ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ կանոնակարգ օրենքում նախօրեի երեկոյան ԱԺ արտահերթ նիստում կատարված աղմկահարույց փոփոխությունները, պարզվում է, սահմանադրականության հետ կապված խնդիր ունեն: Ու հիմա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է օրինագիծը քսանմեկօրյա ժամկետում ստորագրելու փոխարեն ուղարկել Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը որոշելու համար: Բանն այն է, որ Սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու ընթացակարգի վրա չի կարող տարածվել նախօրեին ընդունված փոփոխությունը, թե ԱԺ նիստը կարող է ընդմիջվել, եթե այն տեղի չի ունեցել պատգամավորներից անկախ պատճառով: Բանն այն է, որ Սահմանադրությամբ հստակ 14 օր ժամանակ է տրամադրվում խորհրդարանին նոր վարչապետ ընտրելու համար, եւ էական չէ, թե ինչ պատճառով ԱԺ-ն չի կարողանում ընտրել վարչապետ՝ նիստը չի կայացել, չեն թողել պատգամավորներին գալ աշխատանքի եւ այլն: Միեւնույն է, դա նշանակում է, որ խորհրդարանը չի գործում կամ անգործունակ է, հետեւաբար պետք է լուծարվի:
Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը շեշտել է, թե ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` իշխանությունը պատկանում է ժողովրդին: «ժողովուրդն ինքն է իշխանության միակ եւ անփոխարինելի սեփականատերը, եւ ժողովուրդն էլ ցանկացած պահի, եթե գտնում է, որ Ազգային ժողովի պատգամավորները չպետք է մտնեն իրենց աշխատավայր եւ նիստ գումարեն, ուրեմն դա օրինական պահանջ է»- ասել է նա:
Մինչ այդ նկատենք, որ եթե շատերը համոզված են՝ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ կներկայացնի նախագիծը, ապա որեւէ երաշխիք չկա, որ ՍԴ-ն այն հակասահմանադրական կճանաչի. ի վերջո, ՍԴ անդամները նշանակվել են նախկին իշխանությունների օրոք, հետեւաբար կարծիք կա` փորձելու են գործել հօգուտ հակահեղափոխության, եթե իհարկե, իրենց մոտ փոփոխություն տեղի չի ունեցել:

 

 

Եթե ՀՅԴ-ականներն արագ կողմնորոշվեցին, ու մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ կաներ իրենց նախարարներին, հայտարարեցին կոալիցիան լքելու մասին, ապա նույնը չես ասի ԲՀԿ-ի մասին: ՈՒ նախօրեի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ստացվեց այնպես, որ ԲՀԿ-ին հեռացրին ազգային համաձայնության կառավարությունից: Հատկանշական է փաստը, որ չնայած ԲՀԿ-ն տեղի ունեցած իրադարձությունների առաջին շարքերում էր, ավելին՝ կրքերը թեժանալու պատճառ դարձավ հենց «Ծառուկյան» խմբակցության ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ներկայացրած օրենսդրական առաջարկը, այնուամենայնիվ, այդ կուսակցությունը որեւէ կերպ չի մեկնաբանել իրենց նկատմամբ վարչապետ Փաշինյանի պատիժը՝ կառավարությունից հեռացնելը: Այս իրադարձություններին որեւէ կերպ չի արձագանքել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել այդ լռության պատճառները, վերջինս ասել է. «Պարոն Ծառուկյանն արդեն մի քանի օր է՝ արտերկրում է, կվերադառնա օրերս»:

 

 

Նախօրեին Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստին, ի թիվս այլ ՀՀԿ-ական պատգամավորների, չի մասնակցել նաեւ Կարեն Կարապետյանը: Եվ եթե մյուս պատգամավորների բացակայելու պատճառները մեծամասամբ տեխնիկական են եղել, ապա վերջինս չի մասնակցել քաղաքական նկատառումներից ելնելով: Ընդ որում, Կարեն Կարապետյանն արդեն երկար ժամանակ է, ինչ չի մասնակցում Ազգային ժողովի նիստերին, անգամ լինելով Գործադիր մարմնի անդամ` չի մասնակցում նաեւ այդ նիստերին եւ շփում չունի կուսակիցների հետ: Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ՀՀԿ-ականները մայիսի 1-ին խոչընդոտեցին եւ միայն մայիսի 8-ին ընտրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ Կարեն Կարապետյանը մեղադրել էր նրանց` ասելով, թե եթե այդպես պետք է անեին, ապա պետք էր ի սկզբանե անել եւ մարդկանց զայրույթը չառաջացնել:

 

 

2019թ. պետական բյուջեի նախագծում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախանշել է ապահովել 4.9 տոկոս աճ: Սա, թերեւս, բավական հավակնոտ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք այն, որ նախորդ կառավարությունը բյուջեով խոստացել էր 4.5 տոկոս աճ: Հետաքրքիրն այն է, որ հաջորդ տարվա բյուջեում տնտեսական աճը նախատեսված է գրանցել բոլոր ճյուղերում համաչափ զարգացման միջոցով: Գրեթե բոլոր ոլորտներում նախատեսսված է 5-5.5 տոկոս՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ծառայություններ եւ այլն: Այնինչ նախկինում հիմնականում աճ հնարավոր էր լինում արձանագրել ծառայությունների եւ գյուղատնտեսության ոլորտների հաշվին: Նշենք, որ կառավարությունը ներկայացրել է նաեւ ՀՀ տնտեսական աճի կանխատեսումներն ըստ միջազգային հեղինակավոր տնտեսական կառույցների: Ըստ այդմ` ՀԲ-ն կանխատեսում է 4 տոկոս, Մուդիսը՝ 5.5 տոկոս, Ֆիտչը՝ 4 տոկոս, ԱՄՀ-ն՝ 4.8 տոկոս: Ինչ վերաբերում է այս տարվան,, ապա «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կառավարությունը կանխատեսել է 6.5 տոկոս աճ: Ասել է թե` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գերազանցելու է նախորդի խոստացած ցուցանիշները:

 

 

 

ՀՀԿ ԲԱՌԱՊԱՇԱՐՈՎ
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ երեկ հայտարարություն է տարածել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Յուլիա Լովոչկինան: Միայն թե համազեկուցողի խոսքերից տպավորություն էր, թե իրական հեղինակը ՀՀԿ-ականներ են կամ այն գրվել է բացառապես ՀՀԿ տրամադրած տեղեկությունների հիման վրա:
Նման եզրահանգումների առիթ տալիս են համազեկուցողի ձեւակերպումները, որոնք ճշգրտորեն համընկնում են ՀՀԿ-ականների օգտագործած բառապաշարին: «Երեւանի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները։ Միեւնույն ժամանակ, ընտրություններին մասնակցությունը պարզ դարձրեց, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռեւս ցածր է»,- նշված է համազեկուցողի հայտարարության մեջ։ Եթե հիշում եք, ընտրությունների ցածր մասնակցության մասին ճիշտ նույնկերպ արտահայտվում էին ՀՀԿ-ականները: Ու սա այն դեպքում, երբ 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններին, երբ ընտրակաշառքի գետեր էին հորդում, երբ մարդկանց գրեթե ստիպողաբար տանում էին ընտրատեղամաս, մասնակցության ցուցանիշը շատ ավելի քիչ էր, քան այս անգամ, սա ե՛ւ տոկոսային արտահայտությամբ, ե՛ւ բացարձակ թվով:
Համազեկուցողն իր հայտարարության մեջ նաեւ անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հեռանկարին ու կրկին ՀՀԿ-ականներին հատուկ բառապաշարով: Մասնավորապես, շեշտված է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան պատշաճ ու բավարար ժամանակ պատրաստվելու ցանկացած նման ընտրության:
Նույնը ասում են նաեւ ՀՀԿ-ականները: ՈՒ սա այն դեպքում, երբ արտահերթ ընտրությունների անցկացման մասին թավշյա հեղափոխությանը հաջորդած օրերից եւեթ խոսվել է գրեթե ամեն օր: Այս ընթացքում չի փոխվել ընտրակարգը, ԸՕ-ում տեղի չեն ունեցել այնպիսի արմատական փոփոխություններ, որ քաղաքական ուժերին հարկավոր լիներ նախապատրաստվելու լրացուցիչ ժամանակ:
Ու վերջապես մեկ փաստ էլ. խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները ՀՀԿ-կաններ են, ու ընդհանրապես, հակահեղափոխական ուժերը միջազգային պատվիրակություններում ներկայացված են լայնորեն` այդպես հնարավորություն ունենալով օգտագործելու իրենց կապերը երկիրը թուլացնելու, հակապետական գործունեության համար: Դժվար չէ կռահել` մինչեւ մայիս նրանք կբազմապատկեն իրենց այսօր իսկ ակտիվ գործադրվող ջանքերը պետությունը սեւացնելու, իշխանությանը թուլացնելու ուղղությամբ:
Հ.Գ. Հիշո՞ւմ եք ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալները. հարեւան պետությունը՝ Ադրբեջանը, գումարներ չէր խնայել «գնելու» ԵԽԽՎ պատվիրակներին, նույնը կարող են անել նաեւ ՀՀԿ-ականները՝ միջազգային հանրության մոտ ՀՀ նկատմամբ բացասական վերաբերմունք ձեւավորելու նպատակով:




Լրահոս