ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԼՈՒԶՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի շուրջը ձեւավորված համաձայնության կառավարությունը երեկ փլուզվեց րոպեների ընթացքում: Առիթը դարձավ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որի ամենաաղմկահարույց դրույթի հեղինակն էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էր: Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ երեկվա լարվածության պատճառը հենց Գեւորգ Պետրոսյանի առաջարկած փոփոխությունն ու Արփինե Հովհաննիսյանի նախագիծն էր: Ինչպես հայտնի է, օրինագիծն ընդունվել է 67 կողմ ձայնով. կողմ են քվեարկել ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները:

Իհարկե, այս կառավարությունը սկսել էր ճաքեր տալ ավելի վաղ՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեւերի ու սպիտակների, հեղափոխական եւ հակահեղափոխական ուժերի տարբերակում դրեց եւ երեկ էլ, ըստ էության, վերջնականապես հայտարարեց, թե ովքեր են հակահեղափոխականները: Երեկ տեղի ունեցածը պարզապես այդ ամենի հետեւանքն էր:
Երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հոծ բազմություն էր հավաքել Բաղրամյան պողոտայում եւ ելույթ էր ունենում, հայտարարություն տարածեց ՀՅԴ-ն` նշելով, թե հետ են կանչում իրենց նախարարներին եւ մարզպետներին. «Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը»,- իրենց որոշումը մեկնաբանել են նրանք: Դրանից րոպեներ անց արդեն Նիկոլ Փաշինյանը հրաման ստորագրեց ԲՀԿ եւ ՀՅԴ նախարարներին աշխատանքից ազատելու մասին: Նա հայտարարեց, նաեւ ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական մարզպետներին պաշտոնանկ անելու մտադրության մասին:
ՈՒ հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց. եթե ՀՅԴ-ն հասցրեց դուրս գալ կառավարության կազմից, ապա ԲՀԿ-ին Փաշինյանը պարզապես «վռնդեց»՝ պատժելով վերջին օրերի պահվածքի համար: Միաժամանակ, ուշագրավ է, որ ԲՀԿ-ական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ, եւ Փաշինյանը համաձայնել է: ԱԺ «Ելք» խմբակցության անդամ կուսակցությունների ներկայացուցիչների նախարարներ Մանե Թանդիլյանի եւ Արտակ Զեյնալյանի մասին վարչապետը ոչինչ չասաց: Ընդհակառակը, չնայած վերջին ընթացքում «Ելք»-ում առկա տարաձայնություններին` երեկ նրանք կրկին միավորվել էին, եւ պատգամավորները պաշտպանում էին Փաշինյանին, նրա դիրքորոշումը:
ՀՅԴ եւ ԲՀԿ քվոտայով նախարարներին աշխատանքից ազատելու հրամանները Փաշինյանը ստորագրեց հենց դրսում՝ ԱԺ մոտ հավաքված բազմության առաջ: Այդ հրամանագրերը ստորագրելուց զատ վարչապետը նաեւ քաղաքական ուղերձներ հղեց:
«Նախարարների հրամանները հաստատելուց հետո ես հրաժարական կտամ: Իմ հրաժարականի 7-րդ օրը ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ, եթե այդ ընթացքում չընտրի նոր վարչապետ, ապա պետք է անցնի եւս 7 օր, եթե ընտրի նոր վարչապետ, ուրեմն ընտրեց նոր վարչապետ, իսկ եթե չընտրեց, ուրեմն տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որպեսզի տպավորություն չլինի, թե ես կառչած եմ վարչապետի աթոռից, իմ հրաժարականից հետո եթե ժողովուրդը ուզի, մենք թույլ չենք տա նոր վարչապետի նշանակումը միասին: Այնուհետ ձեր վստահության քվեով ես կկարողանամ ընտրվել»,- նշեց նա:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում է ԱՄՆ-ում եւ կարող է այդ հրամանները ստորագրել միայն Հայաստան վերադառնալուց հետո: Այս հայտարարություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավ խորհրդարան՝ ԱԺ նախագահի եւ պատգամավորների հետ բանակցելու: Մինչ այդ Փաշինյանը հայտարարեց. «Ես հիմա կփորձեմ մեր գործընկերների տեսակետը իմանալ, թե ինչպես պետք է հաղթահարենք իրավիճակը: Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք եւ արտահերթ ընտրություններ տեղի կունենան: Ես հրաժարական կտամ, իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի՝ մարդկանց չգրգռելու համար: Ես հրաժարական տված լինեմ, իսկ նրանք թեկնածու առաջադրեն, պարզապես կբորբոքեն մարդկանց: Հույս ունեմ, որ մեր գործընկերներն այս իրավիճակը ճիշտ կգնահատեն»: Ընդ որում, լրագրողի հարցին՝ կրկին ուժի մե՞ջ է դեկտեմբերի 15-ին ընտրությունների գնալը, վարչապետը նշեց, որ հնարավոր է ավելի շուտ լինի, բայց դա բանակցությունների արդյունքում պարզ կդառնա: «Ընտրություններն ավելի շուտ են ստացվում, քան դեկտեմբերի 15-ն է»:
Հատկանշական է, որ ՀՀԿ-ականներն արտահերթ ընտրությունների մասին խոսելիս փորձում էին մանեւրել` ասելով՝ դեմ չեն արտահերթ ընտրությունների անցկացմանը, բայց ոչ այսպես շուտափույթ կերպով, մանավանդ, կառավարության ծրագրում եւս նշված է մինչեւ 2019թ. մայիս ամիսն այդ ընտրություններն անցկացնելու մասին: Մինչդեռ վարչապետ Փաշինյանը հասկանում է, որ ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել հնարավորինս արագ, այլապես, ժամանակը կարող է իր դեմ ծառայել: Ավելին, ԱԺ արտահերթ ընտրությունների հետաձգումն իսկապես խոչընդոտում է երկրի տնտեսության զարգացմանը, քանի որ ինչպես երեկվա դեպքերը ցույց տվեցին, նախկին իշխանությունն ամբողությամբ չի հեռացել, նոր իշխանությունն էլ լիարժեք չի հաստատվել:
Ինչ վերաբերում է երեկ փողոցում տիրող մթնոլորտին, ապա Բաղրամյան պողոտան իսկապես մարդաշատ էր. հավաքվածները շրջափակել էին խորհրդարանը` զրկելով պատգամավորներին ելումուտի հնարավորությունից: Մանավանդ, որ մարդկանց առաջ բացվել էին խորհրդարանի դարպասները, եւ հավաքված բազմությունն անարգել մտել էր նաեւ ԱԺ բակ՝ սպասելով Փաշինյանի ու խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների բանակցություններին: Այն տեւեց մինչեւ ուշ գիշեր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՓՐԿՎԱԾ ԲԱՑԱԿԱՆԵՐԸ
Երեկ երբ ԱԺ-ում քվեարկության էր դրվում աղմկահարույց Կանոնակարգ օրենքի փոփոխության հարցը, պարզվեց, որ նախագծի հեղինակներից (Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան) Անդրանիկ Հարությունյանը չի ներկայացել նիստին: Հատկանշական է, որ ԱԺ արտահերթ նիստից բացակա էին նաեւ Ռիտա Սարգսյանի ընկերուհին՝ Ջեմմա Բաղդասարյանը, ՀՀԿ շախմատիստ Տաճատ Վարդապետյանը, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյան, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, Արմավիրից Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը եւ «կարտոֆիլի նեղ մասնագետ» Հակոբ Հակոբյանը: ԲՀԿ-ում էլ կային ուշագրավ բացականեր. նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կուսակցության նախագահի փեսան՝ Դավիթ Մանուկյանը, գործարար Մելիք Մանուկյանը եւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Թե ինչու չկային նրանք, պարզ չէ, բայց փաստ է, որ բախտները բերեց, գերի չմնացին:

 

 

«ՄԵՂԱՎՈՐԸ»
Երեկ գիշեր «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսով կապ հաստատեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ, որի նախաձեռնությամբ աղմկարահույց նախագիծը ԱԺ-ում արտահերթ կարգով ընդունվեց:
-Ի՞նչ եք անում շրջափակված ԱԺ-ում:
-Ներսում հանգիստ իրավիճակ է։ Ոչինչ չենք անում։ Վարչապետ Փաշինյանը զրուցում է ԱԺ նախագահի հետ։
-Մտավախություն չունե՞ք, որ ցուցարարները կարող են ինչ որ պահի կոտրել դռներն ու պատուհանները եւ ներս մտնել:
-Մտավախություն, բնականաբար, կա։
-Դուք, ըստ էության, սրեցիք վիճակը, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կհանգուցալուծվի այս իրավիճակը:
-Ես որեւէ բան չեմ կարող ասել։ Այդ մասին կիմանան այն մարդիկ, ովքեր սատարում են նման գործողությունները:

 

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանում վերջին ամիսներին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Տեղեկացնենք, որ համայնքի ավագանին տեւական ժամանակ անընդհատ բոյկոտում էր` չներկայանալով նիստերին: Հիմա էլ ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը աշխատանքից ազատել է փոխքաղաքապետ Ռուբեն Ծատուրյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ծատուրյանի փոխարեն փոխքաղաքապետ նշանակել է Սերգեյ Մուրադյանին: Մեր հարցին` ինչո՞ւ եք Ռ. Ծատուրյանին ազատել պաշտոնից, քաղաքապետ Կ. Բենիամինյանն ասաց. «Իր աշխատանքը ինձ դուր չի եկել, այդ պատճառով ազատվել է աշխատանքից»: Ի դեպ, վերջինս Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանի որդին է: Հիշեցնենք, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում` ժամը 14:30-ի սահմաններում, Ս. Մուրադյանն այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու նպատակով մի խումբ անձանց հետ մտել էր Արտաշատ քաղաքի թիվ 17/05 ընտրատեղամաս, բռնություն գործադրել ընտրություններին որպես դիտորդ մասնակցող Նարինէ Իսմաիլիի նկատմամբ, նրան զրկել շարժվելու, լուսանկարելու կամ տեսաձայնագրելու հնարավորությունից` խոչընդոտելով նրա լիազորությունների իրականացմանը:

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները: Անդրադարձ է կատարվել եկամտային հարկի եւ շահութահարկի դրույքաչափերի նվազեցման, շրջանառության հարկի շեմի, միկրոձեռնարկատիրության հարկման, արտոնագրային հարկի համակարգերում փոփոխությունների շուրջ առաջարկություններին ու տարբերակներին, ինչպես նաեւ դրանց՝ պետբյուջեի եկամուտների նկատմամբ հնարավոր ազդեցություններին: Ն. Փաշինյանը նշել է, որ հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ եւ շարժվել առաջ: Նրա խոսքով՝ բարեփոխումները պետք է նպաստեն հարկ վճարողների վարքագծի դրական փոփոխություններին, հարկային համակարգի պարզեցմանը, աշխատանքի խրախուսմանը:

 

 

3500 ՀՈԳԻ
Հոկտեմբերի 11-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են 26 պետության ղեկավարներ, 2 երկրների փոխնախագահներ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետեր, 3 փոխվարչապետեր: Ըստ ՀՀ արտգործնախարարության Պետական արարողակարգի ծառայության ղեկավար Լեւոն Մինասյանի` բարձրաստիճան մասնակիցների թիվը կարող է աճել: Գագաթնաժողովին մասնակցելու համար Երեւան են ժամանելու ընդհանուր առմամբ շուրջ 3 հազար 500 հոգի:

 

 

ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ
Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի` ՀՅԴ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանից ժամադրություն չի ստացել արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու համար։ Նա շեշտել է, որ իրենք միշտ ասել են ու շարունակում են մնալ այն տեսակետին, որ կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: «Մենք կողմ ենք ընտրությունների անցկացմանը, բայց դեմ ենք դրանց անհապաղ անցկացմանը: Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա այն անհրաժեշտ քայլերը կատարելու տրամաբանությամբ, որոնց համար բավարար ժամանակ պետք է հատկացվի»,-ասել է Ռուստամյանը։ Արմեն Ռուստամյանը թվարկել է իրենց կողմից անհրաժեշտ համարվող քայլերը, որոնք երեքն են։ Ըստ նրա` 1 տարուց ոչ ավելի ժամկետ է պետք, որպեսզի այս ամենը կյանքի կոչվի, բոլոր խնդիրները լուծվեն: Պատգամավորի խոսքով` Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները չի կարելի հիմք համարել արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի արագ անցկացնելու համար:

 

 

ԱԶՆԱՎՈՒՐ ԵՆ ԼՍՈՒՄ
Ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են նրա ստեղծագործությունները։

 

 

ԱԶԱՏԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հայկակ Արշամյանին ազատել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:




Լրահոս