«Ժողովուրդ» օրաթերթը ՏԻՄ ընտրութունների մասին զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:
-Պարո՛ն Աղազարյան, ՏԻՄ ընտրությունների արդյունքները սպասելի՞ էին։
-Սպասելի էին։ Մի քիչ անորոշ վիճակ կար Կապանում։ Մենք տեղյակ էինք մեր հակառակորդի հնարավորություններից։ Գեւորգ Փարսյանը փորձառության առումով առավելություն ունի։ Այս փոքրիկ պարտությունը մեր մեծ հաղթանակի մի մասն է։
-12 թեկնածու ունեցող Էջմիածնում ընտրությանը մասնակցեց ընդամենը 9000 քաղաքացի։ Ինչո՞վ էր սա պայմանավորված։
-Էջմիածինը տարիներ ի վեր հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր կարծիքը, եւ հիմա երեւի թե դրա հետքերը մնացել են։ Բացի այդ, կան մարդիկ, որ տարիներ ի վեր այստեղ չեն, բայց նրանց անունը կա ընտրացուցակներում։ Այդ տոկոսը Էջմիածնում մեծ է։
-Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ թեկնածուների ընտրվելը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի գործոնով: Մինչեւ ե՞րբ պետք է օգտագործվի Փաշինյանի բարձր վարկանիշը:
-Դա էական նշանակություն ունի: Նիկոլ Փաշինյանը մարմնավորում է համաժողովրդական իշխանությունը: Հետեւաբար, կարծում եմ՝ մոտ 2 տարի էլ դեռ այդ հանգամանքը կլինի: Մեր գործընկերները, մրցակիցները պետք է հաշվի առնեն սա եւ շատ ավելի պատրաստված պետք է լինեն:
-ՔՊ-ն հայտարարեց, որ Հրազդանում չի պաշտպանում Սեւակ Միքայելյանի թեկնածությունը: Դուք, անձնական հարաբերություններ ունենալով Սասուն Միքայելյանի հետ, Ձեզ վատ չե՞ք զգում, որ չկանգնեցիք նրանց կողքին:
-Վատ չեմ զգում, որովհետեւ վստահ էի՝ տվյալ պարագայում իր կողքին կանգնել-չկանգնելը ոչինչ չէր փոխելու: Ես համոզված էի, որ Սեւակը կհաղթի: Էնպես չէ, որ մենք մեր ընկերոջը մենակ ենք թողել, եւ էնպես չէ, որ մենք մեր հրամանատարին թողեցինք մարտի դաշտում ու հեռացանք: Էստեղ քաղաքական խնդիր կար: Սասուն Միքայելյանը մեր վարչության նախագահն է, եւ քանի որ հեղափոխությունից հետո մենք որոշակի լծակներ ունենք, չպետք է որեւէ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, որ մենք այդ լծակները կարող ենք օգտագործել անձնական խնդիրներ լուծելու համար: Վստահ եմ՝ Սեւակը իր վրա դրված պատասխանատվության տակից դուրս կգա: Եթե ընդդիմադիր ուժ լինեինք, մեր բոլոր հնարավորություններով կպաշտպանեինք Սեւակին:
– «Իմ քայլը» դաշինքի մի քանի անդամներ բացահայտորեն պաշտպանում էին մյուս թեկնածուին՝ Լեւոն Ստեփանյանին: Ըստ Ձեզ՝ սա որքանո՞վ է ազնիվ:
-Սեւակը չէր հանիսանում ՔՊ-ի թեկնածուն: Այսինքն՝ դա մարդկանց անձնական որոշումն է: Այնուամենայնիվ, եթե ես լինեի ավագանու անդամ, այդպես չէի վարվի:
Լուսինե Մինասյան