ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումից հետո՝ արդեն գիշերը 1-ի սահմաններում, ելույթ ունեցավ խորհրդարանի մոտ հավաքված բազմության առաջ՝ ներկայացնելով բանակցությունների արդյունքները: Հաշվի առնելով թեմայի կարեւորությունը՝ ներկայացնում ենք Փաշինյանի ելույթը՝ չնչին խմբագրումներով:

«Սիրելի՛ ժողովուրդ, ՀՀ հպա՛րտ քաղաքացիներ, ողջո՛ւյն: Դուխո՞վ եք:
Դուք հաղթել եք, եւ որեւէ մեկը չի կարող ձեզանից խլել այդ հաղթանակը: Սա ամենակարեւորն է: Հիմա փորձեմ ներկայացնել այն, ինչ տեղի ունեցավ շենքի ներսում: Սա նոր եւ ուրիշ փուլ է: Խնդրում եմ, հորդորում եմ վանկարկումների, գրառումների, մեկնաբանությունների, արտահայտությունների մեջ որեւէ քաղաքական գործչի մասին որեւէ անձնական վիրավորանք պարունակող որեւէ արտահայտություն չանել: Եթե էս հարցով պառակտում լինի, ուրեմն մեր գործերը լավ չեն: Եթե փոխադարձ հարաբերությունների մեջ ոչինչ չի փոխվելու, ի՞նչ պիտի փոխենք. հին կառավարությանը նորո՞վ: Հին իրականության էջը փակված է: Եթե ՀՀԿ-ական ամենաչսիրված պատգամավորը դուրս գա, պիտի ասեք՝ խնդրեմ, դուրս եկեք, բարի գիշեր:
Ես բարձրացա ԱԺ նախագահի աշխատասենյակ եւ ասեցի, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, որը պետք է հաղթահարենք: ՀՀԿ «Ծառուկյան» դաշինք եւ մյուս խմբակցության ներկայացուցիչները եւս ասացին, որ պետք է հաղթահարենք, եւ երկիրը պետք է շահած դուրս գա այս ամենից: Ես ասացի, որ դրա տարբերակը հետեւյալն է: Առաջիկա օրերին պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից եւ ես ակնկալում եմ, որ որպեսզի ՀՀԿ-ն եւ գործող ԱԺ-ն ավելի չգրգռի մարդկանց, հանկարծ այլ խմբակցություն առաջադրի վարչապետի այլ թեկնածու, կարող են նույնիսկ ուրիշին վարչապետ ընտրեն, բայց պիտի հասկանան, որ հանրության շրջանում ռեակցիա է առաջացնելու: Ես ասացի` ճիշտ կլինի, որ մենք ստորագրենք փաստաթուղթ, որ այսինչ օրը ես հրաժարական կտամ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, մի անգամ վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, որից հետո 2-րդ անգամ կլինի նույնը, ինչի արդյունքում մենք դեկտեմբերին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, կարծես թե, ըստ էության ընկալում են ժողովրդի ուղերձը եւ հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին, դիրքորոշմանը եւ նրանք բանավոր ասացին՝ 3 խմբակցություններն էլ, անկախ հուշագրից, իրենք չեն պատրաստվում ո՛չ 1-ին, ո՛չ էլ 2-րդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու: Եթե ինչ որ բանի մասին ես սխալ տպավորություն եմ ստացել, թող իրենք պարզաբանեն:
Իրենք հարց տվեցին` ինչն է հիմնավորումը ԱԺ արտահերթ ընտրությունների. արդյոք դրա պատճառը տնտեսությունն է, Ղարաբաղի հարցը, քաղաքական պահանջը եւ այլն: Բայց այսօր կա ամենագլխավոր պատճառը, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, որը պետք է րոպե առաջ հանգուցալուծվի: Ո՞րն է դրա էությունը: Երկրում հաստատվել է ԱԺ, որը չի ներկայացնում ՀՀ քաղաքացիներին: Եւ, հետեւաբար, այս ճգնաժամը հանգուցալուծելու միայն մեկ տարբերակն է` ԱԺ արտահերթ ընտրություններ: Ես ինձ իրավունք եմ վերապահել ներսում խոսել ձեր անունից:
Հիմա, երբ տեղի ունենա այդ ընտրությունը, ես ասեցի, որ մեր դիրքորոշումը հետեւյալն է` ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին: Հարց է հնչում` իսկ ինչո՞ւ չի կարող տեղի ունենալ մայիսին: Ես դրա համար բերել եմ 2 պատճառ.
1. Երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ: Եթե որեւէ մեկն ասում է մայիսին, նշանակում է ճգնաժամը թող շարունակվի, լավ է` ճգնաժամ է:
2. Վարչապետի կարգավիճակում մի քանի ամիս է` զգում եմ, որ մյուս բոլոր հարցերը մղվել են երկրորդ պլան: Բոլորը զանգում, նամակ են գրում, ասում են շուտ արեք արտահերթ ընտրություններ, էլ չենք դիմանում, էլ ներվեր չկա: Դրա համար կա նաեւ օբյեկտիվ պատճառ, որովհետեւ ՀՀԿ եւ ոչ ՀՀԿ գործիչները բաներ են խոսում, որ հիմքում ոչինչ չունեն, բայց նյարդայնացնում եք մարդկանց անիմաստ: Հիմա մեր դիրքորոշումը հետեւյալն է. ընտրությունները` դեկտեմբերի առաջին կես: Հիմա հարց է առաջանում` ինչո՞ւ ոչ նոյեմբերին, որովհետեւ կա պատճառ, եթե ափալ-թափալ չշարժվենք, ավելի շուտ անելու հնարավորություն չկա: ՀՀ Սահմանադրությունը պահանջում է 7+7 օր վարչապետի ընտրություն, ձախողում, իսկ արտահերթը նշանակվում է 2-րդ տապալված ընտրությունից ավելի շուտ, քան 30 օր:
Գիտեք, որ հոկտեմբերի 7-ին ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն է տեղի ունենալու, եւ ես կարող եմ նաեւ պաշտոնակատարի կարգավիճակով մասնակցել այդ միջոցառումներին: Եւ ես գործընկերային կոռեկտությունից ելնելով կփորձեմ քննարկել հարցը ֆրանկոֆոնիայի մասնակից մի քանի երկրների ղեկավարների հետ, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Կոռեկտությունից ելնելով նաեւ հեռախոսազրույցներ եմ վարում մեր մի շարք միջազգային գործընկերների հետ, որ Հայաստանում ինչ իրադարձություններ են կատարվում, որ տեղեկացված լինեն:
Հիմա մենք կարող ենք արձանագրել հետեւյալը. հենց այսօր ՀՀ-ում արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելը քաղաքացիական, համաժողովրդական, համազգային պահանջ է: Եւ էն քաղաքական ուժը, ուժերը, որոնք դեմ կգնան այդ պահանջին, նրանք ուղիղ պատերազմ են հայտարարում սեփական ժողովրդին: Իմ տպավորությամբ այդ ուղերձը ՀՀԿ, «Ծառուկյան դաշինք», ՀՅԴ մեր գործընկերների կողմից ընկալված է: Բայց որեւէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն չկա: Ժողովո՛ւրդ ջան, հո՞ խաբելով չի: Եւ մենք այդ պատասխանով, ես համարում եմ այս հոյակերտ այգու դռները բացելով, ինչի առիթով շնորհավորում եմ, մեզ մնում է հետեւյալը. շփումները կշարունակվեն: Ես իրենց ասել եմ, որ մենք էլ չենք խոսելու մի բանի մասին, որ հակառակ լինի, ժողովրդի կողմից ոչ ընդունելի: Այդպիսի տարբերակ չկա:
Մտադիր եմ անպայման մասնակցել Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողություններին: Ես այս ընթացքում հեռախոսազրույց ունեցա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ եւ իմ տպավորությամբ նա ժողովրդի դեմ որեւէ քայլ չի անի: Ինքն էլ կգա Փարիզ մասնակցելու հրաժեշտի արարողություններին, ինքն էլ կգա Հայաստան, կարող է ցանկություն ունենա քաղաքական ուժերի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը: Եւ ես առաջիկա օրերին հրաժարական կտամ` մնալով վարչապետի պաշտոնակատար, եւ Կառավարության այն անդամները կմնան պաշտոնակատարներ:
Ես ասել եմ` ճիշտ կլինի` հուշագիր լինի, որ մարդիկ հանգստանան, ավելորդ չգրգռվեն: Հետագա բոլոր զարգացումները կլինի ձեր տիրապետության ներքո: Մենք այսօրվա անելիքները երեւի գերազանց արեցինք»:

 

 

 

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՍՏԱԿ ՉԷ

Ինչպես հայտնի է, «Ժառագություն»-ը տեղ չգտավ Երեւանի ավագանիում: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցի հետ կապված զրուցեց նույն կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգությունը» քիչ թվով ձայներ հավաքեց: Պատրաստվո՞ւմ եք մասնակցել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
-Անպայման: Անպայման մասնակցելու ենք: Մենք ուզում ենք, որ դա օր առաջ լինի: Իսկ Երեւանի ավագանու ընտրությունները, ըստ էության, ոչ թե ընտրություններ էին, այլ քաղաքացիների պատասխանն էր Նիկոլ Փաշինյանի կոչին: Վարչապետը ասեց` եթե ուզում եք արտահերթ ընտրություններ, քվեարկեք «Իմ քայլը» դաշինքի օգտին, քաղաքացիներն էլ տվեցին իրենց պատասխանը: Դա հստակ քաղաքական աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին: Այսինքն` շատ պարզ էր` թե ինչու մենք քիչ ձայն հավաքեցինք:
-Ըստ Ձեզ` այդքանից հետո ի՞նչ շանսեր ունեք խորհրդարանում հայտնվելու:
-Շանսերի խնդիր չկա: Ինչ իմանանք` էդ պահին ինչ կլինի: Ակնկալիքների մասին խոսելու բան չկա, որովհետեւ իրավիճակը հստակ չէ:
-Շատ քաղաքական ուժեր ասում են, որ բնական է, որ հեղափոխության գլխին կանգնած ուժը պետք է հաղթեր, եւ նաեւ նշում, որ ժողովուրդը էյֆորիայի մեջ է:
-Նախ ասեմ, որ հեղափոխությունը հաղթել է ամբողջ ժողովուրդը: Դա եղել ա համընդհանուր պայքար: Ինքնաբուխ պայքար եղավ քաղաքացիների կողմից, դրա համար էլ մենք այս արդյունքը ունեցանք: Նույնիսկ եթե հիմա էյֆորիկ շրջան է, մեր պետական շահերը գերակա են կուսակցական բոլոր շահերից: Եթե որեւէ կուսակցություն չի կարողանում պատրաստվել, չի հասցնում, կամ այս վիճակի պատճառով կարող է խորհրդարան չանցնել, դա չի նշանակում, որ արտահերթ ընտրությունները պետք է ուշանան: «Ժառագություն»-ը կարծում է, որ արտահերթ ընտրությունները նույնիսկ ուշացել են:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ՉԻ ԿԱՐՈՂ
Երեկ ուշ երեկոյան ՀՀ ամենահին «Դաշնակցություն» կուսակցությունը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունից դուրս գալու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից ճշտել` ՀՅԴ-ն ինչո՞ւ հետ կանչեց իր նախարարներին, կուսակցությունը ուրիշ տարբերակներ չի՞ տեսնում հարցը լուծելու համար եւ արդյոք դրանով լարվածությունը կթուլանա՞ երկրում։ Մարգարյանն ասաց, որ քաղաքում չէ եւ չի կարող պատասխանել մեր հարցերին։ «Զանգե՛ք Արսեն Համբարձումյանին»։ Իսկ Համբարձումյանն էլ անջատում էր մեր հեռախոսազանգերը։

 

 

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ ԿՀՐԱՎԻՐԵՆ
Ինչպես հայտնի է, ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման մասով ԱԺ-ում ստեղծվեց Քննիչ հանձնաժողով, որի նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Քննիչ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ հարցումներ են ուղարկվելու պետական եւ ոչ պետական մարմիններին տեղեկություններ տալու, թե հեռախոսային խոսակցություններ լսելու հնարավորություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր, բացի այդ, թե ինչ տեղեկություններ կան, որ որեւէ անձ ապօրինի է ներմուծել կամ օգտագործում նման սարքավորումներ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ բացի այս հարցադրումներից նաեւ քննիչ հանձնաժողովը այլ հարցեր է ուղղել իրավապահ մարմիններին:
Ավելին, քննիչ հանձնաժողովը նաեւ հարցաքննության է հրավիրելու գաղտնալսման առիթով հարուցված քրգործում ներգրավված դատախազներին, նույնիսկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հասկանալու համար, թե նրանք ինչ հսկողություն են իրականացնում:
Միգուցե Քննիչ հանձնաժողովը այս քայլին գնում է, քանի որ տեղեկություններ ունի, որ վերահսկող դատախազները այդքան էլ լավ չեն տիրապետում քրեական գործին, կամ միգուցե նախաքննություն իրականացնող մարմինը նրանց պատշաճ տեղեկություն չի հայտնում: Ամեն դեպքում, հարցաքննությունը հետաքրքիր բացահայտումներ է խոստանում:

 

ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿՐԿԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Արարատի Մարզի խնդիրներին չտիրապետող մարզպետ Գարիկ Սարգսյանին կրկին դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 1-ին դատարան է դիմել Նունե Ավանեսյանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի մարզպետ Գարիկ Սարգսյանին «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում իրականացվող ներքին աուդիտի ընթացքում նախնական արդյունքներով հայտնաբերված խախտումների քննարկմանը իրեն մասնակից դարձնեն կամ աուդիտի արդյունքում կազմված փաստաթղթերի պատճենը տրամադրեն: Ստացվում է, որ բժշկական կենտրոնում ստուգումներ են իրականացվել, սակայն քննարկմանը «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ-ի աշխատակիցներին չեն ընդգրկել եւ դեռ ավելին` աուդիտի արդյունքում կազմված ամփոփ փաստաթղթերի պատճենն էլ չեն տրամադրել, որ մարդիկ իմանան՝ ինչ է կատարվում իրենց կենտրոնում:




Լրահոս