Քաղաքական իրադարձությունները երեկ Հայաստանում զարգացան աներեւակայելի արագությամբ: ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծը դարձավ իշխող կոալիցիայի համար ջրբաժան:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Անդրանիկ Հարությունյանը վերջերս ներկայացրել էին ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել էր եւ երեկ քննարկվեց միայն երկրորդ ընթերցմամբ: Եվ հետաքրքիրն այն էր, որ առաջին ընթերցման ժամանակ առաջարկվում էր միայն, որ կառավարության ներկայացուցիչները, երբ հարակից զեկուցմամբ են հանդես գալիս, պարտադիր ներկա լինեն օրենքի քննարկմանը: Ընդ որում, այս փոփոխությունն արվել էր 6-7 ամիս առաջ: Իսկ ահա երկրորդ ընթերցման ժամանակ արդեն նախագծում ավելացվել են ուշագրավ փոփոխություններ:
Առաջարկվում է պարտավորեցնել Քննիչ հանձնաժողով ներկայանալ ու պատասխանել հարցերին ոչ միայն պաշտոնատար անձանց, այլեւ պաշտոնաթող պաշտոնատար անձանց:
Եվ ահա երկրորդ փոփոխությունը, որն արվել է առաջինից երկրորդ ընթերցում, թերեւս ամենաուշագրավն է եւ իր մեջ կոնկրետ քաղաքական նպատակներ է հետապնդում: Այն առաջարկում է կարգավորել ԱԺ նիստի աշխատանքները, ընդ որում` այդ կանոնակարգը ներառելու հարցն առաջարկել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` ստանալով նաեւ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի համաձայնությունը:
Եվ ինչպես սպասելի էր, կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ բացասական էր, եւ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պատգամավորներին մեղադրեց` արագ, կարեւոր փոփոխությունները փորձում են անցկացնել` առանց ժամանակ տալու ծանոթանալու դրանց: Եվ հետաքրքիրն այն է, որ այդ փոփոխությունն այնքան գաղտնի է պահվում, որ այն ներառված չէ անգամ ԱԺ կայքի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերի արձանագրությունների բաժնում:
Իսկ ո՞րն է այս փոփոխության իմաստը. գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է լուծալել խորհրդարանը, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ դրանց ցանկանում է հասնել որքան հնարավոր է արագ, նույնիսկ ժողովրդի ճնշման պայմաններում: Այս պահին խորհրդարանի լուծարման միակ օրինական ճանապարհը վարչապետի հրաժարականն է, որից հետո խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չի կարողանում ընտրել նոր վարչապետ, եւ նոր միայն խորհրդարանը օրենքի ուժով համարվում է լուծարված: Սակայն հենց վարչապետը ոչ մեկ անգամ խոսել է այն մասին, թե մեծ վտանգ է առկա, որ իր հրաժարականի դեպքում ՀՀԿ-ն, ով փաստացի խորհրդարանում մեծամասնություն է, կարող է նոր վարչապետ ընտրել:
Եվ հենց այս սցենարից խուսափելով էլ` հրաժարական տալու դեպքում մի քանի սցենարներ կարող էին լինել, եւ հնարավոր տարբերակներից մեկն էլ այն էր, որ խորհրդարանի շենքը շրջափակվում է ցուցարարների կողմից եւ այդպիսով թույլ չի տրվում երկու շաբաթ անընդմեջ անցկացնել նիստեր: Եվ փաստացի, եթե խորհրդարանը չի կարողանում նիստ գումարել, հետեւաբար չէր կարողանա վարչապետ ընտրել եւ խորհրդարանն էլ օրենքի ուժով կհամարվեր լուծարված: Եվ ահա ԱԺ կանոնակարգ-օրենքի միջոցով ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն որոշել են հույժ գաղտնի օպերացիա իրականացնել եւ Նիկոլ Փաշինյանին փաստացի զրկել այդ հնարավորությունն իրականացնելուց: Եվ այսպես, ստացվում է, որ եթե նախագիծն ընդունվի, իսկ այն այլեւս չի կարող չընդունվել, քանի որ սատարվում է բոլոր խմբակցությունների կողմից, բացի «Ելք»-ից, ապա արդեն խորհրդարանը շրջափակելու տարբերակն ընդհանրապես կորցնում է իր իմաստը: Այդ դեպքում նիստերը կհամարվեն ոչ թե չկայացած, այլ ընդհատված եւ ստացվում է` խորհրդարանը չի լուծարվի, վարչապետ էլ չի ընտրվի:
Փաստացի ստացվում է, որ ՀՀԿ խմբակցությունը փորձում է վերացնել բոլոր օրենսդրական սողանցքները, որոնք կարող են նոր իշխանությանը թույլ տալ լուծարել գործող խորհրդարանը եւ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընդ որում, նա դա անում է ոչ թե միայնակ, այլ խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ համատեղ:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ խոսել էր քաղաքական ուժերի միջեւ կուլիսային պայմանավորվածությունների մասին: «Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, առաջամարտիկ, եւ այսօր գնացել են, խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ», – նշել էր նա: Եվ ահա նմանօրինակ նախագծերը գալիս են կրկին ապացուցելու վարչապետի խոսքերի ճշմարտացիությունը:
Եվ ահա, վտանգը կանխազգալով, երեկ Նիկոլ Փաշինյանն անձամբ ժամանեց Ազգային ժողով, հանդիպում ունեցավ թե՛ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, թե՛ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, իսկ ավելի ուշ էլ նշեց, թե խմբակցություններին ժամանակ է տվել` եթե նախագիծը հետ չկանչեն, ինքը մարդկանց կրկին փողոց կհանի: Նախ նաեւ ընդգծենք, որ այս նախագիծը պետք է երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեր հենց երեկ, սակայն Արա Բաբլոյանը հայտարարեց, թե տեխնիկական խնդիրներ են եւ չեն կարող քվեարկություն կազմակերպել: Սակայն իրականում ոչ թե տեխնիկական խնդիրներ են եղել, այլ Նիկոլ Փաշինյանն է անձամբ զանգահարել Բաբլոյանին եւ կոչ արել նախագիծը չդնել քվեարկության, ապա եւ ավելի ուշ այցելել խորհրդարան:
Ավելի ուշ, այնուամենայնիվ, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը դրվեց քվեարկության, ընդ որում՝ պատգամավորները քվեարկեցին ձեռքով, ոչ թե էլեկտրոնային եղանակով: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքն ընդունվեց 67 կողմ ձայնով, չնայած ներկա էին 61 պատգամավոր. գործուղման մեկնած 6 պատգամավորներն իբր նախօրոք էին հայտարարել նախագծին կողմ քվեարկելու մասին: Այս քվեարկությունը բոյկոտեց միայն «Ելք» խմբակցությունը, մյուս երեք խմբակցությունները կողմ էին, այդպես ապահովվեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ ԱԺ երեք հինգերորդի կողմ քվեն:
Իհարկե, այս օրինագիծը դեռ չի նշանակում, որ այն արդեն ուժի մեջ է: Ընդհակառակը, դա դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն այդ անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ, այս մասին հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը: Այս ժամկետի ընթացքում Հանրապետության նախագահն ունի Սահմանադրական դատարան դիմելու լիազորություն, հիշյալ օրենքի սահմանադրականության ստուգման նպատակով: Սահմանադրական դատարանն այս դիմումը կարող է քննել եւ որոշումը կայացնել մինչեւ 3 ամիս ժամկետում: Սահմանադրական դատարանի՝ օրենքի սահմանադրության համապատասխանության մասին որոշումից հետո Հանրապետության նախագահն ունի ընդամենը 5 օր օրենքը ստորագրելու եւ հրապարակելու համար: Կարող է եւ ընտրել չստորագրելու տարբերակը, որի դեպքում օրենքը ստորագրվում եւ հրապարակվում է ԱԺ նախագահի կողմից 5 օրում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳՅՈՒՄՐԻՆ ԿՏԱՊԱԼԻ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Գյումրեցիները կրկին պայքարի են դուրս եկել: Նիկոլ Փաշինյանի երեկ երեկոյան արած հայտարարությունից հետո Թատերական հրապարակում հավաքվել են երիտասարդներն ու, ինչպես հեղափոխության օրերին, էկրանի միջոցով սկսել հետեւել Երեւանի զարգացումներին: Գյումրեցիները իրենց աջակցությունն են հայտնել Ն. Փաշինյանին ու հայտարարել, որ հակահեղափոխություն չի լինելու: «ՀՀԿ, հեռացի՛ր», «Ազատ, անկախ Հայաստան», «Նիկոլ, հաղթանակ» վանկարկումներով գյումրեցիները դուրս են եկել քայլերթի ու միանալու կոչեր արել տարբեր թաղամասերում: Գյումրիում նույն պահանջով ավտոերթ է մեկնարկել: Ցուցարարների մի խումբ էլ Երեւան է մեկնել աջակցելու վարչապետին: Ցույցեր են մեկնարկել նաեւ Անիում, Ախուրյանում, Արթիկում: Գյուղական բնակավայրերի բնակիչներն էլ միացել են մարզկենտրոնի ցուցարարներին: Շիրակի մարզպետը, փոխմարզպետներն ու ՔՊ անդամները եւս մեկնել են Երեւան, միացել Ն. Փաշինյանին: Փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանի փոխանցմամբ` իրավիճակը Շիրակի մարզում վերահսկվում է: Ամբողջ մարզն է ոտքի կանգնել: «Մենք այժմ պարտավոր ենք միանալ, որ անարդարության դեմ պայքարենք: Կարծում եմ` միանշանակ Շիրակի մարզը աջակցելու է Նիկոլ Փաշինյանին, քանի որ Շիրակի մարզի յուրաքանչյուր քաղաքացի արժանապատիվ է, այսօր էլ վարչապետի ուղերձից վայրկյաններ անց արդեն փողոց էր փակ, եւ համայնքներից մարդիկ ուղղվում էին Երեւան: Բոլորը միասնական ինչպես ոտքի կանգնեցին հեղափոխության օրերին, նույն ակտիվությամբ փողոց են դուրս գալու այսօր»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը: Հայտնի է, որ Շիրակի մարզում դասադուլներ են լինելու, մի շարք կազմակերպություններ գործադուլ են անելու: «Որեւէ մեկին թույլ չենք տալու լծակներ կիրառել: Եթե դպրոցի տնօրենը ՀՅԴ անդամ է, ապա աշակերտն ու ծնողը դաշնակցական չեն, եւ ազատ են իրենց որոշման մեջ»,- ավելացրեց Ս. Հովսեփյանը:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ
ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՊՏԱԿՆԵՐ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում շարունակվում է 3 զինծառայողների դատավարությունը: ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Թելման Նարինյանին եւ Աշոտ Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք միմյանց նկատմամբ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում բռնություն են գործադրել: Հրետանային դիվիզիոնի հրամանատար Խաչիկ Պողոսյանը մեղադրվում է այն բանում, որ 2018թ. մարտի 29-ի ժամը 09-ի սահմաններում զորամասի միջանցքում բռնություն է գործադրել իր նկատմամբ ենթակա հանդիսացող Թ. Նարինյանի եւ Ա. Խաչիկյանի նկատմամբ՝ մեկական ապտակ հասցնելով նրանց, վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ: Թ. Նարինյանին եւ Ա. Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 359 հոդվածի 1-ին մասով, Խ. Պողոսյանին՝ 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Երեքի հանդեպ էլ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՀԱՐՑԸ` ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 13-ին եւ 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանան ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար եւ Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումները: Թեեւ այս հանդիպումներին մնացել է ավելի քան 10 օր, բայց ազգային հավաքականի մարզիչ ունենալու հարցը շարունակում է օդում կախված մնալ:
Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական էր ներկայացրել, եւ տեւական ժամանակ է, ինչ ազգային հավաքականը չունի գլխավոր մարզիչ, ինչը, ըստ մասնագետների, մտահոգիչ է: Նրանց խոսքերով` Վ. Մինասյանը ազգային հավաքականին միայնակ թողեց ամենապատասխանատու պահին: Ավելին` իտալացի մարզիչ Ջիանի դե Բիազին ժամանել էր ՀՀ, որպեսզի ՀՖՖ-ի հետ քննարկի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու պայմանները: Սակայն Ջիանի դե Բիազին մեկնել է Հայաստանից` անորոշ թողնելով ազգային հավաքականի մարզիչ դառնալու առաջարկը: Ի դեպ, նա իտալական Rai2 հեռուստաալիքի եթերում մասնակցել էր հաղորդման, որտեղ որպես փորձագետ քննարկել էր Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի հանդիպումները, իսկ Հայաստանի հետ ոչ մի ծրագիր: Այս պահին շարունակում է օդում կախված մնալ հարցը` ի վերջո, ո՞վ է լինելու ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Հարց, որը դեռ պատասխան չունի:
Մյուս կողմից նկատենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` ՀՖՖ նախագահի պաշտոնում հայտնվելը իր դրական ազդեցությունն ունեցավ ազգային հավաքականի տոմսերի սակագների վրա. դրանք զգալի նվազել են: Օրինակ` եթե նախկինում հյուսիսային եւ հարավային տրիբունաներում ազգային հավաքականի հանդիպման տոմսերի սակագները սկսել են 3000 դրամից, ապա դրանք հիմա նվազել են` դառնալով 1000 դրամ: Արեւմտյան տրիբունայում տոմսերը նախկինում արժեցել են 8000-10000 դրամ, հիմա՝ 5000-7000 դրամ: Արեւելյան տրիբունայի տոմսերը արժեցել են 5000-7000 դրամ, այժմ՝ 3000-4000:
ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ