Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նախօրեին խորհրդարանի ներսում, ինչու ոչ, դրա պատերից դուրս արտակարգ իրավիճակ էր տիրում: Եվ այդ ամենը փաստեց մեկ բան, որ խորհրդարանը պատրաստ չէր դիմակայել նման իրավիճակին, եւ եղան բացթողումներ ու թերություններ, որոնք կարող էին նաեւ վատ հետեւանքներ ունենալ:
Նախ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ. քանի որ խորհրդարանում երեկ արտահերթ նիստ գումարվեց, որում պետք է քվեարկության դրվեր ԱԺ կանոնակարգ-օրենքի աղմկահարույց փոփոխությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց դուրս գալ փողոց եւ հավաքվել ԱԺ բոլոր մուտքերի մոտ եւ փակել դրանք: Արդեն ավելի ուշ` օրենքի ընդունումից հետո, նա ինքը գնաց Բաղրամյան պողոտա եւ որոշեց նաեւ մտնել խորհրդարան ու բանակցություններ անցկացնել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:
Եվ ահա այդ ժամանակ բացվեցին նաեւ Ազգային ժողովի շենքի դարպասները, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հոծ բազմության ուղեկցությամբ մտավ Ազգային ժողովի շենք: Գաղտնիք չէ, որ, ընդհանուր առմամբ, ԱԺ-ն հատուկ պահպանվող տարածք է, որտեղ իհարկե վարչապետը կարող է ի պաշտոնե մտնել ցանկացած ժամի, բայց այլ անձինք` ոչ: Ինչպես հայտնի է, քաղաքացիները ԱԺ-ի շենք մուտք գործելու համար պետք է պատգամավորից կամ ԱԺ աշխատակազմից հատուկ թույլտվություն ունենան։ Սակայն երեկ այնպիսի իրավիճակ ստեղծվեց, երբ ամեն ինչ անվերահսկելի էր, եւ արդյունքում խորհրդարանի շենք են ներս մտել նաեւ քաղաքացիներ, ովքեր վստահաբար ոչ մի անցաթուղթ չեն ունեցել: Միաժամանակ, անհասկանալի էր այնտեղ վարչապետի դստեր, ԱԱԾ պետի որդու ներկայությունը: Եվ սա այն դեպքում, երբ ուշ ժամի նույնիսկ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր ունեցել են Ազգային ժողովի հավատարմագրման վկայական, չեն թողել ներս մտնել` պատճառաբանելով, թե վարչապետի անվտանգության ներկայացուցիչները կարող են միայն ներս թողնել եւ նրանք են որոշում` ով մտնի, ով ոչ: Ստացվում է` այստեղ անգործության են մատնված եղել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմն ու համապատասխան ստորաբաժանումները: ԱԺ մուտքի հնարավորություն չեն ունեցել հավատարմագրված լրագրողները, որոնք իրենց մասնագիտական պարտքն էին կատարում:
Իսկ սա մեկ անգամ եւս վկայում է, որ պետական գերատեսչությունները դեռ պատրաստ չեն արտակարգ իրավիճակներում աշխատելուն:
Եվ ահա նախօրեին ստեղծված արտակարգ իրավիճակի զոհ էին դարձել նաեւ մի քանի պատգամավորներ: Բայց սա արդեն միանգամայն այլ պատճառով: Բանն այն է, որ վարչապետի` խորհրդարանի մուտքերի մոտ հավաքվելու կոչից հետո բազմություն հավաքվեց շատ կարճ ժամանակում, եւ նույնիսկ ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու ուղեւորվող պատգամավորներից մի քանիսը, հասնելով Դեմիրճյան մուտքի մոտ, այնտեղ մեծ բազմության են հանդիպել, եւ այդպիսով շատ դեպքերում անհնարին է դարձել նրանց մուտքը խորհրդարան: Այդպիսի խնդրի մասին արդեն բարձրաձայնել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը` նշելով, թե հասնելով մուտքի մոտ` իրեն ճանաչել են, եւ սկսել է կշտամբանքներ ստանալ հավաքված մարդկանցից եւ հետ է դարձել: Նման ճակատագրի այլ պատգամավորներ եւս արժանացել են, այդ թվում նաեւ` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը, ով, սակայն, երեկ մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե քաղաքում չի եղել եւ ԱԺ արտահերթ նիստից այդ պատճառով է բացակայել: Իսկ ահա ՀՀԿ-ական բացականերից Մուրադ Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե տեղյակ չի եղել արտահերթ նիստի մասին, իրեն չեն զգուշացրել, եւ այդ պատճառով է միայն բացակայել նիստից:
Ի դեպ, չի բացառվում, որ այդ հապճեպության մեջ նրանք չեն զգուշացրել վերջինիս, սակայն փաստ է, որ արտահերթ նիստի մասին չեն տեղեկացվել անգամ «Ելք» խմբակցության պատգամավորները: Սա բոլոր օրենքների կոպտագույն խախտում է, քանի որ նիստերի անցկացման մասին պետք է ծանուցվեն բոլորը:
Ըստ էության, պատգամավորները նախօրեին ստիպված էին մնալ պատանդի կարգավիճակում, մինչ վարչապետը քննարկումներ էր իրականացնում ԱԺ խմբակցությունների հետ: Սակայն այդ ամենը նույնիսկ բանակցություն դժվար է համարել, քանի որ պատգամավորները կուլիսներում պատմում էին, թե Նիկոլ Փաշինյանը պարզապես սպառնացել է նրանց` ցույց տալով հավաքված բազմության քանակը եւ ասել, որ ոչ թե եկել է բանակցելու, այլ պարզապես տեղեկացնելու, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե բանակցություններն առհասարակ անհրաժեշտ չեն, եթե բանակցվելու է մի բան, ապա վերջում հայտարարվի, թե այդպիսի բան չի եղել, եւ միգուցե սխալ են միմյանց հասկացել: Եվ նա երեկ մեկ անգամ եւս վերահաստատեց` արտահերթ ընտրությունները կլինեն դեկտեմբերին: «Քանի դեռ չկան հստակ ազդակներ, որ մենք իրար ճիշտ ենք հասկանում, եւ մեր գործընկերներն իրավիճակը ճիշտ են հասկանում, ես կարծում եմ, որ էդ խոսակցության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կարող են ծագել»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։ Հարցին, թե այդ պարագայում ինչպե՞ս է շարունակվելու գործընթացը, վարչապետը պատասխանել է. «Մենք մեր պլաններով գնալու ենք առաջ, եւ կարծում եմ` ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը համաժողովրդական պահանջ է, եւ ես դժվար եմ պատկերացնում այն մարդուն եւ մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմադրել դրան»։ Միաժամանակ հարցին՝ վարչապետը հնարավոր համարո՞ւմ է, որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն իր հրաժարականից հետո վարչապետի իրենց թեկնածուին առաջադրեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «ՀՀԿ-ն իր թեկնածուին առաջադրել էր եւ մի բան էլ ընտրել էր, դրանից ի՞նչ փոխվեց: Հիմա ավելի լավ իրավիճակ է, քան ունեինք ապրիլ-մայիսին»: Ինչ վերաբերում է ԱԺ-ում նախօրեի գիշերը հանդիպմանը, Փաշինյանն ասել է. «Երեկ ես իրենց տեղեկացրել եմ ՀՀ-ում հաստատված նոր քաղաքական իրավիճակի մասին եւ ասել եմ, թե ինչ ենք պատրաստվում անել: Նրանք էլ ասել են, որ այս իրավիճակում իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, եւ ասել են շատ հստակ. եթե իրենք ուզում են վարչապետի թեկնածու առաջադրեն, թող փորձեն առաջադրել»: Եւ, վերջապես, Նիկոլ Փաշինյանը երեկ պնդել է. «Երկրում հաստատված է ճգնաժամ, ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց, որոնք ասում են՝ մի՛ լուծեք այդ ճգնաժամը: Ո՛չ, մենք պատրաստվում ենք լուծել այդ ճգնաժամը եւ կլուծենք»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈԼՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ` ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՄԱՄԲ
2018թ. հոկտեմբերի 21-ին Իջեւանի տարածաշրջանի 3 գյուղական համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: 397 բնակիչ ունեցող Լուսահովիտ գյուղում առաջադրվել է համայնքի ղեկավարի 3 թեկնածու՝ անկուսակցականներ Հունան Անանյանը, Լիպարիտ Թիրաբյանը, Գրիգոր Սարհատյանը: Հ. Անանյանի եւ Լ. Թիրաբյանի զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ ընտրական հանձնաժողով ներկայացված փաստաթղթերում ոչինչ նշված չէ, Գ. Սարհատյանը ներկայացել է որպես անհատ ձեռներեց: Հետո Հ. Անանյանն ինքնաբացարկ է հայտնել: Ադրբեջանին սահմանակից Բերքաբեր համայնքի ղեկավար են գրանցվել այդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական Արգամ Արզումանյանը եւ Բերքաբերի համայնքապետարանի գյուղատնտես, հողաշինարար, անկուսակցական Գրիշա Դիլբարյանը: Հավաստի տեղեկություններով՝ Գ. Դիլբարյանը իրականում չի ցանկանում համայնքապետ դառնալ, նա համայնքի ղեկավարի թեկնածու է գրանցվել, որպեսզի համայնքի ղեկավարի ընտրությունները կայանան, նա մինչ ընտրություններն ինքնաբացարկ կհայտնի: Սահմանամերձ Սարիգյուղ համայնքի ղեկավարի թեկնածու է գրանցվել 2004 թվականից այդ համայնքը ղեկավարող, անկուսակցական Կոմիտաս Էլլարյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սեյրան Սարիբեկյանը: Վերջինս ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում իր պաշտոնի մասին ոչինչ չի նշել: Իջեւանի տարածաշրջանի վերոհիշյալ 3 համայնքների ղեկավարի բոլոր թեկնածուները թեկնածու են առաջադրվել ինքնաառաջադրմամբ:
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԸ ՋՐԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղը ոռոգման ջուր չունի: Ապրելով 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարի աջ ափին` գյուղի բնակիչները չեն օգտվում այդ ջրամբարից, որպեսզի ոռոգեն իրենց տարածքները: Բերքաբերում առկա է նաեւ խմելու ջրի խնդիր: Մշտապես խմելու ջուր կա միայն գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրում: Բերքաբեր գյուղի բնակիչներին խմելու ջուր մատակարարվում է երկու օրը մեկ, 2 ժամով: Բերքաբերի համայնքապետարանի շենքի առաջին հարկում տեղակայված Բերքաբերի բուժկետը դրանից էլ է զրկված: Բուժկետի բուժքույր, 70-ամյա Լիդա Բուղդարյանն ասաց, որ 5-6 տարի առաջ բուժկետը սնուցող խմելու ջրի խողովակում վթար կար, որից տուժում էր բուժկետի տարածքը; Համայնքի ղեկավարը, փոխանակ ջրագծի վթարը վերացնելու, կտրել-հեռացրել է բուժկետը սնուցող ջրի խողովակը: Լ. Բուղդարյանը հայտնեց, որ բուժքրոջ իր գործառույթները կատարելու, համայնքի բնակիչներին սպասարկելու համար ինքն աղբյուրից դույլով ջուր է բերում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԲՀԿ-ԱԿԱՆ «ԽՈՆԱՐՀ ԾԱՌԱՆ» ՍՊԱՍՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ժողովրդի ներկայությամբ ստորագրեց ԲՀԿ-ական, ՀՅԴ-ական նախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումները: Այս պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Արարատի մարզի Ազատավանի ԲՀԿ-ական գյուղապետ Պետիկ Ղազարյանից հետաքրքրվել է`արդյոք հրաժարական տալո՞ւ է, թե՞ ոչ:
Պարզվում է` գյուղապետը վճռական է տրամադրված, նա չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային` հայտարարեց. «Ամբողջ գյուղն է կանգնած իմ կողքին, իմացեք: Ինչո՞ւ պետք է ես հրաժարական տամ: Ո՛չ, մոռացե՛ք, հրաժարականի մասին մոռացե՛ք: Մեր այն հարցին` հնարավոր է առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գա եւ անդամագրվի «Քաղաքացիական պայմանագիր»-ին, ԲՀԿ-ական գյուղապետը արձագանքեց. «Չեմ իմանում, կտեսնեմ, թե ոնց իրադրությունները կզարգանան: Վաղ է դրա մասին խոսել: Ինչպես ազատավանցիները կորոշեն, այնպես էլ կանեմ: Որ ճանապարհով ուզեն` գնամ, ես էլ որպես խոնարհ ծառա այդ ճանապարհով էլ կգնամ»:
Նշենք, որ Ազատավանի բնակիչները դեռեւս անցած տարում դիմել էին «Ժողովուրդ» օրաթերթին եւ պատմել, որ իրենց գյուղապետի որդին` Լեւոն Ղազարյանը, իր անձնական հարցերի համար օգտագործում է գյուղապետարանի ծառայողական ավտոմեքենան: Բայց գյուղապետարանի ծառայողական մեքենան որդու կողմից օգտագործվելու վերաբերյալ հարցը զայրացրել էր նրան, ինչին ի պատասխան` նա հայտարարել էր` նշելով. «Եթե մեր որդին է, մեկ-մեկ է վարում մեր մեքենան: Ես էլ իմ 100 հազարանոց ավտոս եմ ծառայեցնում ժողովորդին: Մեկ-մեկ էլ մեր տղան կքշի, ինչ է եղել որ»,- ու անջատել էր հեռախոսը: Ի դեպ, գյուղացիները պատմել էին նաեւ, որ գյուղի բուժկետը նորոգելու համար Ղազարյանը օգտվել է իրեն պատկանող շինանյութի խանութից:
Թ. Մ.