Մարդիկ ոչ թե պիտի ընտրություն անեին` ընդունելով «Փաշինյանի մարդն է» հասկացությունը, այլ ճանաչեին թեկնածուին. պարտված թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Էջմիածնում, Արմավիրում, Կապանում համապատասխանաբար պաշտպանում էր Դիանա Գասպարյանի, Դավիթ Խուդաթյանի եւ Նարեկ Բաբայանի թեկնածությունը: Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը այս ու այլ հարցերի մասին խոսել է ընտրություններում պարտված Սևակ Մինասյանի հետ:

Արմավիրում քաղաքապետի անկուսակցական թեկնածու Սեւակ Մինասյան

-Պարոն Մինասյան, ըստ Ձեզ` ընտրությունները արդա՞ր անցան:

-Արդար են անցել այն մասով, որ ժողովրդի տված ձայները տեղ են հասել: Իսկ մյուս մասով, բոլորս էլ գիտենք` ոնց է մատնացույց արվել հաղթողին: Այսինքն` ես կարող եմ ասել, որ ժողովուրդը իր ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանին: Հետհեղափոխական շրջան է: Բոլորն էլ այդ էյֆորիկ տրամադրության մեջ են: Աստված տա` Դավիթը հուսախաբ չանի ժողովրդին:

-Այսինքն` կարծում եք, որ Փաշինյանի կողմից ինչ-որ մի թեկնածուի մատնանշելը սխալ քա՞յլ էր:

-Իհարկե, սխալ էր: Դա նախորդ իշխանությունների ճանապարհն է: Ես ինքս եղել եմ հեղափոխության մեջ: Այդ քայլը ճիշտ չէ, դա պառակտում է մեր ազգին: Այսինքն` մարդիկ ոչ թե պիտի ընտրություն անեին` ընդունելով «Փաշինյանի մարդն է» հասկացությունը, այլ պետք է արվեր` ճանաչելով թեկնածուին` իր ծրագրերով, իր անցած ճանապարհով: Ես շնորհավորել եմ պարոն Խուդաթյանին:

-Երբ վարչապետ Փաշինյանը եկավ Արմավիր եւ կոչ արեց ընտրել Դավիթ Խուդաթյանին, ձեր համակիրները այդ հանրահավաքի ժամանակ Ձեր պաստառներով մտան հրապարակ: Ի՞նչ էիք ուզում ցույց տալ սրանով:

-Դա արվեց նրա համար, որ մատնացույց չարվի կոնկրետ թեկնածուի: Այսինքն` ի՞նչ է նշանակում մեր թեկնածուն է: Եթե ինքը ինքաառաջադրվել է, ո՞նց է լինում, որ իրենց թեկնածուն է:

-Տարիներ հետո Ձեզ կրկին տեսնո՞ւմ եք քաղաքապետի պաշտոնում:

– Ճիշտն ասած` պաշտոնի ամբիցիաներ չունեմ: Կուզեմ` Դավիթը նորմալ աշխատի: Ես էլ շատ ուրախ կլինեմ, որ իմ քաղաքը ծաղկում, բարեկարգվում է:

զրուցեց Լուսինե Մինասյանը




Լրահոս