Ի՞ՆՉ ԵՆ ԶՐՈՒՑԵԼ ՀՔԾ ՊԵՏՆ ՈՒ ԱԱԾ ՂԵԿԱՎԱՐԸ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման հրապարակումից հետո դեռ շարունակում են քննարկումները` ո՞վ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս իրականացրեց գաղտնալսման եւ դրա տարածման գործընթացը: Հարցի պատասխանը թերեւս կտա ընթացող նախաքննությունը, որը արդեն 17 օր է` շարունակվում է:

Իսկ մինչ այդ աղմկահարույց ձայնագրության նախապատմությունից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է՝ գաղտնալսված պաշտոնյաները գաղտնալսումից հետո «հետ են գնացել», հիշել, թե հրապարակված զրույցից բացի էլ ինչ են խոսել: Ու նախաքննող մարմինը արդեն հասկացել է, որ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը նույն թեմայով մի քանի տարբեր զրույցներ են ունեցել իրար հետ մոտ 20 րոպե ընդհանուր հաշվարկով, որը խնամքով մոնտաժված է հրապարակվել: Հանրայնացնող կողմը կտրատել է եւ հանրությանը մատուցել այն, ինչը ցանկալի է եղել հնչեցնել:
Մեր տեղեկություններով` երկու պաշտոնյաները երկար քննարկել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը: Նույնիսկ ԱԱԾ տնօրենը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման օրից մեկ օր առաջ ՀՔԾ պետին է ուղարկել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հուլիսի 27-ի գրառումը՝ նրա ուշադրությունը հրավիրելով գրառման մեջ տեղ գտած մասնագիտական պնդումների վրա: Արցախի օմբուդսմենը գրել է, որ «Դատարանը չպետք է զրկի ազատությունից, այլ ստուգի ազատությունից զրկելու եւ անազատության մեջ պահելը շարունակելու իրավաչափությունը»: Այս մասնագիտական կարծիքը քննարկելուց ու տրամաբանված վերլուծություն որակելուց հետո, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց:
Հիշեցնենք նաեւ, որ երկու պաշտոնյաների գաղտնալսված զրույցի ընթացքում թեեւ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի կալանքն է ԱԱԾ տնօրենը համարում պրոբլեմ, իրականում նույնպիսի գնահատական է տրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեպքում: «Հիմքերը ստուգեք նոր» ձեւակերպումը տարբեր շեշտադրումներով հնչել է տարբեր զրույցների ընթացքում: «Քոչարյանին մի կպեք», «Քոչարյանին կալանավորել պետք չի», «Երբ կունենաք լուրջ հիմնավորումներ, նոր քայլ արեք» եւ այլ հորդորներով ԱԱԾ պետը ՀՔԾ պետին է դիմել, որն էլ իրավաբանական հիմնավորումներով ապացուցված է համարել Քոչարյանի մեղքը եւ կալանքը՝ անխուսափելի: Դրա համար էլ «դուխով» կոչից ոգեւորված` գործի են անցել:
Այս իրավիճակում թերեւս մի ելք է մնում. գաղտնալսված ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պետք է իրենք հրապարակեն իրենց զրույցների մյուս մասերը, որպեսզի հանրության մոտ ամեն ինչ հասկանալի լինի՝ իրականում ինչ է խոսվել: Թե չէ, մոնտաժված գաղտնալսումը մտահոգիչ մտքեր է պարունակում: Հուսանք՝ գաղտնալսման առիթով ձեւավորված ԱԺ Քննիչ հանձնաժողովը գոնե կհասնի այս արդյունքին, քանի որ ՀՀԿ պատգամավորների ջանքերով ձեւավորված այդ մարմինը մտադիր է քննել երկու պաշտոնյաների զրույցի բովանդակությունը, ոչ թե միայն գաղտնալսման ու տարածման փաստը, որով զբաղվում է ՀՀ Քննչական կոմիտեն: Իսկ բովանդակությունը, ինչպես հայտնի է, հասարակական ու քաղաքական շրջանակների գերակշիռ մեծամասնության կողմից գնահատվել է որպես ճնշում դատարանի վրա Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու համար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔ ԽՈՐ ՎԻՐԱՊՈՒՄ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խոր Վիրապ վանքի նյութական բաժնի պատասխանատու Վարուժան Խաչիկյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան յուրացման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել:
Եվ այսպես, պարզեցինք, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Վարուժան Խաչիկյանը 2005թ-ի հուլիսի 13-ին աշխատանքային պայմանագիր է կնքել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ եւ աշխատանքի է անցել Խոր Վիրապ վանքի գրատանը որպես գրավաճառ:
Ավելի ուշ` 2009թ-ի մայիսի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Խոր Վիրապ վանքի գրատան գրավաճառ Վարուժան Խաչիկյանի միջեւ կնքվել է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր, որով Վարուժան Խաչիկյանի վրա դրվել է պատասխանատվություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նրան հանձնված գրականության, գեղարվեստական արժեք ունեցող ապրանքների պահպանության, հաշվառման, հսկողության իրականացման:
Ու նա էլ, օգտվելով առիթից, 2015թ-ի օգոստոսի 28-ից մինչեւ 2016թ-ի հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի` 6 միլիոն 779 հազար 780 դրամ ինքնարժեքով եկեղեցական պարագաներ: Ուշագրավն այն է, որ այս ամենը անելուց հետո նախաքննություն իրականացնող մարմինը բացահայտել է, որ նա իր սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Արդյունքում այս ամենի համար նախաքննություն իրականացնող մարմինը Վարուժան Խաչիկյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի` Յուրացնելը կամ վատնելը, հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը խոշոր չափերով պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա, հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԱՀԱՑՈՒ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ
Նախօրեին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ԱԱԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում. կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- մեկնաբանել է նա։

 

 

ԱՐԳԵԼՎԵԼՈՒ Է
Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի` աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի թեմայի ակտիվացումը պայմանավորված է հոկտեմբերի մեկի մոտենալու հետ: Նախարարը հիշեցրել է, որ առաջին անգամ, երբ նախագիծը մտցվել է Կառավարություն, այնտեղ արգելքի ժամկետ է նշված եղել հոկտեմբերի մեկը, հետագայում արդեն անժամկետ է ընդունվել: «Հիմա 2020թ. հունվարի 1-ից ամբողջ ԵԱՏՄ-ում արգելվելու է աջ ղեկի ներմուծումը, իսկ մենք հիմա ենք արգելել: Եթե մենք այս պահին թույլ տանք, որ Ճապոնիայից կամ արեւելյան երկրներից ներմուծեն, մի երեք ամիս հետո այդ մեքենան հասնի, եթե դեկտեմբերից էլ 3 ամիս չպետք է բերեն, որ Հայաստան հասցնեն, մի քանի ամիս է մնում, իմաստը ո՞րն է հետ քայլի»,-ասել է նա: Նախարարը նաեւ նշել է, որ մաքսային ներմուծման ռեժիմը չեն կարող որոշել: «Ոնց պետք է անի, եթե ժամանակավոր ներմուծում էր, չպետք է հաշվառվեր, եթե հաշվառի, ինչպե՞ս իմանանք, բերել է ներմուծի՞, թե՞ արտահանի»,-ասել է նա:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Քրեական հեղինակություն Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբորը` Գրիգորի Գրիգորյանին, երեկ մեղադրանք է առաջադրվել: Գրիգորյանը ձերբակալվել է սեպտեմբերի 25-ին: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախորդ օրը ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ Աջափնյակում ընտրակաշառք է բաժանվում. ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության` ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել: Նշենք, որ Գրիգորի Գրիգորյանը Աջափնյակի թաղապետի տեղակալն է: Աջափնյակի թաղապետը ՀՀԿ-ական Արտավազդ Սարգսյանն է:

 

 

ՉԻ ՇԱՐՈՒՆԱԿԻ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի փոխանցմամբ` Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը` Սերժ Սարգսյանի փեսան, չի շարունակի պաշտոնավարել: Անդրադառնալով Միքայել Մինասյանին հետ կանչելու մասին հարցին` փոխնախարարը պատասխանել է. «Ոչ, չի շարունակի: Դա վարչապետի որոշումն է»:

 

 

ԹԻԿՈՒՆՔԻ ՊԵՏ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ:

 

 

ՀԱՄԱՌՈՐԵՆ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով այն հարցին, թե մամուլը համառորեն գրում է, որ նա եւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պետք է հեռանան իրենց պաշտոնից, պատասխանել է, որ համառորեն շարունակում են կատարել իրենց պարտականությունները: «Որեւէ հիմք չկա, երբ որ հիմք լինի, բնականաբար, հրաժարական կտանք, մենք փոքրուց չենք երազել պաշտոններ զբաղեցնել, մենք խնդիր ենք դրել, որ նախորդ իշխանությունները հեռանան, ինչ-որ մասով խնդրին հասել ենք, եւ հիմա դուք նոր կառավարություն եք տեսնում, ինչ որ մասով էլ առաջիկայում կտեսնեք»,-ասել է նա: Հարցին, թե ինքն իր աշխատանքից գո՞հ է, Դ. Սանասարյանը նշել է, որ իր աշխատանքից գոհ պետք է լինի հանրությունը եւ վարչապետը, ով նրան նշանակել է այդ պաշտոնին:




Լրահոս