Ես վարչապետին եմ շնորհավորում. Էջմիածնում պարտված թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Էջմիածնում, Արմավիրում, Կապանում համապատասխանաբար պաշտպանում էր Դիանա Գասպարյանի, Դավիթ Խուդաթյանի եւ Նարեկ Բաբայանի թեկնածությունը: Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը այս ու այլ հարցերի մասին խոսել է ընտրություններում պարտված Սուրեն Մուրադյանի հետ:

Էջմիածնում քաղաքապետի անկուսակցական թեկնածու Սուրեն Մուրադյան:

Ս. Մուրադյանը հենց ընտրության օրը հայտարարեց, որ իր դեմ սեւ PR է սկսվել, ասաց, որ իր թիմը խախտումներ է հայտնաբերել: Հարցին` մոտավորապես ի՞նչ տեսակ խախտումների մասին է խոսքը, մարդկանց բերե՞լ են ընտրատեղամասեր, ուղղորդե՞լ են, պարոն Մուրադյանն ասաց, որ նշվածներից բոլորն էլ տեղի են ունեցել, բայց ավելի մանրամասն կներկայացվի եւ կհրապարակվի օրվա վերջում: Մուրադյանը իր խոսքում նաեւ նշեց, որ թեկնածուներից ոչ մեկին հիմնական մրցակից չի համարում:

-Պարո՛ն Մուրադյան, քաղաքապետի ընտրության օրը հնչեցրած հարցին, թե ինչով կզբաղվեք, եթե չդառնաք քաղաքապետ, ասացիք, որ նույնիսկ չեք մտածել այդ մասին, որովհետեւ վստահ եք, որ կհաղթեք, այնինչ արդյունքները հակառակը ցույց տվեցին:

-Հիմա արդեն մտածում եմ այդ մասին: Դե, հաղթեց վարչապետը, ես էլ շատ ուրախ եմ դրա համար:

-Մեղավորներ փնտրո՞ւմ եք:

-Չէ, չէ: Ի՞նչ մեղավոր: Ընտրություն է, էդպես էլ է պատահում:

-Շնորհավորելո՞ւ եք քաղաքապետ Դիանա Գասպարյանին:

-Ինչո՞ւ ոչ: Ասեմ, որ ես վարչապետին եմ շնորհավորում: Խոստովանեմ` եթե նա վարչապետ չլիներ, ես չէի էլ մասնակցի:

-Կարծում եք վարչապետի՞ գործոնով էր պայմանավորված այն, որ Դիանա Գասպարյանը հաղթեց:

-Այո: Դուք էլ եք էդպես կարծում:

-Ընտրության օրն ասացիք, որ Ձեր թիմը լուրջ խախտումներ է արձանագրել, որն անպայման կհրապարակվի: Այնուամենայնիվ, Ձեր նշած խախտումներից շատերի մասին ոչինչ չտեսանք: Ինչո՞ւ:

-Դե, մեքենաների վրա թեկնածուի պաստառներ են եղել, կայքերում գրվել է այդ մասին:

-Ի՞նչ եք պատրաստվում անել հիմա: Եթե առաջարկ լինի, կհամագործակցե՞ք քաղաքապետի հետ:

-Ես ավագանու անդամ եմ: Հո ես չեմ համագործակցում քաղաքապետի հետ: Շատ գոհ եմ իմ աշխատանքից:

զրուցեց Լուսինե Մինասյանը




Լրահոս