Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ անցկացված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց կարեւոր համարեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտությունը։ Նա հիշեցրեց, որ անցումային արդարադատությունը ժամանակավոր ու ստիպված միջոց է, որը կիրառվում է այն երկրներում ու հասարակություններում, որտեղ զինված բախումների եւ ուժային այլ ակցիաների հետեւանքով քաոս է տիրում, ու դրա հետեւանքով պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են։
Անցումային արդարադատության մարմիններից մեկի կիրառման գաղափարը ամրագրված է «ԵԼՔ» դաշինքի 2017-ի նախընտրական ծրագրում. «Կստեղծվի «Ճշմարտության հանձնաժողով», որը կքննի Երրորդ հանրապետության քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր աղմկոտ գործերը (Հոկտեմբերի 27, Մարտի 1, ՊՊԾ գնդի գրավում, քաղաքական սպանություններ), այդ գործերով կայացված դատավճիռները եւ քրեադատավարական այլ որոշումները, եւ խորհրդարանին կներկայացնի առաջարկներ, որոնց կայացման նպատակը կլինի հանրային համերաշխության հաստատումը»:
Անցումային արդարադատության ստեղծման անհրաժեշտության մասին խոսել էր նաեւ Հայ ազգային կոնգրեսը օգոստոսի 16-ին տարածած հայտարարության մեջ: Մատնանշելով մի շարք երկրներում անցումային արդարադատության փորձը` ՀԱԿ-ն առաջարկել է նախաձեռնել նման գործընթաց: «Այդ նպատակով ստեղծել Արդարության վերականգնման միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, դատախազության, արդարադատության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է` ա) վեր հանի մարտիմեկյան ոճրագործության ընթացքում քաղաքացիների ազատությունների եւ իրավունքների ոտնահարման բոլոր փաստերը, բ) պարզի եւ հաշվառի տուժողների շրջանակը, գ) առաջարկի անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ եւ ձեռնարկի կոնկրետ քայլեր քաղաքացիների իրավունքների վերականգնման ուղղությամբ: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները կվերականգնվեն աշխատանքում, հնարավորություն կստանան վերականգնելու սեփականության եւ բիզնեսի նկատմամբ իրավունքները, կամ կստանան համարժեք փոխհատուցում կրած զրկանքների դիմաց»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
Նշենք, որ արդարադատության ինստիտուտը դատական եւ արտադատական, տվյալ պետության գործող օրենսդրությամբ կամ նոր օրենքների միջոցով կիրառվող մեխանիզմների համալիր է։ Անցումային արդարադատություն կիրառել են ռեպրեսիվ ռեժիմից ու քաղաքացիական պատերազմից դուրս եկած պետությունները եւ ոչ միայն։ Պարզ ասած՝ այս ինստիտուտը ենթադրում է նոր մարմինների ստեղծում ու օրենքների ընդունում, որոնք չեն եղել տվյալ երկրի օրենսդրությունում եւ որոնք գալիս են լրացնելու այն բացը, որը գոյություն ունեցող իրավապահ եւ դատական մարմինները չեն կարողանում լրացնել։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անցումային արդարադատության մարմիններ ձեւավորելու մասին ՀՀ վարչապետի հայտարարություններից հետո նշել էր, որ կուսումնասիրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` անցումային արդարադատության հետ կապված առաջարկը եւ գնահատական կտա դրան:
«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցեց ՄԻՊ Արման Թաթոյանի հետ:
-Պարո՛ն Թաթոյան, Դուք ասել էիք, որ կուսումնասիրեք անցումային արդարադատության հետ կապված Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Արդեն ուսումնասիրե՞լ եք, արե՞լ եք ընդհանուր եզրահանգումներ:
-Մենք հիմա ուսումնասիրություններ ենք նախաձեռնել, ուսումնասիրում ենք միջազգային փորձը հաշվի առնելու համար բոլոր ռիսկերը: Ուսումնասիրում ենք հաջողված փորձերը, անհաջողությունները: Ունենք պայմանավորվածություն կառավարության հետ, որ երբ նրանք կավարտեն իրենց ուսումնասիրությունը եւ երբ դա պատրաստ կլինի առաջարկի տեսքով ներկայացնելու կամ հրապարակելու, մեզ նույնպես կներկայացնեն, եւ այդ ժամանակ էլ հնարավորություն կունենանք կոնկրետ գնահատական տալու: Այս պահին վերջնական դիրքորշում չեմ կարող ներկայացնել: Սպասում ենք կառավարության առաջարկին, եթե այդպիսին կլինի:
-Միջազգային ասպարեզում դրա կիրառման հստակ նախապայմաններ կան: Մենք համապատասխանո՞ւմ ենք այդ նախապայմաններին:
-Ամբողջը կախված է նրանից, թե ինչ կներկայացնի կառավարությունը: Շատ կարեւոր եմ համարում այն, որ կառավարության ներկայացուցիչները` վարչապետը, արդարադատության նախարարը, նշել են, որ դա պետք է լինի օրենսդրության, սահմանադրության շրջանակներում: Ուզում եմ դա հատուկ ընդգծել. շատ կարեւոր է:
-Այսինքն` կիրառման շրջանակնե՞րն են կարեւոր:
-Կարող են: Կախված է նրանից, թե ինչ շրջանակ կընդգծվի, բայց շատ կարեւոր է: Այստեղ սկզբունքային է ճիշտ ընդգծել այն սահմանները, որ այդ հնարավոր մարմինը խախտելու է կամ դրա իրավասությանը վերաբերելու է, որպեսզի մենք, եթե անգամ գնում ենք այդ ճանապարհով, հասարակության մեջ ճիշտ ակնկալիքներ ձեւավորենք, թե ինչ գործերի է դա վերաբերելու: Դա կարող է լինել ինչ-որ հանձնաժողովի տեսքով: Այս պահին հստակ չեմ կարող ասել: Բայց այն, որ մենք մեր գնահատականը կտանք, անխոս:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ` ՓԱԿՄԱՆ ԵԶՐԻՆ
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ բնակավայրի ծննդատունը փակման եզրին է: Պատճառը ծնունդների թվի կտրուկ նվազումն է: Տարիներ առաջ ծննդատունը համալրվեց նոր բուժսարքավորումներով, սակայն ծնունդների թվի վրա այդ հանգամանքը չի անդրադարձել: Անի խոշորացված համայնքի 17 բնակավայրերի համար ծննդատունը միակն է, սակայն հղիները բուժօգնության համար նախընտրում են դիմել այլ հաստատություններ: Պատճառները տարբեր են: 16-18 ծնունդը ամսական միջին թիվն է. «Պատճառները տարբեր են: Մարդիկ չեն գալիս, քանի որ համապատասխան մասնագետներ չկան: Հատկապես խնդիրներ ունեցող հղիները Գյումրի են շտապում»,- ասում է բուժքույրերից մեկը` միաժամանակ բողոքելով նաեւ աշխատավարձի չափից:
Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մելիքյանի փոխանցմամբ` կա մի քանի նեղ մասնագետների կարիք, սակայն բժիշկները հրաժարվում են Երեւանում կրթություն ստանալուց հետո աշխատանքը հեռավոր բնակավայրերում շարունակել, այն էլ ցածր աշխատավարձով:
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Շիրակի մարզպետարանի կողմից աուդիտ էր իրականացվել, ի հայտ էին եկել չարաշահումներ, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել:
Նախկին տնօրենը մոտ 3 միլիոն դրամի պարտք է կուտակել: Այդ հարցով ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարն է զբաղվում, եւ որպեսզի պարտքերը փակեն ու զուգահեռ գումար խնայեն, աշխատակիցներին են կրճատում: Այդ կերպ մնացյալի աշխատավարձերի բարձրացման խնդիրն էլ կլուծվի: Սակայն խնդիրն այն է, որ ծննդատունը դեպի փակման է գնում: Կենտրոնից արդեն դիմել են Շիրակի մարզպետարան ակնկալիքով, որ ֆինանսական հարցերը կլուծվեն, հերթական հաստատության դռներն էլ չեն փակվի ընդմիշտ:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի
421,2 ՄԼՆ ԴՐԱՄ
ՀՀ կառավարությունը երեկվա նիստին որոշել է ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի եւ Շիրակի մարզպետարաններին 421,2 մլն դրամի սուբվենցիա հատկացնել: Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` նշելով, որ առաջարկվում է ՀՀ համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի եւ Շիրակի մարզպետարաններին 2018-ի ինն ամսում հատկացնել 421,2 մլն դրամ:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատել է, որ արժե նկարագրել ծրագրերի բնույթը, որ մյուս համայնքները եւս տեղեկանան եւ կառավարության առաջնահերթություններից ելնելով` այդպիսի ծրագրեր առաջարկեն:
ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ` ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ
Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, 1982 թվականին ծնված Արթուր Պապինյանը մեղադրվում է 2017թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ՌԴ քաղաքացի, 36-ամյա կնոջ հետ, նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն ունենալու մեջ:
Արթուր Պապինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով` Բռնաբարություն: Նա 3 ամիս գտնվել է կալանքի տակ, հետո նրա խափանման միջոցը փոխվել է, գրավով ազատ է արձակվել: Տուժողը բնակվում է Մոսկվայում, նախաքննության ավարտից հետո մեկնել է Ռուսաստան, Բերդ քաղաքում կայացող դատական նիստերին չի մասնակցել: Արթուր Պապինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական այդ գործով իրեն անմեղ է համարում, համաձայն չէ անգամ իր պայմանական ազատազրկմանը: Նախաքննության ընթացքում նա ինքնախոստովանական ցուցմունք է գրել, հետագայում հրաժարվել դրանից: Քրեական գործում առկա է նաեւ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազության դատախազ Ներսես Չիլինգարյանը մեղադրական ճառի ավարտին դատարանին միջնորդել է Արթուր Պապինյանին մեղավոր ճանաչել Բռնաբարության հոդվածով եւ նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, այդ ժամկետից հանել նրա կալանքի մեջ գտնվելու 3 ամիսը եւ նրան դատապարտել 3 տարի, 9 ամիս ժամկետով ազատազրկման: Պաշտպանական ճառով հանդես գալով` մեղադրյալի պաշտպան, փաստաբան Սարգիս Խաչատրյանը դատարանին միջնորդել է Արթուր Պապինյանին անմեղ ճանաչել կամ նրա նկատմամբ պատժաչափ նշանակել պայմանական ազատազրկումը: Օգոստոսի 24-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Արթուր Պապինյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 2 տարի, 8 ամիս, 4 օր ժամկետով ազատազրկման: Ա. Պապինյանի պաշտպան Սարգիս Խաչատրյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկարցրել` խնդրելով բեկանել այդ դատավճիռը եւ կայացնել արդարացման որոշում, Ա. Պապինյանին մեղավոր ճանաչելու դեպքում նրա նկատմամբ նշանակել մեղմ պատիժ` ազատազրկման հետ չկապված, եւ պայմանականորեն չկիրառել այն` սահմանելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջան:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ