Հայաստանում երեկ տեղի ունեցավ այն, ինչը վաղուց սպասելի էր: Համաժողովրդական ճնշմամբ ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման առաջին օրից հասարակությանը սնում էր «հակահեղափոխականության» գաղափարով: Իհարկե, հակահեղափոխության տեսլականը ռեալ էր: Եւ մարդիկ, մոռանալով իրենց սոցիալական ծանր վիճակի մասին, մտածում են միայն՝ ՀՀԿ-ն ոչ մի դեպքում հետ չգա կամ Ռոբերտ Քոչարյանը ռեւանշ չվերցնի: Եւ իրավիճակն ավելի սրվեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ իշխող կուսակցությունը հասարակությանը բաժանեց «սեւերի եւ սպիտակների»: Ու «սեւ ուժերին» այլ ելք չէր մնում, քան միավորվելն ու «ատամ ցույց տալը» Փաշինյանի կառավարությանը: Այդ գործընթացը եղավ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը՝ 67 կողմ կասկածելի ձայներով (առանց էլեկտրոնային քարտերի, ուղղակի ձեռքով քվեարկելով), որը ՀՀԿ-ին կրկին միավորեց «հին դաշնակիցների»՝ «Դաշնակցության» եւ ԲՀԿ-ի հետ. երեք ուժ, որ իրար հետ անքակտելիորեն կապված են մարտի 1-ի խարանով:
Ինչպես երեւում է, իրավիճակի լրջությունը չեն գիտակցում նաեւ «սեւ ուժերը», որոնք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից 5 օր առաջ անասելի լարեցին իրավիճակը երկրում, պղծեցին Մեծ հայի հիշատակը. Շառլ Ազնավուրի մահը սգալու փոխարեն հրապարակում «արտահերթ ընտրությունների պահանջ» է բղավում ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը: «Սեւերը» նաեւ իրականում չեն տիրապետում երկրում առկա իրավիճակին, եւ նրանց թվում է, թե Նիկոլ Փաշինյանին քննադատելով` իրենց տեղը կբացվի քաղաքական արենայում: Բայց հասարակությունը մերժել է նրանց: Եւ այն, որ երեկ Նիկոլ Փաշինյանի կոչով հազարավոր քաղաքացիներ կարճ ժամանակում հավաքվեցին Բաղրամյան պողոտայում, հենց ասվածի ապացույցն էր: Նա դարձյալ ժողովրդի մանդատով հայտարարեց ԲՀԿ, ՀՅԴ նախարարներին աշխատանքից ազատելու մտադրության մասին: Այնուհետեւ մտավ ԱԺ բանակցելու արտահերթ ընտրությունների շուրջ, որի ժամկետ էր նշել դեկտեմբերը: Եւ կեսգիշերնանց հայտարարեց, որ խորհրդարանական մեծամասնության հետ բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում:
Վճռաբեկ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի քննության հարցում կարող է անելանելի վիճակ ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վճռաբեկ դատարանի դատավորները նախկինում քննել են 2008թ մարտի 1-ի քաղբանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերը` ընդդիմադիր գործիչների նկատմամբ կայացնելով մեղադրական դատավճիռներ: Իսկ դա նշանակում է, որ նրանք չեն կարող հիմա անաչառ գտնվել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցում: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, եթե վճռաբեկ դատարանի դատավորներն ինքնաբացարկ հայտնեն, ապա չի մնա որեւէ մեկը: Սա, թերեւս, հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանում լուրջ վերափոխման կարիք ունի նաեւ դատական համակարգը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումները ՀՀԿ-ականների եւ Սերժ Սարգսյանի հետ: Ավելին, ըստ մեր աղբյուրների` երեկ նա մասնակցել է Սերժ Սարգսյանի խնամու եղբոր՝ Մայիս Խաչատրյանի թաղմանը: Քոչարյանը հիմնականում շփվել է Սերժ Սարգսյանի հետ, ընդ որում` բավական ակտիվ: Նրանք երկար զրուցել են, թե ինչի մասին, պարզել չհաջողվեց: Միաժամանակ, ըստ շրջանառվող լուրերի, Քոչարյանը ՀՀԿ ԳՄ նիստի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում: Նշենք, որ տեւական ժամանակ է՝ Քոչարյանի եւ Սարգսյանի հարաբերությունները գրեթե սառել էին. իր վերջին հարցազրույցներից մեկում Քոչարյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանին վերջին հինգ տարում երկու անգամ է տեսել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել՝ Քոչարյանը մասնակցել է ՀՀԿ ԳՄ նիստին, թե ոչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացասական պատասխան է տվել՝ ասելով. «Անկուսակցական Քոչարյանը մասնակցում է ՀՀԿ նիստին ի՞նչ կարգավիճակով: Չկա նման բան»:
ՀՀ առողջապահության ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 7-ի հրամանի շուրջ դժգոհությունները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ խնդրին` տեղեկացնելով, որ Թորոսյանը թաքուն-թաքուն ամբողջովին փոփոխել էր ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը առանց հաշվի նստելու երկար տարիների գլխավոր մասնագետների հետ: Ըստ այդմ, նախարարության գլխավոր մասնագետներն այլեւս հանդես են գալիս որպես խորհրդատուներ: Թորոսյանը որոշել է կրճատել գլխավոր մասնագետների, այժմ արդեն խորհրդատուների թիվը` 76-ից հասցնելով 45-ի:Եւ ամենասարսափելին` առողջապահության նախարարը ցանկը կրճատել է, որտեղ տեղ չեն գտել կարեւորագույն մասնագիտություններ` գենետիկան եւ ռեւմատոլոգիան: Մեզ հետ զրույցում ՀՀ արդեն նախկին գլխավոր գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թամարա Ֆադեյի Սարգսյանն ասել է. «Ես շատ դեմ էի դրան, ոչ թե որ այլեւս գլխավոր մասնագետ չեմ, այլ ցանկից հանել են գենետիկան»: Թ.Սարգսյանն ասել է, թե ինքն է ցանկացել առաջարկել, որ իր փոխարեն գլխավոր գենետիկի կոչում ստանա երիտասարդ մասնագետ: «Ես դա էի ուզում առաջարկեի նախարարությանը, բայց կատարվեց հակառակը»,- ասել է նա:
ԳԱԶԻ ՄՐՑՈՒՄ
Խորհրդարանում առաջարկվում է ստեղծել եւս մեկ քննիչ հանձնաժողով: Այս անգամ առաջարկվում է քննիչ հանձնաժողով ձեւավորել ուսումնասիրելու Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածության հարցը, «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գործունեության առանձնահատկությունները: Նախաձեռնության հեղինակն էլ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է: Անշուշտ նա բավական լավ առաջարկ է ներկայացրել, խորհրդարանն ունի վերահսկողական լուրջ լիազորություններ եւ պետք է դրանք գործադրի:
Միայն թե զարմանալի զուգադիպությամբ այս առաջարկն արվում է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ՝ ՀՀ-ում բնական գազի գնագոյացման վրա ազդեցություն ունեցող գործոնների եւ բաղադրիչների ամբողջական ուսումնասիրության հետ կապված: Ասել է թե` խորհրդարանում ներկայացված առաջարկը գրագողություն է հիշեցնում` որոշակի փոփոխություններով, իհարկե: Հիմա տպավորություն է, որ խորհրդարանում փորձում են կառավարության հետ մրցավազքի մեջ մտնել ցույց տալու, թե իրենք ավելի մտահոգ են երկրում ստեղծված իրավիճակով, ուստի քայլեր են անում այդ ուղղությամբ:
Բացի այդ, Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները վերջին երեք տարում չեն բարձրացել, ընդհակառակը, որոշակի գնանկում է տեղի ունեցել: Ու անհասկանալի է՝ պատգամավորն ինչո՞ւ հիմա է հիշել այս ամենի մասին, ինչո՞ւ նման նախաձեռնություն չէր ներկայացվում Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակ. վախենո՞ւմ էին, թե՞ պարզապես չունեին համապատասխան թույլտվություն: Թե՞, այնուամենայնիվ, Հայաստանի ու ՌԴ իշխանությունների վերջին հանդիպումներից հետո հասկացել են՝ կան էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների նվազման հնարավորություններ, ըստ այդմ, փորձում են իրենցով անել ձեռքբերումը:
Ինչ վերաբերում է ստեղծվելիք ԱԺ քննիչ հանձնաժողովին, հիշեցնենք, ժամանակին նախորդ գումարման խորհրդարանում ձեւավորվել էր գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: ՈՒ թեեւ այդ հանձնաժողովի եզրակացությունը միանշանակ չընդունվեց (վերջին պահին ՀՀԿ-ականները սովորության համաձայն արեցին այնպես, որ այդ հանձնաժողովի զեկույցը եւս ներկայացվի օրենսդրության ոտնահարմամբ` փաստաթուղթը զրկելով լեգիտիմությունից), այնուամենայնիվ այնտեղ կային որոշակի արժեքավոր բացահայտումներ: Բայց նախկին իշխանություններն այդպես էլ ուշադրություն չդարձրին ներկայացված փաստերին: