2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման պատմության կծիկը գնալով բացվում է, սակայն իրավապահ համակարգը դեռես չի կարողանում գտնել բուն գաղտնալսողներին:
Ինչպես հայտնի է` 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը, որտեղ կոնկրետ թիրախում էին Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Գաղտնալսման եւ դրա տարածման դեպքի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով), հատկանիշներով եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով) հատկանիշներով:
Սակայն այսքանով ամեն ինչ չավարտվեց` նկատի ունենալով, որ հրապարակումները եւ ձայնագրությունն առերեւույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ` ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվեց նաեւ քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` պաշտոնեական լիազորություններն անցնելը:
Հրապարակված գաղտնալսումից անցել է 15 օր, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահներն արդեն դուրս են եկել հետքի վրա, որ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին գաղտնալսել են ոչ թե մեկ, երկու կամ երեք հոգի, այլ եղել է թիմային աշխատանք: Պարզ է նաեւ, որ գաղտնալսումը չի արվել ԱԱԾ աշխատակիցների կողմից: Այսինքն՝ դավաճանը ներսից չէ:
Եվ ահա այդ թիմային աշխատանքի գործոնն էլ պատճառ է դարձել, որ նախաքննությունն իրականացնող մարմինը միջնորդություններ ներկայացնի դատարան` 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որոնք բոլորն էլ դատարանը բավարարեց:
Սակայն հանրությունը իրազեկվեց միայն Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրությունում կատարված խուզարկության մասին, որտեղ, սակայն, ոչինչ չհայտնաբերվեց: Եւ մտահոգիչ էր, որ թեական կասկածներով 1 օր լրատվամիջոցի խմբագրության աշխատանքը խաթարվեց: Իսկ թե որոնք են 5 մյուս տարբեր հասցեները, դեռեւս անհայտ է մնում: Բայց, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իրավապահները դեռեւս գործով ո՛չ կասկածյալ ունեն, ո՛չ մեղադրյալ: Ասել է, թե իրավապահ համակարգն այս օրերին կանգնել է լուրջ խնդրի առաջ, քանի որ կիբերհանցագործությունների բացահայտումն այդքան էլ հեշտ գործ չէ: Քանի որ նմանատիպ մյուս դեպքերում նախորդ իշխանությունների օրոք ծածկադմփոց է արվել, դրա համար էլ այսօր չկան նեղ մասնագետներ, որոնք կկարողանան գտնել ինտերնետային ծովահենների կատարած գործողությունները:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ ՀՀ իրավապահ համակարգը ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման մասով հարուցված քրեական գործի շրջանակներում տեխնիկական օգնության, ինչպես նաեւ մասնագիտական աջակցության հարցերով դիմի միջազգային իրավապահների օգնությանը: Իսկ թե ինչ կտա այդ քայլը, դժվար է ասել: Ամեն դպքում նախաքննությունը շարունակվում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎՈՎԱՅԻ ԱՐՇԱԿԻ ՈՐԴԻՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ
Սեպտեմբերի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` Երեւանում` Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: Ավելին` ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատել էր այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել: «Անկեղծ ասած, տեղեկացված եմ, եւ դրան ընթացք է տրված»: Օսիպյանի խոսքով` հիմա նյութեր են նախապատրաստում. «Ընթացքի մասին ձեզ լրացուցիչ կասենք»: Անցել է տեւական ժամանակ, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագրի արժանացավ տեղի ունեցած միջադեպը, ի պատասխան` ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ միջադեպով հարուցվել է քրեական գործ, եւ այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
ՄԻՋԱԴԵՊ ՋՐԱՌԱՏՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության օրը, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում լուրջ միջադեպ է եղել: Ըստ համայնքի բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների` Ջրառատ համայնքի բնակիչները տեսել են, թե ինչպես է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի եղբոր` Լեռնիկ Երանոսյանի որդին վիճել մեկ վարորդի հետ, որն ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի: Ըստ համայնքում տարածված խոսակցությունների` տեւական ժամանակ է, ինչ Ջրառատ համայնքի ճանապարհով «Կամազ» բեռնատար մեքենաները ավազ են տեղափոխում գյուղի միջով, եւ Լեռնիկ Երանոսյանի որդին վարորդներին հորդորել է, որ իրենց ավազը այլ ճանապարհով տանեն եւ գյուղի ճանապարհները չփչացնեն: Արդյունքում` «Կամազի» վարորդները չեն ենթարկվել Լեռնիկ Երանոսյանի որդու հորդորներին եւ ասել են, որ իրենց այս ճանապարհն է հարմար: Վարորդի եւ Լեռնիկ Երանոսյանի որդու միջեւ սկսվել է լեզվակռիվ, որն էլ ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի: Մեզ հասած լուրերի համաձայն` «Կամազի» վարորդին, որը եղել է երիտասարդ տղա, բավականին լուրջ ծեծի են ենթարկել, որին օգնություն են ցուցաբերել համայնքի բնակիչները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել, թե որքանով է համայնքում տարածված խոսակցությունը համապատասխանում իրականությանը, արդյո՞ք ոստիկանությունը միջադեպից տեղյակ է, ի պատասխան մեզ` հայտնեցին, որ նման դեպքով նման ահազանգ կամ հաղորդում ոստիկանությունը չի ստացել: Երեւի միջադեպից հետո Երանոսյանները համոզել են, որ քաղաքացին չբողոքի: Մինչ այդ հիշեցնենք՝ երեկ ՀՔԾ-ն նախկին փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանին մեղադրանք է առաջադրել, որ չունենալով հատուկ միջոցներ կիրառելու լիազորություն` արել է այդ քայլը՝ թավշյա հեղափոխության օրերին:
55 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել այդ բնույթի հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերի առթիվ հարուցվող քրեական գործերով քննությունների արդյունքներն ու դրա վրա ազդող հանգամանքները: Ընթացիկ ուսումնասիրությունները փաստում են, որ 2018թ. առաջին ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներով նախապատրաստված 71 նյութերից 55-ով հարուցվել են քրեական գործեր: Հաշվետու ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով մարզի դատախազության դատախազների հսկողության կամ դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 12-ը` 20 անձի վերաբերյալ:
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 26-ից Երեւան քաղաքի Արտաշիսյան եւ Հալաբյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Արտաշիսյան եւ Հալաբյան փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ, եւ այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթեւեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
ՏԵՓԱՆՈՍՅԱՆԻ ԿՆՈՋԸ
Երեկ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 9 ծառայողներ ուսադիներ են ստացել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից: Ամուսնու կիսատ թողած գործը շարունակելու վճռականությամբ նրանց շարքում է եղել նաեւ 2016 թվականի հուլիսին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի իրադարձությունների ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը:
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ
Արարատի մարզի Նարեկ համայնքի բնակիչները երեկ բողոքի ցույց էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք պնդում են, որ համայնքում ջուր կա, բայց իրենց ջուր չի հասնում, դաշտերը չորացել են: Կառավարությունից ցուցարարների հետ հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը. նա խոսել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ, վերջինս հավաստիացրել է, որ խնդիրը կլուծվի: Հարցը, թե ինչո՞ւ մինչ այս պահը հնարավոր չի եղել լուծել համայնքի ջրի խնդիրը, Նահապետյանը թողել է անպատասխան:
ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխանցմամբ` Երեւանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման եւ ներկման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը` առավոտյան ժամը 07:30-11:00-ն, իսկ սեպտեմբերի 29-ին եւ 30-ին` առավոտյան ժամը 07:30-12:00-ը, կանջատվեն ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները: