ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՆՎԵԼ Է ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ մեկ ամիս է, ինչ թիվ 5 ավտոբուսային երթուղին չի աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երթուղու վարորդները հրաժարվում են գիծ դուրս գալ: Պատճառը «Էջմիածին-Երեւան-Էջմիածին» միջմարզային միկրոավտոբուսային հ. 203 երթուղին է, որը կենտրոնական ավտոկայանում սահմանված վերջնակետից անօրինական ձեւով շարունակում է ուղեւորափոխադրումների իրականացումը` հասնելով մինչեւ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան, Աբովյան պուրակ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով Երեւանի վարչական տարածքով անցնող միջմարզային եւ ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների ուղեգծերը համաձայնեցվում են Երեւանի քաղաքապետի հետ: Իսկ ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի հ.1042-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների կազմակերպման կարգի 14-րդ կետի համաձայն` ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայարաններից, ավտոկայաններից եւ երթակարգավարական կետերից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղիղ մեկ ամիս է, ինչ խախտելով նշված նորմատիվ իրավական ակտերի պահանջները` «Էջմիածին-Երեւան-Էջմիածին» միջմարզային միկրոավտոբուսային հ.203 երթուղում շահագործվող տրանսպորտային միջոցները կենտրոնական ավտոկայանում սահմանված վերջնակետից անօրինական ձեւով շարունակում են ուղեւորափոխադրումները` հասնելով մինչեւ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան, Աբովյան պուրակ: Ըստ քաղաքապետարանի` այս ամենի արդյունքում խաթարվել է Երեւանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող մի շարք ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիների, այդ թվում նաեւ ավտոբուսային հ.5 երթուղու բնականոն աշխատանքը: Ինչից սկսել են դժգոհել երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների վարորդները:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ: «Ուղիղ մեկ ամիս է` չի աշխատում այդ երթուղին: Գրել ենք բազմաթիվ այլ կառույցների, որոնց իրավասության տակ է խնդրի լուծումը: Ոչ մի արձագանք չկա: Իրականում պատճառն այն է, որ Էջմիածնից եկող միջմարզային երթուղիներից հ. 203-ը պետք է գա մինչեւ կենտրոնական ավտոկայան, բայց արդեն մեկ ամիս է, շրջանցելով կառավարության համապատասխան որոշումը, խախտելով տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից սահմանած մրցութային կարգը, որոշել է քշել մինչեւ Աբովյան պուրակ: Ուղեվարձը 50 դրամով թանկացրել է, անունն էլ դրել է, թե իբր ուսանող է Էջմիածնից Երեւան տեղափոխում»,- իրավիճակը ներկայացրեց Հենրիկ Նավասարդյանը: Նշենք, որ այս համարի երթուղուց օգտվող քաղաքացիներն Էջմիածնից մինչեւ Երեւան հասնելու համար վճարում են 300 դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար, փոխքաղաքապետ Կամո Արեյանը գրավոր, պաշտոնապես դիմել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Սակայն այս գերատեսչությունը շարունակում է ուխտի ականջում քնած մնալ: Մինչ օրս քաղաքապետարանը խնդրի վերաբերյալ ոչ մի արձագանք չի ստացել նախարարությունից:
Մինչդեռ այս ամենի արդյունքում Երեւանի Ջրվեժի, Նոր Նորքի 4-րդ, 2-րդ, 1-ին զանգվածների բնակիչներն արդեն մեկ ամիս է` հայտնվել են անելանելի դրության մեջ: Այս մասին «ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ բողոքներ է ստանում երեւանցիներից: «Մեկ ամսվա ընթացքում օրերով չի աշխատել երթուղին: Օր է եղել` երկու անգամ են գիծ դուրս եկել, բայց հիասթափված թողել, հետ են եկել: Բայց խնդրին, բացի քաղաքապետարանից, արձագանքող չկա»,- նկատեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը:
Զրույցի ավարտին «Ժողովուրդ» օրաթերթը Հենրիկ Նավասարդյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է գտնվում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտն ընդհանրապես: Հարցին ի պատասխան` նա արձագանքեց. «Ոչ լավ, բայց ոչ այսպիսի: Բնականաբար, մեքենաների տեխնիկական վիճակը գնալով վատանում է, երթուղիներ են փակվում: Բայց դեռ կարողանում ենք սպասարկել»: Ի դեպ, ըստ քաղաքապետարանի` վերջին երեք ամիսների ընթացքում երկու միկրոավտոբուսային երթուղի է փակվել` հ. 11 եւ հ. 62: Պատճառը վնասով աշխատելն է: «Հ. 62 երթուղու աշխատանքը ստիպված էինք դադարեցնել, քանի որ տեխնիկապես անմխիթար վիճակում էր գտնվում պարկը: Ոչ ոք ներդրում չցանկացավ կատարել, որովհետեւ վնասով էին աշխատելու: Հրաժարվեցին, մենք էլ ստիպված փակեցինք»,- ափսոսանքով նկատեց Նավասարդյանը:
Պարզվում է` հ.5 եւ հ.203 երթուղիների խնդրին տեղյակ է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Բայց ոչինչ չի ձեռնարկում: Այլ կերպ ասած` անգործության է մատնված: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին. «Այո՛, չվացուցակով նախատեսված չէ, որ 203 համարի երթուղին հասնում է մինչեւ բժշկական համալսարանի շրջակայքը: Բայց տրանսպորտային տեսչությունը, որը խախտումներն արձանագրում եւ համապատասխան արձանագրություն էր կազմում, այլեւս չի գործում եւ վերակազմավորման փուլում է գտնվում: Այսինքն` այդ տեսչության գործառույթը իրականացնող մարմին այս պահին չկա, որը կարձանագրի, որ տվյալ երթուղին չվացուցակ է խախտում եւ տուգանքներ կիրառի»: Ապա նախարարությունից խոստացան խնդիրը քննարկել Երեւանի քաղաքապետարանի հետ: Թե երբ նախարարությունը քնից կարթնանա եւ կբարեհաճի խնդիրը քննարկել, ոչինչ չասացին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂ-ՏԵՂ ԿԱՆԳՆԱԾ Է

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները առանձին վայրերում խոչընդոտվում են, որոշ հատվածներում էլ դադարեցված են ընդհանրապես: Մասնավորապես Տիգրան Մեծ փողոցում շինաշխատանքներն արդեն մի քանի օր է` կանգ են առել: Աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ:

Գյումրու փողոցաշինական աշխատանքների վերահսկողությունը համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Արա Մելիքջանյանի փոխանցմամբ` աշխատանքների պաշտաճ կատարման ուղղությամբ վերահսկողություն իրականացվում է, սակայն թերությունները եղել են ավելի շուտ. «Մի քանի օր առաջ եմ խոսել շինարարների հետ, ասացին` վերսկսելու են: Բազալտե նոր եզրաքարեր են ներկրվել, ու աշխատանքները կշարունակվեն: Բերել են, ստանդարտներին չհամապատասխանող բազալտե եզրաքարեր են տեղադրել, բետոնալցում են արել, աշխատողի փող են տվել, գումար են ծախսել, մեր խնդիրը չէ, թե այդ գումարն ինչպես կփոխհատուցվի: Թե ի սկզբանե աշխատանքներն իրականացնեին նախագծին համապատասխան»:
Շինկազմակերպության աշխատակիցները օրեր առաջ բողոքում էին, որ աշխատավարձերն են ուշանում, ինչն էլ կապվում էր նրանց ցածրորակ աշխատանքի հետ: Բացի այդ, խոչընդոտներ կան նաեւ այլ ճանապարհահատվածներում աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման պատճառով. «Որ հատվածում հայտանբերվի թերություն, շինարարությունը կկանգնեցվի: Մինչ համապատասխան որակ չապահովվի, չի շարունակվելու: Աշխատանքները երբեմն կանգնում են օպերատորների կողմից ոչ ճիշտ մալուխների տեղակայման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ, մալուխների, ջրագծերի հատմամբ պայմանավորված, որոշ դեպքերում` շինարարների անբարեխիղճ աշխատանքներով պայմանավորված»,-ասաց փոխմարզպետ Արա Մելիքջանյանը:
Ստացվում է` հենց վերահսկողությունն անցավ մարզպետարանին, թերություններն էլ ի հայտ եկան: Հիշեցնենք, որ նախկինում աշխատանքները համայնքապետարանն էր վերահսկում, Սամվել Բալասանյանն էլ դիմել էր կառավարությանը ստեղծելու վերահսկող այլ մարմին, որը կղեկավարեր մարզպետարանի ներկայացուցիչը:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի




Լրահոս