ԱԺ-Ն ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու մասին: Վերջինս պատրաստվում է այդ հարցով բանակցություններ սկսել քաղաքական որոշ ուժերի հետ: Կողմ քվեարկելով կառավարության ծրագրին` խորհրդարանական ուժերը, ըստ երեւույթին, իրենց համաձայնությունը տվեցին վարչապետի առաջարկին: Սակայն արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների հետ կապված հարցում քաղաքական ուժերը կարծես համաձայնության չեն գալիս: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ ուրիշ հարցերի մասին զրուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ:

-Պարո՛ն Մելքումյան, Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները սպասելի՞ էին «ԲՀԿ» խմբակցության համար:
-Բնականաբար, ձայները ակնկալվածից քիչ են եղել: Այնուամենայնիվ, Երեւանի բնակիչների կեսից ավելին չմասնակցեց ընտրության: Ընտրությունները դիտարկվեցին վերելակների, աղբահանության եւ էլի ուրիշ խնդիրների լուծման ճանապարհ: Սա լիակատար քաղաքական ընտրություն չէր:
-Տեսակետ կա, որ նախկինում ԲՀԿ-ն կաշառք բաժանելու միջոցով է միշտ բարձր արդյունքներ ունեցել, իսկ այս ընտրություններին կաշառք բաժանելու հնարավորություն չի ունեցել, դրա համար էլ քիչ ձայն հավաքեց: Ի՞նչ կասեք այս մասին:
-Այդպիսի բաներ ասողները սխալվում են: Եթե նման բան լիներ, գոնե մի քանի ապացույցներ կլինեին: Ինչ ասես` չեն գրում: Հերքում եմ նման լուրերը:
-«ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն երբեք չի տարանջատել Ռոբերտ Քոչարյանից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
-Մերկապարանոց հայտարարություններ անելով չի: Պարոն Աղազարյանը չարաչար սխալվում է: Ես «ԲՀԿ»-ի հիմնադիրներից մեկն եմ եւ այսքան տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել մեր կողքին: Ո՛չ իր ուղարկած մարդկանց եմ տեսել, ո՛չ էլ հեռագիր կամ նամակ ենք ստացել իր կողմից: Մի քիչ տարողունակ հարցեր տվեք, որոնք կհետաքրքրեն մարդկանց: Ո՞ւմ է հետաքրքրում` ինչ է ասել Հովիկ Աղազարյանը:
-Այսօրվա ԱԺ-ն արտացոլո՞ւմ է ժողովրդի կամքը:
-Իհարկե ոչ: Աժ-ն չի արտացոլում ժողովրդի կամքն ու տրամադրությունները: Որեւէ մեկը չի կարող հակառակը պնդել:
-ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա՞:
-Այո: Մենք ոչ միայն կարծում ենք, որ կա, կառավարության ծրագրին կողմ ենք քվեարկել: Այդ ծրագրում հստակ գրված էր, որ մեկ տարում պետք է անցկացնել ընտրությունները: Դրա լեգիտիմությունը շատ բարձր է:
-Այնուամենայնիվ, դե՞մ եք, որ ընտրությունները այս տարի կայանան:
-Դա էլ նոր երեւույթ է: Ծրագրում այս տարի անցկացնելու մասին ոչինչ գրված չէ: Ժամկետը մեխանիկորեն չի որոշվում. Դա բովանդակություն ունի: Նախ մենք պայմանավորվել ենք, որ նոր ընտրությունների համար պետք է լինեն խաղի նոր կանոններ: Մենք պետք է ունենանք նոր, փոփոխված ընտրական օրենսգիրք, որտեղից պետք է դուրս գա այդ արատավոր ռեյտինգային համակարգը: Պիտի անցնենք 100 տոկոսանոց համամասնական մաքուր ընտրահամակարգի եւ պետք է ունենալ մատնահետքերի ֆիքսման, վերահսկողության համընդհանուր մեխանիզմ: Բացի այդ` երբ խաղի նոր կանոններ են սահմանվում, քաղաքական ուժերը պետք է ադապտացման շրջան ունենան: Ուժերին պետք է որոշակի ժամանակահատված, որ իրենց ռեսուրսները, իրենց կառույցները, ծրագրային մոտեցումները հարմարեցնեն այդ նոր կանոններին: Քաղաքական ուժերի հիմնական մասը ընտրությունների անցկացման կարգի եւ ժամկետների մասին պետք է ունենան որոշակի կոնսենսուս:
-Մտավախություն կա՞, որ եթե այս տարի կայանան ընտրությունները, ԲՀԿ-ն քիչ թվով մանդատներ կունենա ԱԺ-ում:
-ԲՀԿ-ն նման մտավախություն չունի: Մենք ավանագիում երկրորդ տեղում ենք: Ինչո՞ւ պիտի վախենանք:
-Ի՞նչ ճանապարհով եք պատկերացնում ԱԺ-ի արձակումը:
-Ինչ ձեւով էլ որ լինի, պետք է լինի գործող սահմանադրության եւ օրենքների շրջանակներում: Ես հակված եմ այն տարբերակին, որ քաղաքական ուժերը պայմանավորվածություն ձեռք բերեն, եւ դա տեղի ունենա կոնսենսուսի միջոցով:
-Երեւանի ավագանու ընտրությունների քարոզաշավի լարված ընթացքը ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի միջեւ իր հետքը կթողնի՞ հետագա քաղաքական հարաբերությունների վրա:
-Այն, որ Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ եւ հասցեին ֆեյսբուքում կեղտոտ հարվածներ, հայհոյանքներ, այլանդակ բառեր եղան, դա փաստ է: Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ այդպիսի բաներ էլ չկրկնվեն: Մենք պիտի այդ հարցերը եւս լուծենք արտահերթ ընտրությունների գնալուց առաջ:
-Հետագա համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք իշխող կառավարության հետ:
-Դա ցույց կտան ԱԺ ընտրությունների ընթացքը եւ արդյունքները:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՔՊ-Ն ՉԻ ՍԱՏԱՐՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴՈՒՆ

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում նպատակահարմար չի գտնում պաշտպանել ՔՊ Հրազդանի կառույցի ղեկավար Սեւակ Միքայելյանի թեկնածությունը:

«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սեւակ Միքայելյանը։
Թույլ տվեք նշել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը եւ ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։
Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»,- մասնավորապես գրել է նա:
Նշենք, որ Սեւակ Միքայելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է: Ինչպես նաեւ նա ՔՊ հիմնադրման օրվանից կուսակցության Հրազդանի կառույցի ղեկավարն է:
Մեր տեղեկությունների համաձայն` իշխող կուսակցության ներսում որոշում է կայացվել, որ ճիշտ կլինի կուսակցությունը չխառնվի քաղաքապետի ընտրություններին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահի որդին է թեկնածուներից մեկը եւ ճիշտ չի լինի` հանուն կուսակցության նախագահի որդու իշխանական ռեսուրսն օգտագործելու կասկածներ առաջանան: ՔՊ-ի կողմից, որպես իշխանական ուժ, ընդամենը մեկ բան կա անելու՝ դրսեւորել այն նույն քաղաքական կամքը, ինչ եղավ Երեւանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայացած ընտրությունների ժամանակ, որպեսզի հրազդանցին եւս կարողանա իր քվեն ազատ տնօրինել: Իսկ թե ով կհաղթեր, թող որոշվի քվեների մեծամասնությամբ: Ահա այս շեշտադրմամբ ՔՊ-ն որոշել է ՀՀԿ-ին «խոսելու առիթ չտալ»:
Նշենք, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի 5 թեկնածուներն էլ ինքնաառաջադրված են:
Նրանցից մեկը ԲՀԿ նախկին պատգամավոր Դավիթ Քոչարյանն է, ով ԱԺ-ում ակտիվությամբ երբեք աչքի չի ընկել եւ նախաձեռնություններով հանդես չի եկել:
Ամենաերիտասարդը Լեւոն Ստեփանյանն է: Քաղաքապետի մյուս երկու թեկնածուներն են Գագիկ Աթասյանը եւ Մանվել Պողոսյանը:

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ԴԻՄՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆ
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն էր, առաջիկա օրերին պատրաստվում է դիմել դատարան զրպարտության եւ վիրավորանքների համար: Բանն այն է, որ նա բազմիցս էր նշել ֆեյսբուքյան տիրույթում իր հասցեին արվող վիրավորանքների մասին եւ ահա նա ընթացք է տալիս այդ ամենին: Հայցը ներկայացվելու է կոնկրետ օգտատերերի դեմ եւ ներկայացվելու են ապացույցներ: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանի փաստաբան Ինեսսա Մուրադյանը: «Շատ գրառումներ են եղել, որոնցում եղել են վիրավորական արտահայտություններ: Հայցադիմումի պահանջը լինելու է պատիվը արժանապատվությունը եւ բարի համբավն արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրելու հետ կապված եւ լինելու է նաեւ երկրորդ հայց, որը նաեւ գումարային պահանջ է լինելու», – փոխանցեց փաստաբանը: Փաստաբանը չմանրամասնեց, թե որ օգտատերերի մասին է խոսքը, սակայն նշեց, թե դրանք վերաբերում են վիրավորական արտահայտություններ հնչեցրածներին, Զոհրաբյանի լուսանկարը տղամարդկանց կերպարով տարածողներին եւ այլն:

 

 

ԹՈՌՆԻԿՆԵՐԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
Հուլիսի 9-ին ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի հետ տեղի ունեցածը շարունակում է դեռ մնալ առեղծված: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` իրավապահները կատարվածի մասով հարցաքննել են նաեւ վերջինիս թոռներին՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյաններին, հետաքրքրվելու համար, թե ինչ խնդիրներ է ունեցել իրենց պապը, արդյոք որեւէ մտահոգություն հայտնել է եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Սարգիս եւ Սերժ Վարդանյանների պաշտպան Սամվել Ջաղինյանից, սակայն վերջինս ասաց, որ տեղեկություն չունի, թե արդյոք տղաներին վերոնշյալ գործի մասով հարցաքննել են, թե ոչ:

 

 

ՔԻՉ ՄՆԱՑ ՊԱՐԱՊՈՒՐԴԻՆ
Ինչպես հայտնի է, Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Իսկ հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա առանց քվեարկության կդառնա քաղաքապետ: Բայց մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի ոչ միայն քաղաքապետարանի, այլեւ վարչական շրջանների աշխատողները մատնվել են պարապուրդի: Սա նկատելի է հատկապես վարչական շրջաններում, որոնց ոչ բոլոր ղեկավարներն են շարունակելու պաշտոնավարել: Անհայտ են նաեւ քաղաքապետարանների, թաղապետարանների վարչությունների պետերի, աշխատողների ճակատագրերը. չի բացառվում, որ առաջիկայում նրանք եւս հրաժեշտ տան իրենց պաշտոններին: Առիթից օգտվելով` նրանք այս ընթացքում անգործ են եւ գրեթե չեն զբաղվում բնակիչներին հուզող խնդիրներով, անգամ գրեթե չեն հաճախում աշխատանքի:




Լրահոս