«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը: Երգիչը պատմել է իր նախասիրությունների մասին, ներկայացել մեզ բոլորովին նոր, հետաքրքիր ռակուրսից: Նա տվել է ուժեղ մարդու իր բնութագիրը, պատմել, թե ով մեծ ազդեցություն ունի իր որոշումների վրա: Դավիթը խոստովանել է, որ չի սիրում կոկիկություն եւ նույնիսկ ծայրահեղ դեպքերում մոտ չի գնա արդուկին:
-Դավիթ, օրվա ո՞ր հատվածն եք սիրում՝ առավո՞տ, կեսօ՞ր, թե՞ երեկո:
-Բոլոր ժամերն էլ սիրում եմ, թեպետ գիշերն է իմը:
-Վերջին անգամ ե՞րբ եք թատրոն գնացել եւ ի՞նչ ներկայացում եք դիտել:
-«Գոյ» թատրոնում դիտել եմ Արթուր Սահակյանի բեմադրած «Արալեզը»:
-Շարունակեք միտքը. «Անտանելի են այն մարդիկ, որոնք…»
-Դավաճան են: Ես նրանց չեմ ներում:
-Ձեր զգեստապահարանի անբաժանելի հագուստը կամ աքսեսուարը ո՞րն է:
-Ես հագուստների հանդեպ բացարձակ անտարբեր եմ, բայց ինձ ջինսի մեջ եմ լավ զգում: Անգամ բեմական շորերս են ջինսից: Առհասարակ, սիրում եմ չարդուկվող հագուստ: Կոկիկություն չեմ սիրում:
-Նախընտրում եք ամեն բան պլանավորե՞լ, թե՞ անակնկալի գալ:
-Անակնկալներն ինձ համար ավելի հաճելի են: Պլանավորված չեմ ապրում: Չունեմ գրաֆիկ, որից կարող եմ շեղվել:
-Ձեր որոշումների կայացման հարցում ի՞նչը կամ ո՞վ մեծ ազդեցություն ունի:
-Կյանքը: Բոլոր ընկերներս, ընտանիքս ունեն այդ ազդեցությունը: Իսկ, առհասարակ, ինձ ազդեցության տակ ընկնող մարդ չեմ համարում:
-Երբ հոգնում եք ամեն ինչից եւ բոլորից…
-Խմում եմ: Չկա այնպիսի խմիչք, որ չսիրեմ: Ինձ համար շատ հաճելի է գարեջուրը, բայց այնպես չէ, որ օղին տհաճ է: Այնուամենայնիվ, երբ երկու ամսով թողել էի խմելը, նախանձով էի նայում սառը գարեջուր խմողներին, ոչ թե օղի:
-Մշտապես կթողնե՞ք խմելը:
-Խմելը թողնեմ՝ ի՞նչ անեմ: Փառք Աստծո, խմիչքից կախման մեջ չեմ: Առիթից առիթ եմ խմում, պարզապես այդ առիթներն ամեն օր լինում են (ծիծաղում է): Բայց երբ պետք է լինում չխմել, հեշտորեն անում եմ դա:
-21-րդ դարի տեխնիկական ամենամեծ նորամուծությունը ո՞րն է:
-Չգիտեմ, չեմ կարող ասել, այդ հարցում դիլետանտ եմ: Տեխնիկա չեմ սիրում, նույնիսկ վախենում եմ դրանից, ուզում եմ բնությունից չկտրվել:
-Սիրում եք ամենքի՞ն, թե՞ բացառիկներին:
-Բոլորին, եւ երբեք կշեռքի նժարներին չեմ դնում իմ սիրելիներին:
-Ձգտում եք լինել օրիգինա՞լ, թե՞ պարզ:
-Երբեւէ չեմ ձգտում որեւէ բան լինել. այն եմ, ինչ կամ:
-Ո՞րն է Հայաստանում Ձեր ամենասիրելի վայրը:
-Ամբողջ Հայաստանը՝ իր քոլերով ու չոլերով: Շինարարական փոշիները չեմ սիրում, բայց եթե ընկերներս մոտս լինեն, նույնիսկ դրանց մեջ նստել-խմելն է հաճելի:
-Ո՞րն է «սեր» բառի հոմանիշը:
-Չկա, անորոշ է: Երեւի թե ապրելը, բայց եթե սերը չլինի, ապրելն իմաստ չունի: Մեկը բխում է մյուսից, ուրեմն հոմանիշ չեն:
-Սիրե՞լն է կարեւորը, թե՞ հասկանալը:
-Սիրելն առանց հասկանալ չի լինի:
-Կա՞ մի բան, որ լավ տղամարդը, ըստ Ձեզ, երբեք չպետք է անի:
-Լավ տղամարդ ասվածը լայն հասկացողություն է: Օրինակ՝ ես երբեք արդուկին չեմ դիպչի, որքան էլ ծայրահեղ իրավիճակ լինի (ծիծաղում է): Գուցե դա կարծրատիպ է, բայց ֆիզիկապես չեմ կարող:
-Շարունակեք միտքը. «Եթե ուզում եք շահել կնոջ սիրտը…»:
-Երբեք չեմ ձգտում որեւէ մեկի սիրտը շահել, բայց եթե ստացվում է, ուրախ եմ:
-Ձեզ ի՞նչ կենդանու հետ եք ասոցացնում:
-Ես հորոսկոպով վագր եմ եւ, ընդհանրապես, վագր շատ եմ սիրում, ինքը, համենայն դեպս, սողուն չէ:
-Ըստ Ձեզ՝ ուժեղ մարդը նա է, ով…
-Բարուց ծնված ուժեղին եմ սիրում, բայց ոչ խեղճին:
-Ո՞վ է Ձեր սիրելի պոետը:
-Ինձ համար պիկային է ե՛ւ Թումանյանի, ե՛ւ Չարենցի ու Սեւակի, Սահյանի պոեզիան: Վերջին շրջանում Սահյան եմ շատ կարդում:
-Իմ հարցերից ո՞րը Ձեզ շատ դուր եկավ:
-Ձեզ հետ իմ զրույցը ինձ դուր եկավ, ապաքաղաքական զրույցը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԿԱՐՈՂ ԵՆՔ Ե՛Վ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ, Ե՛Վ ՑԱՎԱԿՑԵԼ ՀԱՅԿԻՆ»
«Ճանաչելով Հայկ Մարությանի տեսակը՝ կարող եմ ասել, որ Երեւանը, ի դեմս նրա, ունենալու է աշխատասեր, բծախնդիր եւ գումարը տեղին ծախսող քաղաքապետ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան, Հայկ Մարությանի խաղընկեր Անդրանիկ Հարությունյանը: Նա հիշեց մի պատմություն՝ կապված քաղաքապետի հետ. «3-4 տարի առաջ էր, միասին իրեր էինք տեղափոխում, շատ անհարմար պահ էր, եւ ես ծխախոտս նետեցի գետնին: Հայկը շատ զայրացավ եւ անձամբ տարավ ու ծխախոտը նետեց աղբը: Ի դեպ, այդտեղ միայն մենք էինք, ուրիշը չկար, եւ որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու խնդիր եւս չկար»,-հիշեց դերասանը:
Նրա համոզմամբ՝ այսօր մայրաքաղաքն ամենաշատը ժպտացող մարդկանց կարիք ունի. «Թեեւ նրանց թիվը հեղափոխությունից հետո մեծացավ, մենք դեռ պետք է կարողանանք պահել այն, ինչ ունենք, ինչ ձեռք բերեցինք»,-շեշտեց Անդրանիկը:
Մենք հետաքրքրվեցինք՝ ստանձնած պաշտոնի համար Հայկ Մարությանին պետք է շնորհավորե՞լ, թե՞ ցավակցել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե որքան մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացնել քաղաքային կյանքը բարելավելու համար. «Այո, գործերը շատ են, այս պարագայում կարող ենք նրան ե՛ւ շնորհավորել, ե՛ւ ցավակցել: Մի բան կարող եմ ասել՝ երեւանցիները շուտով տեսնելու են դրական տեղաշարժեր եւ ուրախանալու են, դրանից էլ Հայկն ինքն է ուրախանալու, այնպես որ ավելի շուտ պետք է նրան շնորհավորել»,-մեկնաբանեց նա:
Անդրանիկի խոսքով՝ ինքը ոչ մի պարագայում հայրենիքից չի հեռանալու ո՛չ ներկայիս, ո՛չ էլ գալիք իշխանության օրոք. «Սիրում եմ իմ երկիրը, իմ քաղաքը եւ ուզում եմ, որ ամբողջ աշխարհի հայերն իմանան, որ ունեն իրենց տեղը»,-եզրափակեց նա:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ
Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանն անդրադարձել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Հայ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Ադրբեջան մասնակցելու Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի` «Ղարաբաղի» հետ հոկտեմբերի 4-ին կայանալիք խաղին:
«Միանշանակ պետք է Հենրիխը մեկնի, եթե կա նման հնարավորություն: Եթե ընդունում են եւ պայմաններ չեն դնում, ապա ինչու՞ ոչ: Ես եւս եղել եմ Արցախում, եւ ի՞նչ: Ոչ մի դժվարություն չեմ ունեցել, պարզապես մեկնել եմ այնտեղ: Մրցումների ընթացքում, իհարկե, ճնշում զգացել եմ: Իհարկե, զգում ես ոչ լավ տրամադրվածություն, բայց հավատացեք` դա ընդհանրապես չի խանգարել: Ցանկացած ազգում կան մարդիկ, ովքեր կարող են մեզ դուր գալ, եւ նրանք, ովքեր դուր չեն գալիս»,-ասել է Միհրան Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը 2015 թվականին Բաքվում մասնակցել է Եվրոպական խաղերին եւ նվաճել արծաթե մեդալ:
ՉԻ ԱՇԽԱՏԻ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ամենայն հավանականությամբ, չի աշխատի ակումբում հաջորդ մրցաշրջանում: «Կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել պորտուգալացի մասնագետից ընթացիկ մրցաշրջանում կամ դրա ավարտին: Մոուրինյուի հարաբերությունները թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ վերջնականապես փչացել են, ինչի սկիզբը դրել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ կոնֆլիկտը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկու մասնագետի թեկնածություն է դիտարկում որպես Մոուրինյուին փոխարինողներ:
Առաջինը «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է: Դեռ ամառվա սկզբից բազմիցս խոսվում էր անգլիական ակումբի` նրա հանդեպ հետաքրքրության մասին: Մյուս թեկնածուն «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է: Արգենտինացու թեկնածությունը, ամենայն հավանականությամբ, բացառում է Մոուրինյուի` մրցաշրջանի ընթացքում հեռանալու հավանականությունը: «Տոտենհեմ»-ն իր գլխավոր մարզչին բաց չի թողնի մինչեւ ամառ, սակայն լոնդոնցիների հետ համաձայնության գալը մանկունիացիների համար շատ բարդ կլինի: Այս ամառ «Տոտենհեմ»-ն արդեն հրաժարվել է բաժանվել Պոչետինոյից, որին ցանկանում էր ստանալ «Ռեալ»-ը: