Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քվեարկության դրվեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Քվեարկության ժամանակ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները ձեռք բարձրացրեցին` բացառությամբ «Ելք» խմբակցության: Ըստ նախագծի` ԱԺ նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ ընդհատված, եթե որեւէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին: Դրանից անմիջապես հետո վարչապետ Փաշինյանը կոչով հանդես եկավ եւ հորդորեց բոլորին հավաքվել ԱԺ շենքի մոտ: Կոչից մի քանի րոպե հետո ժողովուրդը շրջափակեց Աժ-ի բոլոր մուտքերը` փորձելով ճնշում գործադրել օրենքի նախագծին կողմ քվեարկած պատգամավորների վրա: Հիշեցնենք, որ դրանից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ԱԺ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերի առաջին կեսին: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցեց «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը սպասելի՞ էր Ձեզ համար:
-Անկեղծ ասած` սպասելի չէր: Դեպքերը շատ արագ զարգացան: Պատճառը, բնականաբար, այդ օրենքի նախագիծն էր եւ այդ լրացումը, որը ավելացվել էր երկրորդ ընթերցման ժամանակ: Դա դարձավ առճակատման պատճառ: Իշխանությունն էլ գործի դրեց իր լծակը` ժողովրդին: Մի բան ակնհայտ է` ժողովրդի գործոնը շատ հզոր է, եւ մի քանի ամիս է` շատ որոշիչ: «Հանրապետական» կուսակցությունը հաշվի չի առնում դա: Ինձ թվում է` իրենց սխալ ճանապարհ են ցույց տվել, ասել են` քիչ մարդ կհավաքվի, ժողովուրդը հոգնել է եւ այլն:
-Կարծում եք` ՀՀԿ-ն չէ՞ր հաշվարկել այդ սցենարը:
-Ինձ համար դա տարօրինակ էր: Երեւի մի ստվերային ուժ, երեւացող կամ չերեւացող լիդեր իրենց ապատեղեկատվություն, սին հույսեր է տալիս եւ գցում է կրակը: Երեք կուսակցություններ կրակն ընկան իրենց չհաշվարկած քայլերի հետեւանքով: Մենք տեսանք, որ մեր ժողովուրդը ոչ թե էյֆորիայի մեջ է, ինչպես ասում են շատերը, այլ ռեալ ուժ է, որ միշտ կարող է որոշիչ դեր խաղալ: Սեպտեմբերի 23-ին բոլորս տեսանք` ժողովուրդը գիտակից ուժ է: Դա իրապես ժողովրդավարություն էր: Այդքան մարդ կամավոր, առանց որեւէ մեկի տանելու գնաց քվեարկելու: Եվ տեսնում ենք, որ խորհրդարանում գտնվող քաղաքական ուժերը դա հաշվի չեն առնում. սա նվազագույնը հավկուրություն է: Այն մարդիկ, ովքեր այդ կուսակցություններին հույսեր էին տվել, միայն նրանց վատն են ցանկացել:
-Այնուամենայնիվ, տեղի ունեցածից հետո հնարավո՞ր է այս հարցը լուծել բանակցությունների միջոցով:
-Ես միշտ էլ տեսնում եմ բանակցային տարբերակը: Հիմա կարծես ուլտիմատումային ձեւը գերիշխում է: Ցանկալի կլինի, որ բանակցությունների միջոցով հարցը լուծվի, որովհետեւ քաղաքական գործչի համար բանակցությունները լավագույն գործիքն են: Բայց չէ՞ որ դա պետք է լինի երկկողմանի: Կարծում եմ` ժողովուրդը հենց նրա համար ոտքի կանգնեց, որ այդ ուժերը փորձեցին ձախողել բանակցային գործընթացը:
-Եթե հնարավոր չլինի բանակցությունների միջոցով հարցը լուծել, ըստ Ձեզ, ի՞նչ կանեն խորհրդարանական երեք ուժերը:
-Չեմ ուզում պատկերացնել, թե ինչու պետք է ձախողվեն: Բազմիցս ասել եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն են:
-Քաղաքական ուժերը ասում են, որ իրենք ընդամենը ժամկետների հետ կապված խնդիր ունեն: Ի՞նչ եք կարծում, իրոք այդպե՞ս է:
-Ինձ չի հետաքրքրում` ինչ են ասում նրանք: Շատ եմ ասել, որ պետք է լսել, թե ինչ է ասում «Հանրապետական»-ը եւ անել հակառակը, եւ ամեն բան ճիշտ կլինի: Սա է իմ ՐպՓպտՑ-ը, եւ կարծում եմ` հենց սա է մեր երկրի զարգացման համար լավագույն միջոցը:
-Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար պատրաստվում է հրաժարական տալ: Ժողովրդի մի մասը վախեցած է այդ որոշումից: Ըստ Ձեզ` ճի՞շտ է նման քայլը:
-Երեկվա ժողովուրդը վախեցա՞ծ ժողովուրդ էր: Չեմ կարծում: Շատ ճիշտ քայլ է վարչապետի կողմից: Արագ այս հարցին լուծում տալու համար ուրիշ մեխանիզմ չեմ տեսնում: Վարչապետը ունի ժողովրդի անվերապահ աջակցությունը, եւ կարծում եմ` կհասնի հաջողության:
-Ամեն դեպքում, ինչ-որ ռիսկեր չե՞ք տեսնում:
-Ռիսկեր միշտ կան, որովհետեւ հիմա ճգնաժամ է: Դա արդեն իսկ կանխատեսելիության, անվտանգութան խնդիր է: Դրա համար էլ անընդհատ նշում ենք, որ որքան շուտ տեղի ունենան ընտրությունները, այնքան արագ Հայաստանը կմտնի հանգիստ հունի մեջ, եւ ժողովուրդն էլ կգնա իր գործերին:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՊԱՐԶԱՊԵՍ ՉԷՐ ՄՈՒԾԵԼ ԸՆՏՐԱԳՐԱՎԸ
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված աղմուկ է հասունանում: Քաղաքապետի թեկնածու առաջադրված Գագիկ Աթասյանը երեկ հայտարարություն է տարածել, որ խոչընդոտվել է իր՝ թեկնածու առաջադրվելու գործընթացը: Վերջինս պնդում է, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունները պետք է հետաձգվեն կամ էլ գրանցվի իր թեկնածությունը:
«Հրազդանի համայնքապետի արտահերթ ընտրությունները չեն կարող լինել լեգիտիմ, կայացած, քանի որ խախտվել է իմ ընտրվելու Սահմանադրական իրավունքը, միտումնավոր խոչընդոտվել է իմ` թեկնածու առաջադվելու եւ գրանցվելու պրոցեսը: Վերոնշված փաստերի կապակցությամբ 01.10.2018թ. սկսվել է քննություն: Չնայած խոչընդոտներին` օրինական պայքարի շնորհիվ ինձ հաջողվել էր առաջադրվել Հրազդանի քաղաքապետի թեկնածու, սակայն ՏԸՀ 48 ժամ հետո չի գրանցել իմ թեկնածությունը իմ հանդեպ թույլ տրված օրինախախտումների պատճառահետեւանքային կապի արդյունքում առաջացած խնդիրների հետեւանքով:
Փաստ է, որ Հրազդանի անձնագրային բաժնի պետը միտումնավոր, հետագայում գուցե ապացուցվի, որ նաեւ անօրինական հրահանգով, հրաժարվել է ինձ տրամադրել համապատասխան տեղեկանք, որ ես չկարողանամ որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու մասնակցել ընտրությանը»,- իր հայտարարության մեջ նշել է նա` հավելելով, որ Հրազդանի արտահերթ ընտրությունները պետք է հետաձգվեն կամ գրանցվի իր առաջադրված թեկնածությունը:
Պարզվում է, սակայն, իրականում նրա թեկնածությունը չի գրանցվել միանգամայն այլ պատճառներով. թեկնածուն չի վճարել ընտրագրավը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ մեկնաբանությունների համար դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին` փորձելով ճշտել՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել, որ Գագիկ Աթասյանի թեկնածությունը այդպես էլ չի գրանցվել: Վերջինս ասաց, որ խնդիրը կապված է եղել ընտրական գրավի մուծման հետ: «Պարոն Աթասյանը տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր փասթաթղթերը, այդ թվում նաեւ այն տեղեկանքը, որի մասին նշել էր հայտարարության մեջ: Տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ներկայացված չի եղել ընտրական գրավի վճարման անդորրագիրը: Հանձնաժողովը որոշում է կայացրել, որով իրեն տվել է 48 ժամ այդ անդորրագիրը ներկայացնելու համար: Այսինքն՝ մերժումը միանգամից չի եղել: 48 ժամվա ընթացքում նա չի մուծել գրավը, դրա համար էլ մերժվել է: Ես նաեւ ճշտել եմ անձնագրային ծառայության հետ կապված հարցը, եւ եթե չեմ սխալվում, նա այնտեղ է դիմել ուրբաթ օրը, շաբաթ օրը ստացել է իր տեղեկանքը: Եվ եթե նույնիսկ նա չստանար այդ տեղեկանքը, դա հիմք չէր լինելու նրան մերժել: Ե՛վ 48 ժամ ժամանակ տալու վերաբերյալ է որոշում կայացված, ե՛ւ գրանցումը մերժելու վերաբերյալ է որոշում կայացված: Այսինքն՝ այդ բոլոր որոշումները սահմանված կարգով հաստատվել են»,-մեզ հետ զրույցում ասաց պարոն Մուկուչյանը:
Այսքանից հետո թեկնածուն թե ինչու է նման հայտարարություն տարածել, մնում է միայն ենթադրել:
Լ. ՄԻՆԱՍՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ՍԿՍԱԾ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սեպտեմբերի 23-ին ավագանու արտահերթ ընտրություններին Երեւանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձեւով անցկացնել: Այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Մարությանը մտադրություն ունի իր երդմնակալության արարողությունը անցկացնել Հանրապետության հրապարակում: Մարությանն այդպես է վարվելու, քանի որ Հանրապետության հրապարակը նույնացվում է թավշյա հեղափոխության հաղթանակի հետ, նաեւ դարձել է ժողովրդի հետ իշխանությունների հաղորդակցության յուրօրինակ հարթակ: Հեղափոխության օրերին հիմնական հանրահավաքը հենց այդտեղ էր անցկացվում: Եւ հետո, ինչպես հիշում եք, վարչապետ Փաշինյանն էլ իր 100 օրն ամփոփեց հենց Հանրապետության հրապարակում: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ե՛ւ Երեւանի քաղաքապետարան, ե՛ւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, սակայն երկու գերատեսչություններն էլ տեղյակ չէին նորընտիր քաղաքապետի ծրագրերից: Միայն Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Մարությանը իրենց հետ չի քննարկել իր ծրագրերը` չնայած այն բանին, որ քաղաքապետարանի աշխատակազմն է զբաղվում երդմնակալության արարողության կազմակերպման աշխատանքներով: Ավելին` ըստ որոշ տեղեկությունների` մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառվում, որ հանդես կգա հայտարարությամբ, եւ Հայկ Մարությանին ձայն տված քաղաքացիներին կհրավիրի Հանրապետության հրապարակ մասնակցելու նրա երդմնակալության արարողությանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնավարման 100 օրը նշեց Հանրապետության հրապարակում:
ՍԵՆՅԱԿՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ ՆԵՐՍԻՑ
Նախօրեի գիշերը ԱԺ-ում եւ ԱԺ-ից դուրս տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ պատգամավորների պահվածքը պարզապես խոսուն էր: Ու մինչ Բաղրամյան պողոտայում ցույց էր ընթանում, Ազգային ժողովում ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ մտել էին իրենց աշխատասենյակները, ներսից կողպել էին դուռը, որպեսզի ներսում գտնվող լրագրողները չգտնեն իրենց եւ առհասարակ տպավորություն ստեղծեն, թե իրենք Ազգային ժողովում չեն: Իսկ ահա պատգամավորների մի որոշ մասն էլ, օրինակ, Արկադի Համաբարձումյանը, Արայիկ Գրիգորյանը իրենց սենյակում որոշել էին խնջույք կազմակերպել: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, երբ Աժ նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում ՀՀ վարչապետը մի խումբ պատգամավորների հետ բանակցությունների մեջ էր ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ, Արկադի Համբարձումյանը գինովցած բարձրացավ երրորդ հարկ, որտեղ գտնվում էին մի խումբ լրագրողներ, ներկաներից հետաքրքրվեց, թե ինչ կա, ու հեռացավ: