ԸՆԴՈՒՆՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին սրընթաց փոխված իրավիճակը կարող է նոր զարգացումներ ունենալ արդեն Սահմանադրական դատարանում: Ինչպես հայտնի է, նախօրեին երեկոյան հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդունվեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որտեղ ամրագրված դրույթի համաձայն` եթե ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավորները բացակայել են` իրենց կամքից անկախ, եւ դրա հետեւանքով քվորում չի եղել, ապա նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ կընդմիջվի: Եվ այս պարագայում նիստը նորից կշարունակվի միայն այդ խոչընդոտների վերացման պարագայում:

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է լուծարել խորհրդարանը, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս պահին խորհրդարանի լուծարման միակ օրինական ճանապարհը վարչապետի հրաժարականն է, որից հետո խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չի կարողանում ընտրել նոր վարչապետ, եւ նոր միայն խորհրդարանը օրենքի ուժով համարվում է լուծարված: Սակայն հենց վարչապետը ոչ մեկ անգամ խոսել էր այն մասին, թե մեծ վտանգ է առկա, որ իր հրաժարականի դեպքում ՀՀԿ-ն, ով փաստացի խորհրդարանում մեծամասնություն է, կարող է նոր վարչապետ ընտրել:
Եվ այս սցենարից խուսափելու համար նշվում էր, թե հրաժարական տալուց հետո ԱԺ շենքը կշրջափակվի, որպեսզի պատգամավորները հնարավորություն չունենան մասնակցելու նիստերին, եւ վարչապետ չընտրվի, եւ իրավունքի ուժով խորհրդարանը լուծարվի: Սակայն այսպես ստացվում է, որ խորհրդարանը շրջափակելու տարբերակն ընդհանրապես կորցնում է իր իմաստը:
Այս իրավիճակում ամեն ինչ թերեւս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռքերում է, ով 21 օր ժամանակ ունի այս նախագծի սահմանադրականությունը վիճարկելու համար: Դատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, ով զրուցել է Արմեն Սարգսյանի հետ, վերջինս հակված չէ գնալ ժողովրդի դեմ եւ, թերեւս, կդիմի Սահմանադրական դատարան:
ԱԺ կանոնակարգ-օրենքի ընդունումից հետո կարծիքներ են շրջանառվում, թե խորհրդարանը, միեւնույն է, ազատ կարձակվի, եթե 14 օրում վարչապետ չընտրվի: Եվ պատճառաբանությունը բերվում է այն, թե Սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու ընթացակարգի վրա այս նախագիծը չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ Սահմանադրությունը 14 օր ժամանակ է տրամադրում խորհրդարանին նոր վարչապետ ընտրելու համար, եւ էական չէ, թե ինչի պատճառով չի կարողանում ընտրել վարչապետ, դա նշանակում է, որ խորհրդարանը չի գործում կամ անգործունակ է: Օրինակ` «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հենց այս կարծիքի կողմնակիցն է եւ նշում է, թե Արմեն Սարգսյանը հենց այս փաստարկներով պետք է դիմի Սահմանադրական դատարան, քանի որ Սահմանադրությունը գերակա է այլ օրենքների նկատմամբ:
Միաժամանակ, սահմանադրագետ Վարդան Այվազյանն այդ նրբություններն ավելի տեխնիկական հարց է որակում եւ մեկնաբանության խնդիր է տեսնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, թե ԱԺ կանոնակարգ-օրենքում արված փոփոխությունը տարածվում է բոլոր տեսակի նիստերի վրա: «Ընտրության կարգի մեջ նախապայմաններ չկան, բայց դա մեկնաբանության խնդիր է: Եթե կանոնակարգ-օրենքով ասում են, որ խոչընդոտելու պարագայում նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդհատված, ուրեմն դրանից ելնելով` իրենք այդ 14 օրը հաշվարկելու են խոչընդոտը վերանալու պահից: Եթե օրենքը ուժի մեջ մտավ, այդպես կհաշվարկվի», – նշեց նա:
Միեւնույն ժամանակ սահմանադրագետը մատնացույց արեց Սահմանադրության առաջին եւ երկրորդ կետերը, որոնք էլ մատնանշելով` կարելի է դիմել Սահմանադրական դատարան: «Այդ փոփոխության սահմանադրականությանը հակասում է այն, որ այդ փոփոխությունն արված է ժողովրդի կողմից խոչընդոտները չեզոքացնելու համար, ուրեմն դա հակասահմանադրական է, որովհետեւ ժողովուրդն ինքն է իշխանության միակ եւ անփոխարինելի սեփականատերը, եւ ժողովուրդն էլ ցանկացած պահի, եթե գտնում է, որ Ազգային ժողովի պատգամավորները չպետք է մտնեն իրենց աշխատավայր եւ նիստ գումարեն, ուրեմն դա օրինական պահանջ է: Հակասում է 1-ին հոդվածին, քանի որ Հայաստանը ժողովրդավար պետություն է, եւ հակասում է երկրորդ հոդվածին, որում նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին», – նկատեց Այվազյանը:
Միեւնույն ժամանակ նա կասկածներ հայտնեց, թե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական կճանաչի դրույթը: «Նախկին իշխանությունների կողմից ձեւավորված դատարանն է: Այդ առումով կան ռիսկեր, որ չի ճանաչի, սակայն ինքն էությամբ հակասահմանադրական օրենք է, որովհետեւ հակասում է նրան, որ Հայաստանը ժողովրդավար պետություն է, եւ հակասում է նրան, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին», – կրկնեց սահմանադրագետը:
Հավելենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում է ԱՄՆ-ում եւ երեկ հայտարարություն տարածելով` նշել է, թե վերադարձից հետո այդ փոփոխության հետ կապված քննարկումներ կանցկացնի: Այնպես որ, գնդակն այժմ Արմեն Սարգսյանի դաշտում է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Ո՞ՒՐ Է ՆԱ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի քվոտայով մարզպետներ նշանակված անձանց պաշտոնից ազատելու հարցերը: Նրանք են Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ու Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Սակայն հետաքրքիր է, որ այս անունների թվում առկա չէ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, ով եւս մարզպետ է նշանակվել ԲՀԿ քվոտայով, ավելին` հանդիսանում է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ եւ Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է: Ընդ որում, հետաքրքիր է, որ վերջինս, ի տարբերություն մյուս մարզպետների, որոնք երեկ հայտարարել են պաշտոնավարումը դադարեցնելու մասին, երեկ նա ոչ մի հայտարարություն չի տարածել, իսկ ազատման մասին որոշում էլ նախագծերի մեջ առկա չէ: Երեկ ողջ օրը Համբարձումյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացավ ասել` նման որոշում առկա չէ, թե պարզապես տեխնիկական հարցեր են: Չի բացառվում, որ այս հարցն օրակարգում ավելացվի վերջին պահին, երեւի այս մարզպետին մոռացել են:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Հոկտեմբերի 5-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդամենը մեկ հարց է ընդգրկված, այն էլ աշխատանքային օրեր տեղափոխելու մասին: Մասնավորապես, հոկտեմբերի 7-ից Հայաստանում մեկնարկում են ֆրանկոֆոնիայի օրերը։ Կառավարությունն առաջարկում է այդ օրերը համարել ոչ աշխատանքային՝ փոխարենն աշխատանքային համարելով հաջորդող շաբաթ օրերը։ Օրենսդրական փոփոխության հաստատման համար կառավարությունը ԱԺ-ին կառաջարկի հոկտեմբերի 5ին` ժամը 11.00ին, արտահերթ նիստ հրավիրել։ Հետաքրքիր է՝ ԱԺ-ն կընդառաջի կառավարության առաջարկին, թե կբոյկոտեն այդ նիստը եւ կփորձեն խոչընդոտներ ստեղծել:

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ, ԲԱՅՑ ԱՊԱՀՈՎՎԱԾ
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը վերջապես ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 30-ամյա Ռեւազյանը ունի մեկ հողամաս, մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ: Բացի այս, հայտարարագրել է մեկ ընկերությունում ունեցած 8 հազար 750 դոլարի չափով բաժնետոմսը: Իսկ փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 55 հազար դոլար եւ 250 հազար դանիական կրոն: Քաղավիացիայի կոմիտեի երիտասարդ նախագահի դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար եւ 0.5 մլն դրամ: Իսկ ահա որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 56.4 հազար դոլար:

 

 

ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԻ
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում որպես դիտորդ ներգրավվելու հավանականությանը, ասել է, թե այդպիսի որեւէ պաշտոնական գործընթաց չկա: «Այդ մասին կան հրապարակումներ, խոսակցություններ են եղել, եւ սրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է, որը մի քանի անգամ հրապարակել է: Գիտեք, որ նման հարցերը լուծվում են կոնսենսուսով, եւ ստեղծված ռազմաքաղաքական վիճակում եւ հարաբերությունների պայմաններում անիմաստ է նույնիսկ այդ հարցի մասին խոսելը, որովհետեւ ՀՀ-ն երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը, ընդ որում` ոչ թե կարճաժամկետ, այլ ընդհանրապես, դառնա ռազմաքաղաքական մեր կազմակերպության դիտորդ»,- ասաց նա:

 

 

ՇՐՋԱՆԱԿԸ
Պաշտոնանկ արված նախարարների թափուր պաշտոնների համար արդեն իսկ թեկնածուների շրջանակ կա: Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արայիկ Հարությունյանը. «Երեկվա իրադարձություններից հետո թեթեւ քննարկում եղել է, երբ վերջնական որոշումներ կայացնենք, տեղյակ կպահենք»։

 

 

ԱՄՊԼԻՏՈՒԴՆԵՐ
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ԱԺ հարցուպատասխանի ժամին երկար նախաբանով հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Հանրության մի մասի մոտ կարծիք է, որ Դուք շատ արագ կերպարանափոխվում եք վարչապետից մինչեւ հանրահավաքի ղեկավար: Բնականաբար, շատերը ձեր կերպարի մեջ կուզեին ավելի շատ տեսնել վարչապետի, քան՝ հանրահավաքի կազմակերպչի»: Վարչապետը պատասխանեց. «Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում եւ ավելի մեծ ամպլիտուդներով: Ես, սովորաբար, իմ դիրքորոշումներում, անելիքներում ու ասելիքներում սիրում եմ լինել համարժեք: Կարծում եմ՝ ձեր հարցին պատասխանեցի»:

 

 

ԱՂԵՏ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ
ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւի այն հայտարարությանը, ըստ որի` Ռուսաստանը «օկուպացրել է» ադրբեջանական տարածքները: Խոսքն Արցախի հիմնախնդրի մասին է։ Զատուլինը նշել է, որ Ռուսաստանը հիմնախնդրի հետ առնչություն չունի, իսկ պատերազմի վերսկսումը կարող է իսկական աղետ դառնալ Բաքվի համար: «Ադրբեջանի վարած քաղաքականության ու նրա միջեւ, թե ինչ է Ադրբեջանը ցանկանում, որ մենք մտածենք իր քաղաքականության մասին, մեծ տարբերություն կա»,-ասել է Զատուլինը: Նա նկատել է, որ Ադրբեջանն այն կայուն երկիրը չէ, ինչպիսին կցանկանար լինել, եւ պատերազմը կարող է պարզապես այդ երկրի փլուզմամբ ավարտվել: «Ադրբեջանը չի ցանկանում փոխզիջման գնալ, նրանք ցանկանում են վերցնել իրենցը սպառազինությունների, աճող ռազմական սպառնալիքի հաշվին: Մենք դրանում հետաքրքրված չենք, եւ այդ իսկ պատճառով մեր ջանքերն ուղղված են Ղարաբաղում նոր պատերազմ թույլ չտալուն»,- հավելել է ռուս պաշտոնյան:

 

 

ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ ԵՆ
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը եւ Պավել Մանուկյանը երեկ դատարանում հայտարարել են հացադուլ սկսելու մասին: Պավել Մանուկյանը հայտարարել է, որ հրաժարվում է նաեւ բժշկական օգնությունից:




Լրահոս