ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ ՄՈՆՏԱԺՎԱԾ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը բավական մեծ աղմուկ հանեց. այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցված: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ բարձրաստիճան այս երկու պաշտոնյաների հեռախոսազրույցը ներկայացվել է մոնտաժված. հրապարակայնացնող կողմը ներկայացրել է միայն այն մասերը, որ իրենց է ձեռնտու: Իսկ իրականում նրանք բավական երկար են խոսել` մոտ 20 րոպե: Ավելին` ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը քննակել են նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը: Ընդ որում` ԱԱԾ տնօրենը խորհուրդ է տվել կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրել փաստերը, հիմնավորվածությունը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո հայտարարեց ակտիվ քաղաքականություն մտնելու մասին, սկսել է հանդիպումներ անցկացնել: Նպատակը խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ միավորում ձեւավորելն է: Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Քոչարյանը հիմնականում հանդիպում է «մարդ-կուսակցությունների» նախագահների հետ: Քոչարյանն այս ընթացքում ընդունել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ կուսակցությունների ղեկավարները չեն հերքել Քոչարյանի հետ հանդիպման փաստը: Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասել է, որ եթե Քոչարյանն ատիվ քաղաքականության մեջ մտնի եւ այնպիսի խնդիրներ առաջադրի, որը իրենց ծրագրին մոտ է, գուցե համագործակցություն սկսեն:

 

 

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի ժամկետները դեռ անորոշ են. այն հավանաբար տեղի կունենա 2019 թվականին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ավելի վաղ, սակայն, ՌԴ նախագահի` Հայաստան այցի ժամկետ էր շրջանառվում տարեվերջը: Բացի այդ, ՌԴ նախագահը կարճատեւ այցով երեկ Ադրբեջանում էր, որից հետո նա մեկնել է Դուշանբե մասնակցելու ԱՊՀ ղեկավարների հավաքին: Ի դեպ, Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպի այդ այցի շրջանակներում: Իսկ մինչ այդ ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ ՌԴ նախագահը սկզբում ծրագրել էր այցելել Ադրբեջան սեպտեմբերի 28-ին, ապա այցը տեղափոխվել էր 25-ին: «Ծրագրվում էր, որ սեպտեմբերի 26-ից հետո Պուտինը կգա նաեւ Երեւան, որպեսզի հանդիպի Ն.Փաշինյանին: Սակայն, ինչպես հայտնի է, Փաշինյանը մեկնել է ԱՄՆ: Հայկական կողմն առաջարկել է հանդիպումը տեղափոխել դեկտեմբերին: Թե ռուսական կողմն ինչ է պատասխանել, եւ ինչու են ժամկետները կրկին փոխվել, ես չեմ կարող ասել»,- ասել է նա:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր վերջերս Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի եւ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի միջադեպի մասին: Երբ քաղաքապետը համարձակվել էր վազանցել փոխմարզպետի մեքենան, վերջինս չէր ներել այդ հանդուգն արարքը եւ անմիջապես հեռախոսով ՃՈ-ին կարգադրել էր մեքենան տանել տուգանային հրապարակ: Ու ՃՈ աշխատակիցները տարակուսած կանգնեցրել են քաղաքապետի մեքենան, որից հետո Ադամյանը եկել է մարզպետարան կատարվածի համար հաշիվ պահանջելու փոխմարզպետից: Եւ այդպես նրանք թեժ վիճել են: Միայն թե հիմա կողմերը փորձում են գաղտնի պահել այս միջադեպը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին, սակայն նա ասաց. «Իսկ ո՞վ է ասում, որ նման բան է եղել: Ես տեղյակ չեմ, նման բան չի եղել: Լարվածություն ընդհանրապես չկա: Մեզ մոտ նորմալ, աշխատանքային պրոցես է»: Իսկ մինչ այդ նկատենք, որ նոր պաշտոնյաներից ոմանք իրենց փորձում են պահել ՀՀԿ-ականների պես բոլոր բացասական դրսեւորումներով:

 

 

 

ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ
ՀՀԿ-ականներն ամեն ինչ անում են օտարերկրյա պաշտոնյաների մոտ Հայաստանի նոր կառավարության նկատմամբ բացասական կարծիքներ եւ տրամադրություններ ձեւավորելու համար: Հասկանալի է` նրանք չեն կարող հաշտվել իրականության հետ, որ համաժողովրդական ընդվզման արդյունքում հեռացվեցին իշխանությունից: Ու հիմա փորձում են վրեժխնդիր լինել վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ նրա թիմից` այդ նպատակով առաջին իսկ պատահած օտարերկրացի պաշտոնյայի մոտ դժգոհելով: Օրինակ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը երեկ Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանն ասել է, թե Հայաստանի տնտեսական առաջընթացը կախված է բարեփոխումների իրականացումից, ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից: Այնուհետեւ նա եվրոպացի պաշտոնյային ասել է, թե կառավարությունը մինչ օրս էական քայլեր չի ձեռնարկել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսության ազատականացման, Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ թվում նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:
Հասկանալի է` օրերս ԱՄՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կառավարության ամենակարեւոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է: «Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
Հիմա ՀՀԿ-ականները փորձում են օտարերկրացի պաշտոնյաներին հակառակը համոզել` այդպես փորձելով հերքել Փաշինյանի թեզը: Միայն թե ՀՀԿ-ականներն իրենց հայտարարություններում, մեղմ ասած, ազնիվ չեն եւ փորձում են իրականությունը խեղաթյուրված ներկայացնել: Այդ ժանրից էր ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունը, թե կառավարությունն էական քայլեր չի ձեռնարկել ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսության ազատականացման ուղղությամբ: Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ՀՀ-ում ներդրումների ներգրավման խոչընդոտները եղել են քաղաքական` աներեւակայելի չափերի կոռուպցիա, փայ մտնել, մենաշնորհներ: Ու Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության առաջին օրերից սկսեց պայքարել հենց այդ ուղղություններով. ասվածի ապացույցը տարբեր կոռուպցիոն բացահայտումներն էին, նաեւ տնտեսության ազատականացման ուղղությամբ քայլերը, երբ այսօր ցանկացածը կարող է ներկրմամբ զբաղվել: Այնպես որ, ՀՀԿ-ականները զբաղված են հանրությանը մոլորեցնելով:




Լրահոս