Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Կենտրոն վարչական շրջան և աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վիկտոր Մնացականյանին: Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արա Սադոյանին և աշխատակիցներին՝ մայրաքաղաքում ու հատկապես Կենտրոն վարչական շրջանում կատարած աշխատանքի համար և նկատել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս լուծումներ կտրվեն բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին:
«Վիկտոր Մնացականյանը Երևանը սիրող, նպատակասլաց ու ազնիվ մարդ է: Ունի շատ հետաքրքիր ծրագրեր ինչպես Կենտրոն վարչական շրջանի, այնպես էլ Երևանի հետ կապված: Եվ, որ ամենակարևորն է, գիտի լսել մեր երևանցիներին, կարողանում է հասկանալ խնդիրներն ու լուծումներ տալ դրանց»,- նշել է Հայկ Մարությանն ու շնորհավորելով Վիկտոր Մնացականյանին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ` մաղթել է հաջողություններ աշխատանքում:
«Ես գնահատող մարդ եմ և դրական եմ գնահատում իրականցված բոլոր ծրագրերը: Ինձ համար ամենակարևորը, որ գոհ լինեն մեր բնակիչները և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երևանցիների կողմից բարձրացված որևէ խնդիր անպատասխան չմնա»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն