ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՋՈՐԴ ԽՆԴԻՐԸ ԱԺ-Ի ԿԱԶՄՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները շատերի համար լիովին անսպասելի էին թե՛ իշխանական դաշինքի, թե՛ նրա հետ մրցակցող ուժերի ստացած քվեների առումով։ Այդ կապակցությամբ ինչպես իշխանության ոգեւորությունն է չափազանց բարձր, նույն չափով էլ մյուս ուժերի հիասթափությունն է մեծ։ Սակայն ընտրությունների արդյունքները պետք է դաշտում գործող բոլոր դերակատարների համար որպես դաս ընկալվեն, որը չի սերտվել դեռ 1990-ական թթ. Հայաստանում գրեթե համանման իրավիճակում։

Նիկոլ Փաշինյանի ակտիվ ու անհատականացված մասնակցությունը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին արդեն իսկ հուշում էր, որ վերջինս անխուսափելիորեն մեծամասնություն է կազմելու ավագանիում։ Այդուհանդերձ, 81 տոկոսը թերեւս անպատկերացնելի էր անգամ վարչապետի համար, որը Նյու Յորքից չափազանց էմոցիոնալ կերպով արձագանքեց իրավիճակին՝ մատնելով իր աներկբա ուրախությունն այս առիթով։ Նույնիսկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ իշխանության համար էլ էր անակնկալ այդքան բարձր վստահությունը։ Իսկապես, ստացվում է, որ վերջին 3-4 ամիսներին իշխանության վրիպումները որեւէ կերպ ազդեցություն չեն թողել իրավիճակի վրա։ Ավելին՝ իշխանությանը մրցակից ուժերը փորձեցին խաղարկել հենց այդ վրիպումները առանց որեւէ հաջողության։ Այդ ուժերի արձանագրած խիստ ցածր արդյունքներն ապացուցեցին, որ հեղափոխական օրակարգը շարունակում է պահանջված լինել, եւ քաղաքական մրցակցության արհեստական բորբոքումը հասարակության համար հետաքրքիր չէ։ Այս ուժերի խնդիրն է լրջորեն վերլուծել իրավիճակը եւ խնդիրն առաջին հերթին տեսնել սեփական վարքուբարքում։
Իսկ կատարվածի պատճառն, ըստ էության, այն էր, որ հակահեղափոխության հաջողության ու նախորդ ռեժիմի հնարավոր վերադարձի շուրջ ունեցած հասարակական անհանգստությունը գերակայող եղավ արդյունքի համար։ Ի դեպ, հատկանշական է, որ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնի հեռախոսազրույցի հրապարակումը նախընտրական քարոզչության մեկնարկին ոչ միայն չծառայեց իշխող ուժի արշավը ձախողելու նպատակին, այլեւ հակառակը՝ նպաստեց հասարակական մոբիլիզացիային ու ավագանու ընտրությունները վերածեց հեղափոխության վստահության հանրաքվեի։ Այսօր արդեն կարելի է ասել, որ հասարակությունը Նիկոլ Փաշինյանին օժտեց լուրջ ու անվերապահ վստահության մանդատով, ինչն արտահերթ ընտրությունների համար ավելի քան բավարար է, իհարկե, տրամաբանական փոխզիջումի սահմաններում։ Սակայն միաժամանակ այդ վստահությունն ինքնին խիստ պարտավորեցնող է։ Եթե այն ներկա պայմաններում իշխանության հաղթաթուղթն է, ապա երկարաժամկետ կտրվածքով վերածվելու է դամոկլյան սրի այդ նույն իշխանության գլխին։
Իշխանությունը ոչ միայն պետք է ընկալի այդ վստահության կապիտալիզացիայի կարեւորությունը, այլեւ գործնական առումով ինստիտուցիոնալիզացնի այն։ Կարելի է նույնիսկ պնդել է, որ ներկայիս միտումներով խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» կստանա նվազագույնը 65-70 տոկոս ձայն եւ բացարձակ մեծամասնություն կձեւավորի խորհրդարանում։ Ուստի այդպիսի ինստիտուցիոնալիզացիայի թերեւս ամենակարեւոր քայլը ԱԺ-ի ձեւավորումն է։ 1990թ. դեռ ԽՍՀՄ շրջանում ձեւավորված Գերագույն խորհուրդն ընդունված է համարել բնույթով ամենաքաղաքականը ՀՀ բոլոր խորհրդարանների համեմատ։ Եվ պատահական չէ, որ 1990-95թթ. Հայաստանում իրական քաղաքական գործընթացներ էին ծավալվում, եւ գաղափարական պայքարը հենց այդ շրջափուլում էր։ 1995թ. խորհրդարանը ձեւավորվեց արդեն կոնկրետ անձանց նեղ-անձնական շահախնդրություններով։ Իշխանությանը թվում էր, որ այդպիսի խորհրդարանը հուսալի ապավեն է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչելու համար՝ առանց ԱԺ-ում անհարկի բանավեճերի։ Սակայն 1998թ. փետրվարին պարզվեց, որ այդպիսի խորհրդարանը ոչ միայն գլխացավանք է, այլեւ պալատական հեղաշրջման հրաշալի գործիք։ Այն պահից սկսած, երբ խորհրդարանը սկսեց դիտարկվել կոճակ սեղմողների նստատեղի, այդ պահից պետության ներսում սկսվեց քաղաքական ճգնաժամը։ Օրերս հնարավոր դարձավ կոտրելու կեղծված ընտրությունների պրակտիկան, իսկ դեկտեմբերին նույնպիսի համառությամբ ու պատասխանատվությամբ կարելի է կոտրել ԱԺ-ի ամորֆության բարդույթը։
Եթե ինչ-որ տեղ հասկանալի էր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը քաղաքացիական ակտիվիստների գերակշիռ մեծամասնությամբ ու կառավարման փորձառություն չունեցող անձանցով համալրելը, ապա նույնպիսի շքեղություն չի կարելի թույլ տալ խորհրդարանի պարագայում։ Քանի որ փոխված սահմանադրակարգում պետական իշխանության առաջնային մանդատը պատկանում է ԱԺ-ին, վերջինս պետք է իր էությամբ նախ` լինի քաղաքական, ապա՝ պրոֆեսիոնալ։ Խորհրդարանի ապագա կազմը պետք է լինի քաղաքական դեմքերի ու արհեստավարժների հարաբերականորեն հավասար համամասնությամբ։ ԱԺ-ում պետք է հայտնվեն անձինք, ովքեր քաղաքական դիսկուրս ձեւավորելու ընդունակություն ունեն, ինչպես նաեւ տիրապետում են կոնկրետ ոլորտային մասնագիտական գիտելիքների։ Սա չափազանց կարեւոր հանգամանք է, եթե ցանկություն չկա կրկնելու նախորդ ԱԺ գումարումների ճակատագիրը։ ՀՀ վարչապետը, որին հասարակությունը փաստացի շնորհել է ԱԺ-ի ապագա կազմը որոշելու առանձնաշնորհը, պետք է ձգտի առավելագույնս խուսափել հնազանդ ԱԺ ունենալուց եւ վերջինս յուրայիններով համալրելու նախկին արատավոր սովորույթներից։ Նոր Հայաստանի մթնոլորտին ու ձեւավորվող ավանդույթներին համարժեք՝ Նիկոլ Փաշինյանը կարող է նույնիսկ մանրակրկիտ «քաստինգ» անցկացնել փորձագիտական ու մասնագիտական շրջանակների հետ եւ հասարակության դատին հանձնել ինչ-որ չափով անգամ աննախադեպ խորհրդարան։ Այդպիսի ԱԺ-ն կարող է լինել աննախադեպ՝ նախորդ 6 խորհրդարանների դեգրադացիայի հետ զրոյական համեմատությամբ։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ԾՆՆԴԱՏԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՏՆՕՐԵՆ ԸՆՏՐԵՑԻՆ
Գյումրու ծննդատանը հայտնաբերված չարաշահումների գործով քննությունն ընթացքի մեջ է: Բանն այն է, որ ծննդատունը հսկայական պարտքեր է կուտակել, սակայն թե ով է մեղավորն ու ով է պատասխան տալու, միայն քննությունն է պարզելու:
Վերջին ամիսներին ծննդատան տնօրենի ընտրության խնդիրը համառորեն չէր լուծվում: Նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանի օրոք հայտարարված մրցույթի արդյունքներով չգոհանալով` հիվանդանոցում անձնակազմը մասնատվել էր: Հայտարարված մրցույթում մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Աբրահամյանն ու էնդրոկրինոլոգ Արմինե Էլբակյանը հավաքել էին հավասար միավորներ, մարզպետի որոշմամբ տնօրեն էր նշանակվել Արմինե Էլբակյանը: Սակայն անձնակազմի պայքարի արդյունքում վերջինս հեռացավ: Կառույցը սկսեց ղեկավարել ոչ թե Լիաննա Աբրահամյանը, այլ հիվանդանոցի այլ աշխատակից: Նոր մրցույթ հայտարարվեց, որին Լիաննա Աբրահամյանը նորից էր հայտ ներկայացրել: Մեկ տեղի համար Շիրակի մարզպետարանում 4 հայտ էր ներկայացվել:
Գյումրու ծննդատան տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 4 անձից միայն 2-ն էին ներկայացել` բուժհաստատության մանկաբարձ-գինեկոլոգներ Էդգար Սուքիասյանն ու Լիաննա Աբրահամյանը: Թեստային փուլից Էդգար Սուքիասյանը 49 միավոր էր ստացել, Լիաննա Աբրահամյանը` 47: Բանավոր փուլի 5 հարցից Էդգար Սուքիասյանը 4-ին, իսկ Լիաննա Աբրահամյանը 2-ին ճիշտ պատասխան են տվել: Լիաննա Աբրահամյանը դուրս է մնացել մրցույթից, զարգացման իր ծրագիրը ներկայացրել է Էդգար Սուքիասյանը:
Եւ հանձնաժողովի քվեարկության արդյունքում 6 կողմ, 1 դեմ ձայներով Գյումրու ծննդատան տնօրեն է ընտրվել Էդգար Սուքիասյանը:
Մինչ նոր տնօրենը, ստանձնելով նոր պաշտոնը, ձեռնամուխ կլինի աշխատանքի, նկատենք՝ նա բավական ծանր ժառանգություն է «նվեր ստացել»: Բուժհաստատությունը 25-30 միլիոն դրամ պարտքեր է կուտակել: Թե ինչպես է խնդիրը լուծելու նոր տնօրենը, հայտնի չէ: Բայց այն, որ ծննդատան օպտիմալացման խնդիրը դեռ առկախ է, փաստ է: Նոր տնօրենը ծննդատան առաջ ծառացած խնդիրների լուծումը տեսնում է Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի փակման մեջ: Հիշեցնենք, որ ավստրիական հիվանդանոցում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ստեղծումից անմիջապես հետո Գյումրու ծննդատանը կտրուկ նվազեց ծնունդների թիվը, ու կառույցը կանգնեց ֆինանսական լուրջ խնդիրների առաջ:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԻ` ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՉՏԻՐԱՊԵՏԵԼԸ

ՀՀ Արարատի ՔՊ-ական մարզպետ Գարիկ Սարգսյանը վարչապետի` սեպտեմբերի 22-ին Արարատի մարզ կատարած այցելությունից հետո հրաժարականի դիմում չի ներկայացրել:

Տեղեկացնենք, որ այդ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզպետից հետաքրքրվել էր, թե այս պահի դրությամբ մարզում ինչքան կաթիլային ոռոգվող այգի, ինչքան հակակարկտային ցանց ու կայան կա. «Ով կարող է այդ տվյալը տալ»: Հարցին արձագանքել էր անձամբ մարզպետը` հայտարարելով, որ բաց դաշտում 40 հազար կաթիլային համակարգով ոռոգվող տարածք կա: «40 հազար ի՞նչ», – հարցրել էր Փաշինյանը: «Հեկտար, կարծեմ», – պատասխանել էր մարզպետը, ապա ուղղել էր իրեն` նշելով. «40 հեկտար»: «Իսկ այգինե՞ր: Ով կա դահլիճում, որ էս հարցերին տիրապետում ա: Գյուղվարչության պետը ներկա չի՞», – հարցրել էր վարչապետը: Պարզվել էր, որ գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը ներկա չի եղել հանդիպմանը: Մինչդեռ հանդիպմանը ներկա փոխմարզպետ Արթուր Մկրտչյանն էր արձագանքել վարչապետի հարցին, բայց նրա փորձերը եւս ապարդյուն են անցել, եւ վերջինս չի կարողացել բավարարել վարչապետի պահանջները: Ինչից հետո վարչապետը հայտարարել էր. «Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում եւ ամենապրիմիտիվ տվյալներին չենք տիրապետում: Պետք ա սկսենք ստեղից»:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսական վարչության պետ Հայկազ Տերտերյանի հետ:
-Պարո՛ն Տերտերյան, ինչո՞ւ մարզպետը տեղյակ չէր «ամենապրիմիտիվ տվյալներից»…
-Դրանք այն թվերն են, որոնք մարզպետը որ ուզի էլ, չի կարողանա, քանի որ դրանք անընդհատ փոխվում են, բայց այդպես ստացվեց:
-Դուք ինչո՞ւ ներկա չէիք, որպեսզի «փրկեիք» մարզպետին:
-Ուղղակի ինձ ուղարկել էին ««Արտաշատի պահածոների» գործարան, ես այնտեղ էի իրենց սպասում:
-Արդարացնո՞ւմ եք մարզպետին, որ չի տիրապետել այդ տվյալներին…
-Ախր այդ թվերը փոփոխական են, մեզ մոտ` գյուղատնտեսության մեջ, ցանքսերը, բերքը ամեն օր փոփոխվում է: Այսօր մեկ թիվ է, վաղը` մեկ այլ: Դժվար է, ես եմ ամբողջ օրը նայում այդ թվերին, դարձյալ չեմ մտապահում…
-Նախապես չէի՞ք պատրաստել մարզպետին…
-Չէինք սպասում նման հարցի, անակնկալ եղավ…
-Գոնե այդ հանդիպումից հետո ներկայացրե՞լ եք տվյալները:
-Ասել եմ` այս պահի դրությամբ սրանք են մեր թվերը:
-Մարզպետը հանդիպումից հետո չի՞ զայրացել:
-Ոչ, ոչ… ինձ չէին ասել, իր մոտ էլ այլ տվյալներ են եղել, չէինք սպասում, որ նման հարց կհնչի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս