Վաղը՝ հոկտեմբերի 24-ին ամբողջ աշխարհում նշվում է Միավորված ազգերի կազմակերպության օրը։ 73 տարի առաջ հենց այդ օրը՝ 1945 թվականի դրությամբ ՄԱԿ-ի անդամ 51 երկրներ ստորագրեցին ՄԱԿ-ի կանոնադրությունը դրանով իսկ հիմնելով միջազգային այս կազմակերպությունը։
Միավորված ազգերի կազմակերպության օրը խորհրդանշում է մեր հիմնարար կանոնադրության ծնունդը՝ ուղենշային փաստաթուղթ, որը մարմնավորում է «մեր՝ ժողովուրդներիս» հույսերը, երազանքներն ու ձգտումները:
Ամեն օր Միավորված ազգերի կազմակերպությունում կանայք և տղամարդիկ աշխատում են այդ կանոնադրությունը գործնական դաշտ բերելու ուղղությամբ:
Չնայած դժվարություններին և խոչընդոտներին, մենք երբեք չենք հանձնվում:
Ծայրահեղ աղքատությունը կրճատվում է, բայց տեսնում ենք, թե ինչպես է անհավասարությունն աճում:
Բայց միևնույնն է՝ մենք չենք հանձնվում, քանի որ գիտենք, որ կրճատելով անհավասարությունը, մենք ավելացնում ենք հույսը, հնարավորությունը և խաղաղությունն աշխարհով մեկ:
Կլիմայի փոփոխությունն ավելի արագ է առաջ ընթանում, քան մենք, սակայն մենք չենք հանձնվում, որովհետև գիտենք, որ միակ ելքը գործողությունն է հանուն կլիմայի:
Մարդու իրավունքները խախտվում են շատ ու շատ վայրերում: Բայց մենք չենք հանձնվում, քանի որ գիտենք, որ մարդու իրավունքների և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը խաղաղության հիմնական պայմանն է:
Հակամարտությունները բազմապատկվում են. մարդիկ՝ տառապում: Բայց մենք չենք հանձնվում, քանի որ գիտենք, որ յուրաքանչյուր տղամարդ, կին ու երեխա արժանի է խաղաղ կյանքի:
Միավորված ազգերի կազմակերպության օրը եկե՛ք վերահաստատենք մեր պարտավորությունները։
Վերականգնենք կորսված վստահությունը։
Բուժենք մեր մոլորակը։
Չթողնենք ոչ մեկին ետևում։
Բարձր պահենք յուրաքանչյուրիս և բոլորիս արժանապատվությունը, որպես միավորված ազգեր: