ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԱՄՆ-ՈՒՄ, ՊՈՒՏԻՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի ժամկետները դեռ անորոշ են եւ հավանաբար տեղի կունենա 2019 թվականին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա նշել է, որ մինչեւ տարվա վերջ Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան հանդիպելու սեպտեմբերի 27-28-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովին, այնուհետեւ Աստանայում ՀԱՊԿ-ի նստաշրջանին, իսկ դեկտեմբերին` Մոսկվայում ԵԱՏՄ-ի գագաթաժողովին:

Ավելի վաղ, սակայն, ՌԴ նախագահի` Հայաստան այցի ժամկետ էր շրջանառվում տարեվերջը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ռուսական կողմից պարզել, թե որն է եղել ժամկետների փոփոխության պատճառը:
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:
-Պարո՛ն Կոլերով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի տարբեր ժամկետներ էին նշվում, այսօր էլ հայտնի դարձավ, թե այցը կլինի միայն 2019 թվականի սկզբին: Ըստ Ձեզ` ինչո՞ւ նման փոփոխություններ տեղի ունեցան:
-Գոյություն ունեցող ավանդույթի համաձայն` Ռուսաստանի առաջին դեմքը, եթե այցելում է Ադրբեջան, ապա պետք է բալանսի համար այցելի նաեւ Հայաստան, եւ հակառակը, եթե նա այցելում է Հայաստան, ապա հետո պետք է հանդիպի նաեւ Ադրբեջանի ղեկավարությանը: Սկզբում Պուտինի ծրագրերում նախատեսված էր Ադրբեջան այցելել սեպտեմբերի 28-ին, ապա այն տեղափոխվեց 25-ին եւ ծրագրվում էր, որ սեպտեմբերի 26-ից հետո Պուտինը կգա նաեւ Երեւան, որպեսզի հանդիպի Նիկոլ Փաշինյանին: Սակայն, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ:
-Այսինքն` այցի չկայանալու պատճառը միայն դա՞ է: Հայաստանում որպես Պուտինի այցի հնարավոր ժամկետ նշվում էր տարեվերջը:
-Հայկական կողմն առաջարկել է հանդիպումը տեղափոխել դեկտեմբերին: Թե ռուսական կողմն ինչ է պատասխանել եւ ինչու են ժամկետները կրկին փոխվել, ես չեմ կարող ասել:
-Իսկ այս փոփոխությունները եւ, փաստորեն, հանդիպման չկայանալը կարո՞ղ են ինչ-որ ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Սեպտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինն արդեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանին: Բանն այն է, որ ես չեմ կարծում, թե սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած հանդիպումից հետո եւս մեկ հանդիպումն արդեն սեպտեմբերի վերջին կարող էր ինչ-որ բան փոխել կամ ավելացնել, քանի որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների բալանսի պահպանման համար արդեն պետք է անցնել հռետորաբանությունից կոնկրետ քայլերի: Հայտնի է, որ Պուտինի՝ Բաքու այցի ժամանակ բանակցությունների սեղանին եղել են մեծ թվով համաձայնագրեր, պայմանագրեր: Իսկ Հայաստանի հետ Ռուսաստանն այդպիսի մեծ թվով նախագծեր կամ համաձայնագրեր չունի: Եվ այդ առումով միայն լոկ հանդիպումը շատ քիչ բան կարող է փոխել: Պետք է երկկողմանի հարաբերությունները լրացնել կոնկրետ բովանդակությամբ: Ես գիտեմ, որ կոնկրետ այժմ հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունը միայն ռազմական բնույթի են: Սակայն դա քիչ է, քանի որ միայն այդպիսի հարաբերությունները չեն լրացնում ամբողջը:
-Իսկ ո՞րն է պատճառը: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո քաղաքականության փոփոխությո՞ւն եք տեսնում:
-Նիկոլ Փաշինյանը մշտապես նշում է, թե ցանկանում է, որ դրանք դառնան ավելի լավը կամ արդեն լավն են: Սակայն ես կրկնում եմ, որպեսզի հարաբերությունները զարգանան, եւ բալանսը պահպանվի, միայն հռետորիկան արդեն քիչ է: Ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը բավարարվել եւ հանգստացել է այն հանգամանքով, որ ռազմական հարաբերությունները շարունակվում են: Նա չի անհանգստանում, որպեսզի զարգանան նաեւ տնտեսական հարաբերությունները: Նա մտածում է, թե Ռուսաստանից միայն ռազմական հարաբերությունները բավարար են:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԱՅՍՕՐՎԱ ԱԺ-Ն ԿԱՊ ՉՈՒՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: «Երեւանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորում էր Արարատ Զուրաբյանը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ պատասխանելով հարցին` կատարվե՞լ է ուսումնասիրություն եւ այս պահի դրությամբ ինչպե՞ս է գնահատում իրենց հնարավորությունները` պարոն Զուրաբյանը պատասխանել է, որ ուսումնասիրություն պետք չէ, չնայած կատարվում է, եւ ինքը շատ նպաստավոր վիճակում է: «Ես ասում եմ հետեւյալը՝ ես մասնակցում եմ այս ընտրություններին միայն ու միայն մեկ նպատակով՝ հաղթելու, ընդ որում` հաղթելու հենց առաջին փուլում»,- մասնավորապես ասել էր նա: Ինչպես հայտնի է, երեւանցիների բացարձակ մեծամասնությունը` 81.05 տոկոսը, իր ձայնը տվեց «Իմ քայլը» դաշինքին: Իսկ «Երեւանցիներ» կուսակցությունների դաշինքը հավաքեց ընդամենը 0.82 տոկոս` 2 հազար 985 ձայն:

«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին խոսեց «Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի հետ:
-Պարո՛ն Զուրաբյան, մի քանի անգամ նշել եք, որ Ձեր դաշինքը մեծ շանսեր ունի եւ հավանականությունը շատ մեծ է, որ կհաղթի, բայց հավաքեցիք քիչ թվով ձայներ: Ո՞րն էր պատճառը:
-Կարծում եմ `որեւէ մեկը նման բանի չէր սպասում: Ինձ համար եւս անսպասելի էր նման արդյունքը: Չնայած նաեւ հասկանալի է, որ սա կապված էր հեղափոխության հետ եւ որոշակի հետհեղափոխական պրոցես է:
-Կարծիքներ կան այն մասին, որ «ԲՀԿ»-ն մշտապես շատ քվե է ստացել, որովհետեւ օգտագործել է իր ֆինանսական միջոցները: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել:
-Վարչապետը անընդհատ խոսում է ԱԺ-ն արձակելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ եք կարծում, այսօրվա ԱԺ-ն արտացոլո՞ւմ է ժողովրդի կամքը:
-Նիկոլ Փաշինյանը դեռ հեղափոխության օրերին պարտավորվել է լուծել այդ հարցը: Այսօրվա ԱԺ-ն կապ չունի ժողովրդի կամքի հետ եւ, բնականաբար, չի արտացոլում դա: Ստեղծված իրողությունները ապացուցեցին դա:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ՏԵՍԱԿԵՏ ՉՈՒՆԵՆ
Հայտնի է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Միեւնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի որդին էլ` Սեդրակը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Վերջինս, հարցին ի պատասխան, թե ինչ կարող է ասել այդ առթիվ, կարճ պատասխանել էր. «Ես միայն կժպտամ»։ Իսկ ահա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առհասարակ չի ցանկանում անդրադառնալ այդ փաստին: Մասնավորապես, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվեց` ինչ դիրքորոշում ունի վարչապետն այս հարցի առնչությամբ, որին ի պատասխան` Եղոյանը նշեց. «Դա չեմ մեկնաբանում»:

 

 

ԳԱԼԻՍ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գլխավորում էր «Լույս» դաշինքի նախընտրական ցուցակը, վերադարձել է արձակուրդից: Ընդ որում` նա սկսել է աշխատանքի ներկայանալ հենց սեպտեմբերի 24-ից, այսինքն` ընտրությունների հաջորդ օրվանից: Հիշեցնենք, Զեյնալյանն ընտրական գործընթացներին մասնակցելու համար ԸՕ նախատեսած կարգով իր հաշվից արձակուրդ էր վերցրել: ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` երեկ նշեց. «Նախարարը ոչ միայն այդ օրը վերադարձել է, այլ նաեւ այս օրերի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել»: Նշենք, որ Արտակ Զեյնալյանն այս օրերի ընթացքում մասնակցել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով համաժողովին, ինչպես նաեւ «ՀՀ արդարադատության ոլորտում բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով ԵՄ-ՀՀ ռազմավարական քաղաքականության երկխոսության վերաբերյալ աշխատաժողովին:

 

 

4 ՊԵՏԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ
Իրավապահների կողմից ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց մասնակցությամբ պաշտոնական կեղծիքի դիմելու բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ ՊՆ N զորամասի սպառազինության գծով տեղակալ-տեխնիկական մասի պետ Խդր Միրզոյանը, նույն զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ Կոմիտաս Սինանյանը, զորամասի հսկիչ տեխնիկական կետի պետ Լերմենտ Մկրտչյանը, զորամասի իրային ծառայության պահեստի պետ Ռազմիկ Բարսեղյանը, զորամասի հրթիռահրետանային ծառայության պահեստի պետ Բաբկեն Բարսեղյանը հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Նրանց մեղադրանք է առաջադրվել իշխանազանցության եւ պաշտոնական կեղծիք կատարելու համար, որը վնաս է պատճառել զինվորական ղեկավարման մարմինների գործունեության բնականոն ընթացքին եւ զինվորական պետի ու պաշտոնատար անձանց կողմից ծառայողական գործառույթների իրականացման հաստատված կարգին:




Լրահոս