրաձայնվել է, որ ներդրողների համար ամենակարեւորն իրենց ներդրումների հուսալիությունն ու պաշտպանությունն է:
Սակայն միեւնույն ժամանակ չենք կարող միանշանակ ասել, թե նոր կառավարության աշխատանքը ներկայումս շատ քիչ ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Ամեն դեպքում թավշյա հեղափոխությունը չի հանգեցրել տնտեսական լուրջ ցնցումների: Այս հեղափոխությունը նաեւ ամեն դեպքում արագացրել է բազմաթիվ դրական զարգացումները` ավելացնելով վստահությունը նոր կառավարության հանդեպ: Եւ մասնագետների վկայությամբ թավշյա հեղափոխությունը ոչ միայն չի կասեցրել Հայաստանի տնտեսության աճի միտումը, այլեւ մեծապես բարձրացրել է տնտեսական բարեփոխումների արդյունավետությունը: Այդ ամենն էլ տեսանելի եւ շոշափելի կլինի վերը նշված ժամկետներում:
Իհարկե, պետք է հասկանալ, թե երբ ՀՀ քաղաքացին կզգա տնտեսական աճի դրական հետեւանքը: Տնտեսագետներն ու մասնագետները ոչ մեկ անգամ ուշադրություն են դարձրել այն հանգամանքների վրա, որ տնտեսության` առայժմ գործող մոդելը թույլ չի տալիս երկրի քաղաքացիներին զգալու տնտեսական աճի դրական հետեւանքները: Ուստի պետք է փոխել, կատարելագործել տնտեսական մոդելը:
Շատ կարեւոր է հատկապես նոր կառավարության լուրջ պայքարը կոռուպցիայի դեմ, որի արդյունքներն արդեն իսկ նկատելի են: Սակայն տնտեսագետները նշում են նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարն է’լ ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ընդունել հակակոռուպցիոն կոկրետ ծրագիր եւ այն կենսագործել տարիներ շարունակ: Մասնագետները մշտապես խոսում են նաեւ հակամենաշնորհային պայքարի մասին եւ այդ առումով տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքն այն մասին, թե նա որոշ մենաշնորհներ վերացրեց 45 րոպեի ընթացքում:
Իսկ ինչ իրական սպասելիքներ կարող ենք ունենալ. ինչպես հիշում ենք` անցալ տարվա վերջում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները Հայաստանի համար կանխատեսում էին ՀՆԱ-ի` 3,5%-ի չափով, եւ գրեթե նույն կանխատեսումն էին անում Համաշխարհային բանկի աղբյուրները: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքում այդ ցուցանիշները վերանայվել են, եւ Համաշխարհային բանկը կանխատեսում է ՀՆԱ-ի աճ 4,1%-ով, իսկ Հայաստանի կառավարությունը` 4,5%-ի չափով:
Եւ տարբեր վերլուծությունները նաեւ համոզվածություն են սերմանել, թե 2018 թ. բարենպաստ միտումների խորացման պայմաններում հնարավոր է ակնկալել ոչ միայն մինչեւ 6%, այլեւ նույնիսկ 7-8% ՀՆԱ աճ: Եվ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ստացած ժառանգությունն ու իրողությունները` նրան ու իր թիմին բարդ աշխատանք է սպասվում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՆՏԵՂՅԱԿ ՏՆՕՐԵՆԸ
Երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած դեպքը մտահոգությունների տեղիք է տալիս: Երբ աշխատանքից հեռացվեց հիվանդանոցի նախկին տնօրեն Արա Մինասյանը, բացատրվեց կոռուպցիոն սխեմաներով, եւ նոր տնօրեն Արման Հովակիմյանի նշանակումը նոր իշխանությունները պատճառաբանում էին նաեւ արատավոր երեւույթները վերացնելու ցանկությամբ: Եվ ահա, նոր տնօրենի նշանակումից կարճ ժամանակ անց հիվանդանոցում դեպք է գրանցվում, որը նաեւ մտահոգելու տեղիք է տալիս: Ինչպես հայտնի է` երեկ թթվածնային բալոնի պայթյուն է եղել, որի հետեւանքով մեկ զոհ եւ մեկ վիրավոր է եղել: Եւ ամենահետաքրքիրն այն է, որ այդ բալոնը չի պատկանել բուժհաստատությանը, եւ այդ հանգամանքը հենց նաեւ տնօրենի կողմից փորձ էր արվում որպես արդարացում ներկայացնել: Սակայն իրականում այդ ամենը հարցերի տեղիք է տալիս. այդ դեպքում ինչպե՞ս է այն հայտնվել բուժհաստատությունում, ո՞ւմ կողմից եւ ո՞ւմ ամենաթողության պատճառով: Տնօրեն Արման Հովակիմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդ հարցերի պատասխանները կարող են տալ միայն իրավապահ մարմինները: Այսինքն` տնօրենը տեղյակ չէ` իր հիվանդանոցում ինչ է կատարվում: Այդպես էլ հետագայում կարող են այլ դեպքեր գրանցվել, որոնց մասին տնօրենը եւս տեղյակ չլինի:

 

 

ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐԸ` ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը երկու վարչական վարույթ է իրականացրել Ամուլսարում ջրերի օգտագործման հետ կապված: Ըստ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի` «Եղեգնաձոր» ՋՕԸ-ի կողմից Կեչուտի ջրամբարից բաց թողնված ջուրը տեխնիկական նպատակներով մատակարարվել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Մինչդեռ այդ ջուրը նախատեսված է եղել օգտագործել ոռոգման նպատակով: Իսկ ահա երկրորդ վարչական վարույթը կապված է Գնդեվազի գյուղապետարանի հետ. այս դեպքում «Յոթ աղբյուր-Գնդեվազ» ջրատարից է ջուր մատակարարվել 2011-2012թթ.-ին, դարձյալ տեխնիկական նպատակներով, բայց այն նախատեսված է ոռոգման համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երկու վարչական վարույթները որոշ պատճառներով կարճվել են: Բայց չնայած սրան` տեսչական մարմինը գործերն ուղարկել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն: Թե ինչ որոշում կկայացնի վերահսկողական ծառայությունը, դեռեւս հայտնի չէ: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ Ամուլսարի հետ կապված տեսչական ստուգումներ իրականացրել եւ ղեկավարել է այդ կառույցի ղեկավար Ա. Գրիգորյանը` «Էկոիրավունք» ՀԿ նախագահը, ով հանքարդյունաբերող խոշոր ընկերությունների դեմ պարբերաբար դատական հայցեր է ներկայացրել: Խոսքը Քաջարանի պղնձամոլիբդենայինի, Թեղուտի ոսկու հանքավայրի, Ամուլսարի ծրագրի մասին է:

 

 

ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հայտարարություն է տարածվել. «Լեգիտիմ խորհրդարանի ձեւավորումը օրվա հրամայականն է: Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը առաջին հերթին պայմանավորված է իշխանությունների քաղաքական կամքով: ՀԺԿ-ն շնորհավորում է Երեւանի նորընտիր իշխանություններին: Այս ընտրությունները նաեւ ցույց տվեցին, որ առկա է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հստակ հասարակական պահանջ»:

 

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Նյու Յորքում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մեր տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումը կբացառի ռազմական գործողությունները: Փաշինյանի խոսքով` «տոգորված Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով՝ մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո եւ համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»: Միաժամանակ, ՀՀ վարչապետն իր ելույթում ասել է. «Ես գալիս եմ մի տարածաշրջանից, որտեղ, ցավոք սրտի, արյունոտ հակամարտությունները, կոռումպացված կառավարման համակարգը եւ մարդկանց միջեւ թշնամանքը հաճախ ստվերում են սիրո իմաստությունն ու խաղաղ գոյակցության անհրաժեշտությունը: Ասում են, թե ժողովրդավար ազգերը միմյանց դեմ չեն պատերազմում: Հույս ունեմ, որ մի օր մեր տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումը բացառելու է ռազմական գործողությունները, պատերազմների եւ ատելության ռիսկերը: Հայաստանը հաստատապես ընթանում է այս ճանապարհով եւ անվերապահորեն կողմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ հաշտեցմանը»:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԵՆՔ Է ՍՏԵՂԾԵԼ
Ադրբեջանը նոր դիպուկահար զենք է ստեղծել, որն ադրբեջանական լրատվամիջոցները բնութագրում են որպես «յուրահատուկ»: Ադրբեջանի ռազմական արդյունաբերության գործարաններից մեկում արտադրված զենքն արկեր է կրակում: Փորձարկումներից հետո այն կտրամադրվի երկրի ԶՈՒ-ին: Ադրբեջանը նաեւ նոր ավիառումբի արտադրություն է սկսում: Լազերային նշանոցով ավիառումբի թռիչքի հեռավորությունը 12.000 մետր է:

 

 

ՉԳԻՏԻ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը նշել է, որ չգիտի` այս պահին կա անհրաժեշտություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե ոչ, քանի որ այդ թեմայով քննարկումներ չենք ունեցել: «Ուղղակի ինչ-որ էմոցիաներից ելնելով, իրավիճակներ գնահատելով` ձայների բաշխում եւ այլն, որ Ազգային ժողովը որեւիցե կերպ խոչընդոտում է այս երկրի բնականոն ընթացքին, ես այդպես չեմ համարում»,-ասել է Ա. Սարգսյանը: Հարցին, որ հանրությունն է պահանջում փոփոխություններ խորհրդարանում, եւ ինչպես է նա այդ հանգամանքը գնահատում, Սարգսյանը պատասխանել է. «Հիմա նայենք` հանրությունն ինչ կարող է պահանջել, եւ խորհրդարանում ովքեր կարող են հայտնվել միանգամից: 80-90 տոկոսանոց Ազգային ժողով եք ուզո՞ւմ, որ ընդդիմություն էլ չունենա: Այսինքն` մենք պետք է արհեստական ընդդիմադիր ուժեր ստեղծե՞նք, որ 30% ապահովենք: Հիմա ընդդիմություն էլ կա, իշխանություն էլ կա, նորմալ աշխատում ենք, ինչո՞վ ենք խանգարում»,-ասել է նա:




Լրահոս