«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը: Նա պատմել է իր նախասիրությունների մասին, մենք դերասանին բացահայտել ենք նոր ռակուրսից: Նա նշել է, որ կյանքի ամենադժվարին պահերին իրեն օգնության են գալիս Աստված եւ իր կինը:
-Գրիգո՛ր, բնութագրեք ինքներդ Ձեզ երեք բառով:
-Հանգիստ, աշխատասեր, ընտանիքին նվիրված:
-Սո՞ւրճ, թե՞ թեյ:
-Սուրճ:
-Ձեզ համարում եք տնակյա՞ց, թե՞ «դրսի» մարդ:
-Աշխատանքի բերումով դրսում եմ շատ լինում, բայց հոգով միշտ տանն եմ, ընտանիքիս հետ: Որքան հնարավոր է, փորձում եմ ժամանակ տրամադրել ընտանիքիս: Եթե ինձ մնար, օրվա 24 ժամն էլ տնեցիների հետ կանցկացնեի:
-Մարդ, ում խորհուրդը հաճախ եք հարցնում, ում խոսքի հետ հաշվի եք նստում:
-Ամենաշատը խորհրդակցում եմ կնոջս հետ: Մենք ունենք ստուդիա, եւ, բնականաբար, այդ խորհրդակցությունը տեղի է ունենում նաեւ աշխատանքի շրջանակում:
-Հուսահատության պահերին Ձեզ միանգամից օգնության է հասնում…
-Առաջինը՝ Աստված: Իսկ, առհասարակ, միշտ էլ կինս է իմանում իմ բոլոր խնդիրների, մտահոգությունների մասին, եւ, իհարկե, նաեւ ընկերներս:
-Շարունակեք միտքը. «Եթե ուզում եք ունենալ առողջ հոգի…»
-Պետք է լինեք բարի բոլորի նկատմամբ: Դա, իհարկե, բարդ է, բայց մաքրող հատկություն ունի:
-Ո՞ր հատկությունն է տղամարդուն դարձնում տղամարդ:
-Սկզբունքայնությունը, կարծում եմ, շատ կարեւոր է: Պետք է ունենալ սեփական սկզբունքներ եւ չդավաճանել դրանց:
-Իսկ ի՞նչն է կնոջը դարձնում ցանկալի:
-Անշուշտ, այդ հարցում արտաքինը ունի իր դերը, բայց բոտեքս պետք չէ անել (ծիծաղում է), ինձ մոտ դա հակառակ էֆեկտն է ունենում: Ինչ վերաբերում է ներքինին, շատ կարեւոր է, որ կինը լինի խելացի:
-Այս ծաղիկներից ո՞րը կընտրեիք Ձեր կնոջ համար՝ վարդ, մանուշա՞կ, թե՞ կակաչ:
-Վարդ:
-Կարեւոր է իմաստությո՞ւնը, խե՞լքը, թե՞ հմտությունների տիրապետելը:
-Երեքն էլ կարեւոր են, բայց եթե իմաստուն ես, դա ներառում է նաեւ մյուս երկուսը: Իսկ խելքը, կարծում եմ, գործիք է:
-Կա՞ մի լեզու, որին կցանկանայիք տիրապետել:
-Կա երկու նման լեզու՝ իսպաներեն եւ ֆրանսերեն:
-Ո՞վ է Ձեր սրտի երգիչը:
-Ամբողջ կյանքում ֆանատիկորեն չեմ վերաբերվել ոչ մի արտիստի: Բայց կառանձնացնեմ Շառլ Ազնավուրին, Մայքլ Ջեքսոնին, Ջեյմս Բրաունին, Ռեյ Չարլզին, Սթիվի Ուանդերին, Թուփաքին: Ամեն մեկն էլ տեսակ է՝ իր ձեւաչափի մեջ, ամեն մեկն էլ աշխարհում իր ներդրումն է կատարել: Նրանց պարագայում ինձ գրավում են նաեւ մարդկային բարձր հատկանիշները:
-Ո՞րն է տարվա Ձեր ամենասիրելի եղանակը:
-Ամառն է, որը նաեւ հանգստանալու հնարավորություն է տալիս: Ձմեռը չեմ սիրում, չնայած որ այդ եղանակին եմ ծնվել: Նախընտրում եմ նաեւ գարնանային եղանակը, երբ վերածննդի նշույլներ են զգացվում:
-Ձեզ կարող է սթափեցնել…
-Ձգտում եմ այնպես ապրել, որ սթափվելու խնդիր չլինի: Աշխատում եմ մաքսիմում ադեկվատ լինել:
-Ձեր ժամանակը երբեք չեք ծախսի…
-Շատ բաներ կան, օրինակ՝ խաղատներում չեմ ծախսի, եթե, իհարկե, Լաս Վեգասում չեմ:
-Ձեզ ուղղված փաղաքշական դիմելաձեւ:
-Գոքոր:
-Եթե մի օրով կին դառնայիք, ի՞նչ կանեիք:
-Կփորձեի ի վերջո հասկանալ կնոջը, բայց շատ դժվար կլիներ. կանայք ամբողջ կյանքում անգամ իրենք իրենց չեն հասկանում, ուր մնաց՝ մենք հասկանանք, այն էլ՝ մի օրում (ծիծաղում է):
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ ամենաշատը դուր եկավ:
-Բոլորն էլ հետաքրքիր էին, բայց կին դառնալու վերաբերյալ հարցը տպավորվեց:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՇԱՏ ԲԱՆԵՐԻ ՎՐԱ ԱՉՔ ԵՄ ՓԱԿՈՒՄ»
«Ներկայիս իշխանության քայլերի, մոտեցումների մեջ ինձ շատ բան դուր չի գալիս, սրտովս չէ, բայց աշխատում եմ աչքերս փակել, քանի որ ինձ դուր է գալիս իմ վարչապետը, առաջին անգամ ես ունեմ վարչապետ, ում ուզում եմ ունենալ, ում ես եմ ընտրել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Ելենա Բորիսենկոն, ով թավշյա հեղափոխության օրերին մշտապես աջակցել է Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին:
Նա նշեց, որ ուզում է հավատալ վարչապետին, իսկ եթե վերջինս նույնիսկ սխալվի, ապա կուղղի իր սխալները, դեռ ժամանակ ունի. «Եթե այդ ամենից հետո ոչինչ չշտկվի, մենք կսկսենք համապատասխան վերաբերմունք ցույց տալ, մեր դժգոհությունն արտահայտել: Պարզապես չեմ ուզում շատերի պես միայն սխալներ, թերացումներ մատնացույց անել: Թեպետ ասեմ, որ ես կտրուկ քայլերի կողմնակից եմ, եւ կնախընտրեի, որ վարչապետն էլ առավել կտրուկ գործեր: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ նա ունի իր տեսլականը, սպասենք, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-մեկնաբանեց դերասանուհին:
Նա անդրադարձավ նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից ունեցած ակնկալիքներին. «Ժամանակը ցույց կտա՝ նա կարդարացնի մեր սպասումները, թե ոչ: Ես մի բան հստակ գիտեմ` ոչ ոք հենց այնպես չի գալիս եւ լավ ղեկավար չի դառնում առանց իր նկատմամբ պահանջների եւ առանց ժողովրդի աջակցության: Համենայն դեպս, առաջին տպավորությունս այնպիսին է, որ նա ուզում է լավ աշխատել»,-նկատեց դերասանուհին:
Հարցին, թե այսօր ամենաշատը ինչի կարիք ունի Երեւանը, Ելենան պատասխանեց. «Միանշանակ, սիրո: Երբ դա կա, շատ սխալների վրա աչք ես փակում, ինչպես ընտանիքի ներսում: Սիրել նշանակում է նաեւ գործել, քաղաքապետի ամեն գործի մեջ պետք է երեւա այդ սերը: Նա պետք է գոնե մի քիչ մտածի ժողովրդի մասին: Նախորդ իշխանությունը չէր մտածում, այդ պատճառով էլ ընդվզեցինք: Հուսով եմ՝ այս անգամ չենք սխալվել»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը խոստովանել է, որ այս ամառ «Ռոմայից» անգլիական ակումբ տեղափոխվելն իր համար դժվար է եղել. «Ռոմայից» հեռանալը դժվար էր, ես երկար լաց էի լինում, իմ կինը նույնպես: Պետք է անկեղծ լինել, ես պրոֆեսիոնալ ընտրություն կատարեցի: Քայլ առաջ կատարեցի իմ կարիերայում, եւ «Ռոման» մեծ գումարներ ստացավ: Ես որոշեցի ուղեւորվել Լիվերպուլ, բայց իմ սիրտը լի էր արցունքներով: Երկու հիանալի տարի եմ անցկացրել «Ռոմայում», այնտեղ է ծնվել իմ աղջիկը, եւ այնտեղ ես շատ ընկերներ ունեմ, նույնիսկ ֆուտբոլից դուրս»,-ասել է Ալիսոնը։ Բրազիլացի դարպասապահը «Ռոմա» էր տեղափոխվել 2016 թվականին:
ԿՈՆՖԼԻԿՏ Է ՀԱՍՈՒՆԱՑԵԼ
«Բարսելոնայի» առաջատարներ Ժերար Պիկեի եւ Լիոնել Մեսսիի միջեւ կոնֆլիկտ է հասունացել։ Իսպանացի ֆուտբոլիստը գոհ չէ արգենտինացու պահվածքից եւ կարծում է, որ վերջինս պետք է ավելի շատ շփվի մամուլի ներկայացուցիչների հետ` հաշվի առնելով թիմի համար ոչ այնքան հաջող շրջանը: Պիկեն վստահ է, որ սա մտնում է Մեսսիի պարտականությունների մեջ` որպես «Բարսելոնայի» ավագի: Իսկ արգենտինացին իր հերթին դժգոհ է թիմի պաշտպանների գործողություններից եւ կարծում է, որ նրանց հետ են կապված կապտանռնագույնների անհաջող արդյունքները վերջին շրջանում: Նշենք, որ «Բարսելոնան» իսպանական Պրիմերայի վերջին 3 խաղում ոչ մի հաղթանակ չի տարել:
ԴԵՏԵԿՏԻՎ Է ՎԱՐՁԵԼ
«Յուվենտուս»-ի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անձնական դետեկտիվ է վարձել, որպեսզի հետեւի ԱՄՆ-ի բնակչուհի Քեթրին Մայորգային, ով ֆուտբոլիստին մեղադրում է բռնաբարության մեջ: Դեռ անցած տարի «Spiegel» պարբերականը հայտնել էր, որ 2010 թվականի հունվարին Ռոնալդուն 375 հազար դոլար է վճարել, որպեսզի խուսափի սեռական բռնության մեջ մեղադրանքից: Նշվում էր, որ 33-ամյա ֆուտբոլիստի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականի հունիսի 12-ին Լաս-Վեգասում, որտեղ նա հանգստացել է իր եղբոր եւ քրոջ հետ: Ռոնալդուի «զոհը» դեռ այն ժամանակ է ցանկացել դիմել դատարան, բայց իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո Կրիշտիանուն նրան ընդհանուր առմամբ 375 հազար դոլար է վճարել լռության դիմաց: Պորտուգալացի հարձակվողը դետեկտիվ է վարձել, որպեսզի հետեւի կնոջ անձնական կյանքին: