Ով է անասնագող գյուղապետը և ինչով է հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Թեկնածուներն ի սկզբանե 3-ն էին՝ անկուսակցականներ Հունան Անանյանը, Լիպարիտ Թիրաբյանը, Գրիգոր Սարհատյանը: Սեպտեմբերի 27-ին Հ. Անանյանն ինքնաբացարկ էր հայտնել: Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 21-ին Լուսահովտում կայացած ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան:

Ցուցակային 264 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 175-ը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Գ. Սարհատյանը ստացել է 97, Լ. Թիրաբյանը՝ 74 քվե: Գ. Սարհատյանը Լուսահովտի նախկին գյուղապետ, հանգուցյալ Վոլոդյա Սարհատյանի որդին է: Հիշեցնենք, որ նորընտիր համայնքապետը 2 տարի առաջ դատապարտվել է անասնագողության համար: 1984թ. ծնված, ութամյա կրթությամբ Գ. Սարհատյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. սեպտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի գյուղի «Կարմրուտ» հանդամասից գաղտնի հափշտակել է Խաշթառակի բնակիչ Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող, 1 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունը: Գ. Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է խոշոր չափերով»):

Տավուշի մարզի դատախազությունը Գ. Սարհատյանի նկատմամբ կալանքի` որպես խափանման միջոցի միջնորդություն է ներկայացրել, սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է այդ միջնորդությունը: Դրանից հետո Տավուշի դատախազությունը դատարանի այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն ապարդյուն. Գ. Սարհատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2016թ. մարտի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գ. Սարհատյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման: Գ. Սարհատյանի պաշտպանն այդ վճռի դեմ վերաքննիչ, հետո վճռաբեկ բողոքներ է ներկայացրել, սակայն ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններն այդ բողոքները մերժել են:

2016թ. դեկտեմբերի 19-ին Իջեւանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը, քննելով Գ. Սարհատյանի դիմումը դատավճռով նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին եւ հաշվի առնելով, որ նա դատապարտվելուց հետո լրիվությամբ հատուցել է քրեական գործով տուժողին պատճառված վնասը, նա այլեւս բողոք կամ պահանջ չի ներկայացրել ու նպատակահարմար չի համարել Գ. Սարհատյանին հասարակությունից մեկուսացնելը: Այս հիմքով էլ Գ. Սարհատյանի կալանքը փոխարինվել է այլընտրանքային պատժատեսակով, եւ որպես հիմնական պատիժ նշանակվել է հանրային աշխատանքները` 2200 ժամով: Թե երբ եւ ինչպես է այդ աշխատանքները կատարել նորընտիր գյուղապետը, չկարողացանք պարզել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս