ԵՐԲ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԲՈՂՋԱՆԱ, ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՇԱՏԵՐԸ ԿԳԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը 2011թ.-ի վերջին հայտարարեց, որ հեռանում է Հայաստանից: Պատճառն այն էր, որ նրա ընկերությունը դատարանի որոշմամբ անցավ նախկին ամուսնուն՝ Վազգեն Ասատրյանին: Գործունյանը հեռացավ Հայաստանից՝ հայտարարելով, որ չի վերադառնալու, մինչեւ գործող իշխանությունները չփոխվեն: «Ես ներդրեցի իմ ժամանակը, էներգիան, առողջությունն ու գումարները, որպեսզի Աբովյան փողոցում լուսավորվի փարիզյան փոքրիկ սրճարանը, որ եղել է գործարար, ընկերական ու հանգստի հանդիպումների վայր: Սակայն փոքրիկ երազանքս ինձ համար վերածվել է անվերջանալի մղձավանջի»,- իր հարցազրույցներից մեկում ասել է նա:

«Ժողովուրդ» օրաթերթը ֆրանսահայ գործարարի հետ զրուցեց վերջինիս հայտնի պատմության եւ նոր իրավիճակի հետ կապված նրա ակնկալիքների մասին:
-Տիկի՛ն Գործունյան, մի փոքր պատմեք՝ ի՞նչ տեղի ունեցավ տարիներ առաջ եւ ո՞վքեր էին կանգնած դրա հետեւում:
-Ինձ հետ շատ անարդարացի են վարվել Հայաստանում տարիներ առաջ: Երբ ես ու ամուսինս բաժանվեցինք, ես բիզնես ունեի եւ կարծում էի, որ որեւէ տարբերակ չկա դա ինձնից խլելու: Սա կարգավորվել է պայմանագրով, որը կնքվել էր Ֆրանսիայում: Սակայն Հայաստանում դատական գործընթացների ժամանակ ասացին, որ այդ թուղթը այստեղ չի անցնում: Նաեւ իբր հաշվապահության հետ կապված խնդիրներ կային, որոնք շինծու էին: Եվ դրանով էլ ինձ ստիպեցին 150.000 դոլար հարկ վճարել: Այդպես եղավ, որովհետեւ Սերժի Վաչոն նախկին ամուսնուս ամենամոտ ընկերն է: Եվ նրանք արեցին այն, ինչ ուզեցին: Նամակ գրեցի այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով, որ թույլ տան գոնե քիչ-քիչ վճարել դրանք: Չնայած ասեմ, որ միեւնույնն է, հանաձայն չէի դրանց հետ: Նամակս անպատասխան մնաց: Պարզապես ստիպված էի: Ինձ հետ կատարվածի մեջ Հայաստանի նախկին իշխանություններն են մեղավոր: Այդ դեպքերից հետո շատ հիասթափված վերադարձա Փարիզ:
-Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ: Ի՞նչ եք կարծում, որը դարձավ ժողովրդի ամենակարեւոր մոտիվացիան:
-Ես անկեղծորեն զարմացել էի այդ ամենի վրա: Չէի պատկերացնում, որ կլիներ նման բան: Բայց երեւի թե ճիշտ ժամանակին եղավ այն, ինչ պիտի լիներ: Շատ փորձեր են եղել, որոնք ձախողվել են, բայց պարոն Փաշինյանը հաջողեց: Ուրեմն երեւի այսպես պիտի լիներ: Սա իրոք ժողովրդի վերջին հույսն էր:
-Բազմիցս նշել եք, որ կվերադառնաք Հայաստան միայն այն դեպքում, երբ իշխանափոխություն լինի: Հիմա ի՞նչ եք մտածում վերադարձի մասին:
-Ես ամբողջությամբ հետեւել եմ հեղափոխության գործընթացին եւ ապրել դրանով: Հիմա էլ Հայաստանով եմ ապրում : Ամեն մի նորություն Հայաստանի մասին անչափ կարեւոր է ինձ համար: Տեսնում եմ՝ արդեն իսկ շատ բան է փոխվել: Բայց կարծում եմ՝ դեռ շատ բաներ կան, որ պիտի ուղղվեն: Օրինակ՝ արդարություն լիովին հաստատված չէ գոնե դատական համակարգում, եւ այն դատավորները, որոնք հիմա դեռ համակարգում են, 10-20 տարի եղել են ուղղակի կատարողներ եւ դժվար թե փոխվեն: Իհարկե, բոլորի մասին չէ խոսքս: Երբ ամբողջովին փոխվի, եւ իրապես արդարություն հաստատվի, անշուշտ, որդիներիս հետ կվերդառնամ:
-Ասացիք, որ Ձեզ հետ անարդարացի են վարվել: Հիմա, երբ շատ բաներ այլ են երկրում, հնարավո՞ր է, որ վերսկսեք դատական պրոցեսները:
-Լրջորեն մտածում եմ այդ մասին: Մեծ հավանականություն կա, որ կվերսկսեմ:
-Մտադրություն ո՞ւնեք Հայաստանում բիզնեսով զբաղվել:
-Այո, իհարկե: Նման մտքեր ունեմ: Բնական է, որ սեփական երկրում ինչ-որ լավ բան անել շատ եմ ուզում: Որդիներս շտապեցնում են: Ասում են՝ անհապաղ գնանք Հայաստան: Բայց ես համբերատար սպասում եմ, մինչեւ ամեն ինչ իրապես հրաշալի կլինի: Շատ զգուշավոր եմ դարձել: Պիտի 100 տոկոսով վստահ լինեմ, որ սեփական երկրում ինձ ամբողջովին պաշտպանված եմ զգալու:
-Ի՞նչ եք կարծում, կա՞ն ֆրանսահայ գործարարներ, որոնք եւս կցանկանան Հայաստանում ներդրումներ անել:
-Կարծում եմ` կան: Երբ հեղափոխությունը ամբողջանա, վստահ եմ՝ շատերը կգան: Իսկ դա կլինի, երբ կազմակերպվեն խորհրդարանական ընտրություններ: Դրա անհրաժեշտությունը շատ մեծ է: Ամբողջովին վստահում եմ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին: Գիտեմ՝ հայ ժողովուրդը չի սխալվի, որովհետեւ վստահ եմ, որ Հայաստանում արդեն գիտակցում են՝ վաճառելով իրենց ձայնը` վաճառում են իրենց երեխաների ապագան: Իշխանությունները պետք է սկսեն մտածել այնպիսի պայմաններ ստեղծելու մասին, որը կգրավի նաեւ օտարերկրացի բիզնեսմեններին: Եվ եթե ստացվի նման բան անել, կտեսնենք, թե որքան մարդ է հետաքրքրված մեր երկրով:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՕՐ

Հայաստանի կառավարությունը առաջիկայում գումար կհատկացնի գյուղատնտեսության, առողջապահության եւ կրթության եւ գիտության նախարարություններին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ որոշմամբ ԿԳՆ-ին կառավարությունը կհատկացնի 60 մլն 131 հազար 100 դրամ դպրոցներում ռոբոտատեխնիկայի խմբակավարներին վարձատրելու համար:

Բացի այս, կրթության եւ գիտության նախարարությունը գումար է պահանջում նաեւ համակարգիչներ ձեռք բերելու համար: Ըստ ԿԳՆ-ի` ներկայումս աշխատակազմում առկա համակարգիչների, համակարգչային սարքավորումների մի մասը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված են: Բացի այս, ԿԳՆ-ն խորհրդակցությունների դահլիճի եւ նախարարի տեղակալների աշխատասենյակների համար գրատախտակների կարիք ունի: Իսկ այս համակարգիչների եւ համակարգչային սարքավորումների ձեռքբերման համար ԿԳՆ-ն պահանջում է հատկացնել 10 մլն 624 հազար դրամ: Գյուղատնտեսության նախարարությանը գործադիրը կհատկացնի 4.5 մլն դրամ Երեւանի Կասյան փողոցի վերին հատվածում գյուղատնտեսական մթերքի տոնավաճառների կազմակերպման համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եւս գումար է պահանջել կառավարությունից: Բանն այն է, որ այս տարվա պետական բյուջեով Ջերմուկի ճանապարհային ենթակառուցվածքների զարգացում ծրագրի իրականացման համար հատկացվել է 2 մլրդ 440 մլն 694 հազար դրամ: Նախագծով նախատեսվում է չօգտագործված գումարից 2 մլրդ 222 մլն 654 հազար դրամ հատկացնել նախարարությանը միջպետական նշանակության եւ համայնքային ճանապարհների միջին նորոգման եւ հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար:
Առողջապահության նախարարությունը ակնկալում է գործադիրից ստանալ 13 մլն 587 հազար դրամ գումար: Բանն այն է, որ ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրած բժշկական սարքավորումները` թվով 4 բեռնարկղ, օգոստոսի 31-ին ժամանել են Երեւան եւ այժմ գտնվում են նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի պահեստում` մաքսային մարմինների հսկողության ներքո: Ամերիկյան կողմը վճարել է բեռների` ԱՄՆ-ից մինչեւ Փոթի նավահանգիստ փոխադրման ծախսերը: Բայց հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 29-ը ընկած ժամանակահատվածում բեռները գտնվել են Փոթի նավահանգստում, որոնց պահման եւ պահպանման ծառայությունների համար առաջացել են ֆինանսական պարտավորություններ: Ի դեպ, Հայաստանի մարզպետարանները եւս կօգտվեն. կառավարության կողմից գումար կհատկացվի նաեւ Լոռու, Արմավիրի, Շիրակի եւ Տավուշի մարզպետարաններին: Ընդհանուր գումարի չափը կազմում է 82 մլն 913 հազար դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՓՈՂԸ ՉԵՆ ՏՎԵԼ
Հունիսի 16-ին շուրջ կես ժամ տեղացած կարկուտը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի եւ Բարեկամավան գյուղերի բնակիչներին մեծ վնասներ է պատճառել: Կոթիի շուրջ 400 հա հացահատիկի արտերի բերքը ոչնչացել է: Կոթեցիների վկայությամբ՝ դրանց մի մասը գարու արտեր էին, որոնք մի շաբաթից պետք է հնձեին: Հունիսի 18-ին Կոթի եւ Բարեկամավան են այցելել խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը եւ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղվարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ովքեր ծանոթացել են կարկտահարության պատճառած վնասի չափերին: Սակայն վերջնական հաշվարկներ դեռ չեն արվել: Կոթի վարչական շրջանի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ խոստացել են կարկտահարության վնասները փոխհատուցել, սակայն առայժմ գումարներ չեն տրամադրել:

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օգոստոսի 8-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել Տավուշի մարզի Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները նշանակել 2018թ. հոկտեմբերի 21-ին: Այդ օրը համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանան նաեւ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքում: Լուսահովիտը, Սարիգյուղը, Բերքաբերը Իջեւանի տարածաշրջանի գյուղեր են: Տավուշի մարզի Դիլիջանի, Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում համայնքների խոշորացում է կատարվել, իսկ Իջեւանի տարածաշրջանում` ոչ: Օգոստոսի 10-ին Բերդի համայնքապետարանի շենքում հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տրվեց խոշորացված համայնքների մաս կազմող նախկին համայնքների առանձնացման հնարավորության մասին: Ն. Փաշինյանն ասաց` իրենք դեմ են, որ առանց համայնքների բնակիչների կարծիքը հաշվի առնելու դրանք խոշորացրել են, սակայն կսպասեն 2 տարի, որպեսզի տեսնեն՝ համայնքների խոշորացումը դրական արդյունք է տալիս, թե ոչ, հետո կկողմնորոշվեն, թե ինչպես վարվեն: Փաշինյանն ասաց, որ այսուհետ առանց համայնքների համաձայնության խոշորացման գործընթաց չի իրականացվելու:

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ
Դիլիջան քաղաքի բնակիչ, հասարակական սեկտորի աշխատող Արարատ Ալիխանյանին մտահոգում է Իջեւան-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի Թեղուտ գյուղով ձգվող հատվածի վիճակը. ճանապարհաեզրի պաշտպանիչ պատվարների կամ քարերի բացակայության պատճառով երթեւեկության համար վտանգավոր է: Այդ ճանապարհի սառցակալած լինելու կամ էլ այլ պատճառներով ավտոմեքենաները կարող են ընկնել գետը: Ա. Ալիխանյանը հայտնեց, որ ինքն ամեն օր անցնում է այդ հատվածով, շատ պաշտոնյաներ էլ են անցնում այդտեղով, սակայն խնդրին ուշադրություն չեն դարձնում: Ա. Ալիխանյանը խնդրի մասին տեղեկացրել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանին, սակայն այդպես էլ արձագանք չի եղել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս