Հայաստանյան քաղաքական դաշտում իսկապես աննորմալ իրավիճակ է ստեղծվել. ամբողջությամբ խախտված են քաղաքագիտական սահմանները: Ու այսօր դժվար է միանշանակ ասել՝ որ քաղաքական ուժն է իշխանություն, եւ որը ընդդիմություն: ՀՀԿ-ն թավշյա հեղափոխության արդյունքում հեռացվեց գործադիր իշխանությունից, հետո ԱԺ-ում իրեն հայտարարեց ընդդիմություն, բայց եւ ԱԺ-ում շարունակում է պահպանել օրենսդիր իշխանության լծակները: Մյուս կողմից գործադիր իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, բայց ԱԺ «Ելք» խմբակցությունը, որի մաս է նաեւ վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կայուն մեծամասնություն չունի, այլ այնտեղ 9 պատգամավոր է: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն թեեւ Փաշինյանի կառավարության մաս են կազմում, բայց նրանց էլ դժվար է ԱԺ-ում համարել իշխանություն, միաժամանակ նաեւ դժվար է համարել ընդդիմադիր: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում ասված է. «Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր»: Այսօր Հայաստանում, ըստ էության, կառավարության կազմավորման վերաբերյալ չկա ստորագրված հուշագիր: Ու այս տրամաբանությամբ կարելի է ասել, որ ԱԺ-ում բոլորն են ընդդիմադիր խմբակցություն,՛ բայց եւ բոլորը իշխանական լծակներ ունեն՝ ՀՀԿ-ն` օրենսդիրում, մյուսները՝ գործադիրում: Սա, ի դեպ, Սերժ Սարգսյանի համար գրված սահմանադրության եւ օրենսդրության հետեւանք է:
Պատահական չէ, որ երեկ էլ ԱԺ Քննիչ հանձնաժողովի առաջին նիստում խորհրդարանական ուժերը շուրջ 40 րոպե գլուխ էին կոտրում մեկ հարցի շուրջ՝ ո՞վ է հայաստանյան գործող խորհրդարանի ընդդիմությունը: Բանն այն է, որ Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից: Ուստի մինչ այդ հարկավոր էր ճշտել այդ հարցը: Ի վերջո, երկար բանավեճերից հետո Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որն այս օրերին ԱՄՆ-ում է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին Հայաստան է ժամանել ԱՄՆ-ում հայտնի հայազգի օրենքով գող Արմեն Ղազարյանը` Պզոն: Վերջինիս դիմավորել են Զվարթնոց օդանավակայանում: Ընդ որում` ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ որեւէ աղմուկ չբարձրանա: Պզոյի ՀՀ գալը հատկանշական է այն առումով, որ շաբաթներ առաջ մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշում էր կայացվել նրան սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ից արտաքսելու մասին: Ըստ այդմ, Պզոյին պետք է ուղարկեին Հայաստան: Նշենք, որ դեռեւս 2013 թ. Արմեն Ղազարյանը Մանհեթենի դաշնային դատարանում 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց «Միրզոյան- Թերջանյան» կազմակերպության հանցավոր համագործակցության մեջ ներգրավված լինելու համար:
Սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց 2017 թվականին ստեղծված «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարելու մասին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ե՛ւ այդ հիմնադրամը, ե՛ւ նման մի շարք այլ կառույցներ անարդյունավետ են աշխատում, փոխարենը բյուջեից ահռելի գումարներ ստանում: Միայն թե կառավարությունը չի շտապում լուծարել բյուջեի վրա ահռելի բեռ դարձած մեկ այլ անիմաստ կառույց. խոսքը նախկին «Հայաստանի զարգացման» հիմնադրամի մասին է, որ անվանափոխվել է` դառնալով «Բիզնես Արմենիա», բայց եւ շարունակում է ահռելի բեռ մնալ ՀՀ պետական բյուջեի վրա: «Ժողովուրդ» օրաթերթն այս հիմնադրամի շռայլ գնումներին անդրադառնալու առիթներ ունեցել է: ՈՒ հիմա, մեղմ ասած, անհասկանալի է` ինչու վարչապետն այս հարցում չի շտապում` թույլ տալով, որ այն ՀՀ բյուջեից ահռելի գումարներ ստանա: Մեկնաբանությունների համար կդիմեինք ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանին, բայց անիմաստ է. նա չի պատասխանում` ասելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա ԱՄՆ-ից վերադառնալուց հետո:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է հարցաքննվի նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը: Քննչական կոմիտեն արդեն դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի ԲԴԽ-ն թույլ տա հարցաքննել դատավոր Վաչե Մարգարյանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԲԴԽ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ի պատասխան` ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը պատասխանեց. «Դատական օրենսգրքի 52, 53 հոդվածների համաձայն` դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդն իրազեկվել է»: Հիշեցնենք, որ դատավոր Մարգարյանի անունը եւս շոշափվում էր ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցում, քանի որ նա է բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ դատավոր Մարգարյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ ինքը երբեւէ չի զանգել ԱԱԾ պետին ու դա ասում է ամենայն պատասխանատվությամբ: Նույնը, մեր տեղեկություններով, նա ասել է նաեւ մերձավոր շրջապատում, եւ հավանաբար, նրա ցուցմունքները կլինեն հենց այս բովանդակության:
ՄԻԱԿ ՍԿԶԲՈՒՆՔԸ
ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ մի քանի կարեւոր շեշտադրում է արել: Մի կողմից նա հայտարարել է, թե Արցախի Հանրապետության կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում: Նա նշել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար: Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով:
Միաժամանակ ՀՀ վարչապետն Արցախյան հակամարտությունը ներկայացրել է բացառապես «անջատում հանուն փրկության» միջազգայնորեն ճանաչված սկզբունքի փիլիսոփայության համատեքստում. սկզբունք, որի մասին դեռ 1996թ. խոսել էր նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ գագաթնաժողովում:
«Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միեւնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու ԼՂ-ի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը ԼՂ-ի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջեւանում: Սա իրավունք է տալիս ԼՂ-ին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետեւաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով,- «Թույլ տվեք վերահաստատել. հակամարտությունը կարող է եւ պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով խաղաղության եւ ոչ թե պատերազմի մթնոլորտում»:
Նման արձանագրումը, թերեւս, կարեւոր է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1988 թ. ի վեր ադրբեջանական իշխանությունները փորձել են հետեւողականորեն էթնիկ զտումներ իրականացնել: Այնպես որ, եթե ինչ-որ հրաշքով Ղարաբաղը լինի Ադրբեջանի մաս, ապա դա կհանգեցնի նոր ցեղասպանության, ուրիշ ոչինչ: Ըստ այդմ` տվյալ դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը ԼՂ խնդրում այլընտրանք չունի: