ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏԱՆԴԻ ԻՐԵՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի կոչով հազարավոր քաղաքացիներ կարճ ժամանակում հավաքվեցին Բաղրամյան պողոտայում: Պատճառը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծն էր: Արդյունքում քաղաքացիները, հավաքվելով Բաղրամյան պողոտայում, շրջափակեցին Ազգային Ժողովի շենքը՝ այդ կերպ թույլ չտալով պատգամավորներին դուրս գալ ԱԺ շենքի տարածքից:

Նկատենք, որ այս օրերին Ազգային ժողովում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, եւ մի շարք սանհանգույցներ չեն օգտագործվում, իսկ ահա Աժ միջանցքներում տեղադրված խմելու ջրի տարաները վաղուց սպառվել էին: Վիճակը ավելի վատացավ, երբ հայտնի դարձավ, որ ժամը 18:00-ից արդեն փակվել են Աժ ճաշարանի դռները: Ասել է թե` ԱԺ-ում արտակարգ դրություն էր. պատգամավորները ե՛ւ սոված էին, ե՛ւ ծարավ, ե՛ւ բնական կարիքները հոգալու խնդիրներ կային: «ժողովուրդ» օրաթերթը պատանդ մնացած պատգամավորների հետ զրուցեց նրանց զգացողությունների մասին:

ԱԺ Փոխնախագահ Էդուարդ Շարմազանով


-Այսինքն` ի՞նչ զգացողություններ, վախեցե՞լ էինք կամ չէի՞նք վախեցել:
-Միգուցե, ի՞նչ զգացողություն էր:
-Տհաճ զգացողություն էր, որ Ազգային ժողովի վրա կարելի է ճնշում գործադրել:
-Պատգամավորները սոված, ծարավ են մնացել, դուք էլ այդ վիճակո՞ւմ եք եղել:
-Պատգամավորները սնվում են ոչ միայն հացով, այլ նաեւ մտքով:
-Իսկ ի՞նչ կարեւոր գործ ունեիք, որ պատանդ մնալու արդյունքում չկարողացաք հասցնել, ձախողեցիք:
-Այս պահին ես պետք է լինեի Սանկտ Պետերբուրգում, որպեսզի ներկայացնեի ՀՀ շահերը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, երկու անգամ տոմս փոխեցի, բայց բանակցությունների արդյունքում չհասցրեցի եւ այսօր գտնվում եմ Հայաստանում:

Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյան


-Պարո՛ն Սահակյան, ի՞նչ զգացողություն ունեիք պատանդի կարգավիճակում:
-Ես երբեք պատանդ չեմ մնում:
-Իսկ ի՞նչ կարգավիճակում էիք երեկ:
-Այստեղ էի` ներսում, դրսում, իմ նման մարդիկ պատանդ չեն լինում:
-Իսկ սովա՞ծ էիք:
-Ես, սովորաբար, քիչ ուտող եմ եւ չեմ էլ զգում` սոված եմ, թե սոված չեմ, բացի դրանից, իմ մոտ ուտելիքներ կային:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյան


-Պարո՛ն Պետրոսյան, Ձեր նախաձեռնությունը լարեց վիճակը: Ի՞նչ զգացիք, երբ հայտնվեցիք պատանդի կարգավիճակում:
-Անկեղծ ասած` որեւէ տարօրինակ զգացողություն չունեցա, միայն թե մի առումով էի մի քիչ մտորում, որ մեր սահմանադրությունը հռչակում է իրավական պետություն Հայաստանի Հանրապետությունը, բայց ստացվում է, որ այդ իրավական պետության մեջ պատգամավորները որոշակի դիրքորոշում են ունենում որոշակի նախագծերի վերաբերյալ, սա հիմք հանդիսացավ, որ ժողովուրդը ներխուժի Ազգային ժողովի տարածք, եւ որոշակի անհանգստության մթնոլորտ ստեղծվի: Մենք ըմբռնումով ենք մոտենում ժողովրդավարական շարժմանը, գտնում ենք, որ ժողովուրդը պետք է որոշի իշխանությանը, բայց ժողովուրդը չպետք է թույլ տա այնպիսի արարքներ, որոնք ե՛ւ բարոյական իմաստով, ե՛ւ իրավական իմաստով որոշակի մեղադրանքների տեղիք կարող են տալ:
-Դուք սովա՞ծ եք մնացել կամ ծարա՞վ:
-Նման խնդիր չկար, սոված չենք եղել, ծարավ չենք եղել: Եթե սնվելու կարիք լիներ, ապա կարող էինք այդ կարիքը բավարարեինք, զուտ մթնոլորտն էր տհաճ:
-Իսկ ի՞նչ գործ էիք պլանավորել այդ ժամին, բայց պատանդ Ձեզ վերցրին, ու չկարողացաք անել այն:
-Բոլորս էլ, անշուշտ, ունենք անձնական գործեր, բայց հասկանում ենք, որ Ազգային ժողովում մեր աշխատանքը մեր հիմնական զբաղմունքն էր, մանավանդ, որ խոսվում էր կարեւոր օրինագծի մասին, եւ պետք չէ, որ որեւէ մեկը ափսոսա, որ այդ ժամին չգտնվեց այլ տեղ, այլ գտնվեց Ազգային ժողովում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյան


-Տիկի՛ն Սարգսյան, պատանդ էիք մնացե՞լ, ի՞նչ գզացիք այդ ժամանակ:
-Ես չէի ուզենա այդ բառը օգտագործենք` պատանդ, որովհետեւ դա ճիշտ չէ: Քո սեփական ժողովրդի, քաղաքում, երկրում գտնվելով` դա այնքան էլ ճիշտ չէ: Մենք ունենք մեկ թշնամի, եւ պատանդ կարող ենք լինել մեկ դեպքում: Քաղաքական գործընթաց էր, որը ինչ որ կերպ հունից դուրս եկավ: Ցավոտ էր, որ նախագիծը ճիշտ չընկալվեց, չէի ուզի այդպիսի բան լիներ:
– Ծարավ, սոված եք մնացե՞լ:
-Չէ, այդպիսի բա չկար, երբ լարված վիճակ է, մենք` ներսում, ժողովուրդը` դրսում, անկեղծ ասած, ոչ մեկ ուտելու մասին չէր մտածում այդ պահին, եւ քաղցից չէինք մահանում:
-Իսկ ի՞նչ կարեւոր գործ ունեիք, որ չկարողացաք հասցնել:
-Պետք է հասնեի տուն իմ բալիկներին, ընտանիքիս, քանի որ աշխատանքի ժամը արդեն ավարտվել էր: Դրսում գտնվող մարդկանց մոտ, ինչպես գիտեք, հուզական պահերը ավելի շատ էին, երեխաներս էլ ինձ էին սպասում, եւ, բնականաբար, երեկ սովորականից ավելի ուշ հայտնվեցի տանը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Ավետիս Ափիյանը հաղթեց դատարանում եւ վերականգնեց իր դատախազի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով ստիպել ՀՀ գլխավոր դատախազությանը անվավեր ճանաչել 2018թ. հունիսի 22-ի հրամանը եւ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի 2018թ. հունիսի 6-ի «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ կայացված թիվ 2 որոշումը: Միաժամանակ, Ափիյանը պահանջում էր իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ ՀՀ գլխավոր դատախազությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձը: Այս գործը ՀՀ վարչական դատարանում քննում էր դատավոր Հրաչ Այվազյանը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռեւս 2016 թվականին դատախազ Ափիյանը կաշառքի գործով դատարանում հարցաքննվել է, եւ չի բացառվում, որ այս հանգամանքի համար են նրան ազատել աշխատանքից:
Եվ ահա երեկ տեղեկացանք, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Այվազյանը որոշել է բավարարել Ափիյանի դիմումը` անվավեր ճանաչելով դատախազության որոշումը եւ հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելով:

 

ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը դատի է տվել «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին: Մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը դիմել է դատարան, քանի որ բացահայտել է, որ հիմնադրամից դուրս է գրվել մամլիչ եւ մետաղի ջարդոնի անվան տակ վաճառվել է: Եվ հիմա Գործատուների հանրապետական միության նախագահը պահանջում է, որ ռեկտորը վաճառված մամլիչի շուկայական գինը համալսարանին փոխհատուցի: Ստացվում է, որ բուհի ռեկտորը հիմնադրամին պատկանող գույքը մետաղի անվան տակ վաճառում է:

 

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի Մարտի 1-ի գործը չքննի Հատուկ քննչական ծառայությունը եւ տեղափոխվի այլ քննչական մարմին: Պաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատճառն այն է, որ սեպտեմբերի 11-ի ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը այնպիսի հայտարարություններ է արել, որ խախտել է անմեղության կանխավարկածը, եւ, առհասարակ, իրավիճակը ցույց է տալիս, որ այդ քննչական մարմինը օբյեկտիվ քննություն չի կարող իրականացնել: Ինչեւէ, տեղեկացանք, որ պաշտպանի այս միջնորդությունը դատախազություն մերժվել է, սակայն Հայկ Ալումյանն ասաց, որ այն կբողոքարկեն:

 

 

ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ԹԵՐԱՑԵԼ ԵՆ
Ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել «որոշ օլիգարխներին եւ նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու» վարչապետի հրահանգը, այս մասին երեկ Ազգային ժողովում պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցին՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցուպատասխանի ժամանակ նշելով, որ «երեկ` ուշ երեկոյան` հանրահավաքից հետո, քաղաքացիները հանդարտ հեռանում էին Դեմիրճյան փողոցով, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն ու նրա հետ գտնվող մարդիկ սկսեցին հայհոյանքներ հնչեցնել քաղաքացիների հասցեին»` Լենա Նազարյանը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե արդյոք վարչապետը տեղյա՞կ է այդ միջադեպից, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիներին հայհոյող, հասարակական կարգը խախտող անձանց նկատմամբ։ «Այդ միջադեպը, որի մասին պատմում եք, վկայում է այն մասին, որ ուժային կառույցները մասնավորապես որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխներին եւ նրանց թիկնապահներին պետք է պառկեցնել ասֆալտին»,-ասել է վարչապետը։ «Քննությունը կպարզի` դա Միհրան Պողոսյանի թիկնապահնե՞րն են եղել, թե՞ ոչ, բայց Միհրան Պողոսյանը երեկ նույնպես այնտեղ ներկա է եղել։Եթե պարզվի, որ նա այդպիսի պահվածք է ցուցաբերել, սա կնշանակի, որ նա լավ չի հասկանում այն, ինչ կատարվում է ՀՀ-ում»,-ասել է Ն. Փաշինյանը։

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Մահացել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը՝ Վալերի Գրիգորյանը, այս մասին տեղեկացրել է Ա. Գրիգորյանի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը: «Նա մեկնել է Արցախ հուղարկավորությանը ներկա գտնվելու համար»,- ասել է Քոչինյանը: Ըստ Արցախի ոստիկանության լրատվական ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանի` իրենք ստացել են ահազանգ Վալերի Գրիգորյանի ինքնասպանության մասին. «Երեկ գիշեր ահազանգել եւ հայտնել են, որ հայտնաբերվել է ձեր նշած քաղաքացու դին՝ պարանով կախված վիճակում: Պարզվել է, որ առանձնատան հարակից տարածքում քաղաքացին ինքնասպանություն է գործել»։

 

 

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՈՐԾԱԴՐՎԵԼ
Հոկտեմբերի 3-ին «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա եւ չեն թողել` մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել։ Ըստ ոստիկանության` բաժնի պետի հետաքննության գծով տեղակալը հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ։ Վերջինս ոստիկանության ծառայողին հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, ընդամենը վեճ է տեղի ունեցել հավաքված կանանցից մեկի հետ։ Ինքն այդ մասին տեղեկացրել է նաեւ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին։ Շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը մտահոգության համար եւ խնդրել, որ այդ կապակցությամբ իրեն չայցելեն, ոչ էլ հրավիրեն ոստիկանություն։




Լրահոս