ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ԱՐԱԾ-ՉԱՐԱԾ ԳՈՐԾԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում ԲՀԿ եւ ՀՅԴ քվոտայով նշանակված նախարարներն ու մարզպետները երեկ աշխատանքի էին գնացել իրերը հավաքելու եւ աշխատակիցներին հրաժեշտ տալու համար: Նրանց մեծ մասը երեկ շատ տխուր էր ձեռնարկած ծրագրերը կիսատ թողնելու համար:

Նախ նշենք, որ աշխատանքից ազատվեցին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Լեւոն Ֆահրադյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նրանց պաշտոնավարման ընթացքում իրականացրած, չիրականացրած եւ կիսատ թողած գործերը: Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների արդեն նախկին նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 12-ից մինչ երեկ բավականին ծրագրեր է իրականացրել: Այսպես, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 2-րդ տրանշում մայիսի 15-ից մինչեւ օգոստոսի 15-ը ընկած ժամանակահատվածում կառուցվել է 6.5 կմ երկարությամբ բետոնե պատվածք, արժեքը 3.2 մլրդ դրամ է, ինչը կազմում է 2018 թվականի պլանով նախատեսված աշխատանքերի 29 տոկոսը: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհին ամբողջությամբ ավարտվել է հողերի օտարման եւ տարաբնակեցման աշխատանքները: Իսկ մինչեւ սեպտեմբերի 15-ը ավարտվել է 38.45 կմ ճանապարհի շինարարությունը, որն արժեցել է 3.1 մլրդ դրամ` կազմելով 2018-ի պլանով նախատեսված աշխատանքների մոտ 20 տոկոսը:
Ի դեպ, այս ընթացքում կարծիք է տարածվել այն մասին, որ Հակոբյանի` ՏԿՏՏ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո հանրապետությունում ճանապարհները ոչ թե «կարկատվում են», այլ ամբողջովին նորոգվում` չնայած տաքսիների վարորդները շարունակում են «չստիկով, թրաշով» աշխատել: Այս ոլորտը այդպես էլ չկարգավորվեց: Նաեւ բաց է մնացել մարզերում, գյուղերում հասարակական տրանսպորտի խնդիրը: Բայց մյուս կողմից Հակոբյանի թիմը տրանսպորտի բնագավառում 3 օրենսդրական նախաձեռնությունների փաթեթներ է կազմել եւ ուղարկել շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը: Նախատեսում էր բարելավել տաքսոմատորային ծառայությունների բնագավառում վիճակը, տեխնիկական զննության համակարգը եւ կանոնակարգել ավտոմեքենաների մեջ գազաբալոնային համակարգի տեղադրման ոլորտը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւս Հակոբյանը հասցրել է ձեռքբերումներ գրանցել, օրինակ` կառավարությանն է ներկայացվել ՏՏ ոլորտում նորընտիր ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Արթուր Խաչատրյանը ափսոսում է, որ չի կարողանա ձեռնարկած գործերը ավարտին հասցնել: Նշենք, որ արդեն նախկին նախարարը ծրագիր էր մշակել հողօգտագործողներին ոռոգման կաթիլային ցանցով ապահովելու մասին: Բացի այս, Խաչատրյանը ծրագիր էր ներկայացրել տոհմային կենդանիների ներկրումը խրախուսելու համար: Նրա պնդմամբ` ՀՀ-ում տոհմային կազմը բավականին բարեփոխման կարիք ունի, իսկ կովի միջին տարեկան կաթնատվությունը ցածր է: Նա առաջարկում էր թարմացնել հոտի կազմը կապիտալի սուբսիդավորման մեխանիզմի միջոցով: Ի դեպ, Խաչատրյանի` գյուղնախարարի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում կանխվել է վատ որակի սպիրտի ներմուծումը, քանի որ սպիրտ ներկրողը ավելի բարվոք վիճակում էր գտնվում, քան տեղական արտադրողը: Նաեւ կոնյակի նվազագույն գներն են ֆիքսվել: Խաչատրյանի նախարարության ամիսները նաեւ ուղեկցվեցին գյուղմթերքի թանկացումներով (սկզբում ձմերուկը բարձր գնով վաճառվեց, ապա լոլիկը, սմբուկը, նեկտարինը եւ այլն), չնայած, չմոռանանք` բանանը էժանացավ` 900-ից դառնալով 500-550 դրամ:
Հրաչյա Ռոստոմյանի` արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրը հանրության կողմից այդքան էլ մեծ ոգեւորությամբ չընդունվեց: Ի դեպ, նրա ծրագրերից մեկն էլ «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության ներտնային գազի սպասարկման գործառույթները պետականացնելն էր, որը դեռ մշակման, քննարկման փուլում է գտնվում: Հավանաբար նրա հրաժարականի մասին լուրը առաջինը կուրախացնի «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատողներին: Բայց չուրանանք` նա իր պաշտոնավարման ամիսներին թարմացրել է փրկարար ծառայության համազգեստների բազան, վերանորոգման աշխատանքներ սկսել հանրապետության բոլոր փրկարար ջոկատներում: Ապա ստուգումներ են իրականացվել ե՛ւ Երեւանի, ե՛ւ մարզային գազալցակայաններում, հայտնաբերվել են խախտումներ, ժամանակ տրվել թերությունները շտկելու համար: Ավելին` ստուգվել են նաեւ համալսարանները, բուժհաստատությունները, որոնց դարձյալ տրվել է ժամանակ թերությունները շտկելու համար:
Արծվիկ Մինասյանի համար վերջին մի քանի տարիները «կայուն» չէին. նա 2016 թվականին նշանակվեց տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զարգացման նախարար, ապա` բնապահպանության, հետո` դարձյալ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար: Բայց ըստ նրա` 2018թ-ի առաջին 7 ամիսների տնտեսական աճն ամենաբարձրն է եղել վերջին տարիների ընթացքում` 8.3 տոկոս: Ի դեպ, Արծվիկ Մինասյանի պաշտոնավարման շրջանում, նախորդ ժամանակահատվածի համեմատ, մեծաքանակ քաղաքացիներ եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ են այցելել նախարարություն, որոնք հայտնել են իրենց պատրաստակամությունը, հետաքրքրվել են Հայաստանի ներդրումային միջավայրով: Մինասյանը աշխատանքներ է տարել նաեւ շաքարի շուկայում երկրորդ ձեռնարկությունը ունենալու ուղղությամբ:
Ոչ պակաս ձեռքբերում է ունեցել նաեւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների արդեն նախկին նախարար Արթուր Գրիգորյանը, ում պաշտոնավարման ընթացքում 27 մետաղական հանքավայրերից 10-ը եւ ոչ մետաղական 146 հանքավայր զգուշացվել են: Եւ հանքերի պատասխանատուները պետք է 3 ամսում վերացնեն բոլոր թերությունները, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիայից: Գրիգորյանը խոստանում էր, որ այս գործընթացը շարունակական է լինելու: Հիմա այն կասկածի տակ է: Եւ ամենակարեւորը՝ էլեկտրաէներգիայի սակագինը սոցիալապես անապահով ընտանիքների համար հուլիսի 1-ից բանակցությունների հետեւանքով նվազել է, որի համար վճարել են 10 դրամով ավելի քիչ, իսկ գազի համար` 20 դրամով պակաս:
Մյուս նախարարի պաշտոնին հրաժեշտ տվածը` Լեւոն Ֆահրադյանը, որը զբաղեցնում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնը, իր պաշտոնավարման ընթացքում ընդունել է 42 քաղաքացու եւ 114 հրաման:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր: «Քանի օր է Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի մահվանից հետո տարբեր միջոցառումներ են տեղի ունենում, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում հիշատակի միջոցառում է եղել, բազմաթիվ մարդիկ ծաղիկներ են դնում, հարգանքով, սիրով եւ տխրությամբ հիշում են նրան, հիշում են նրա այցելությունը Արցախ»,-ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նա նշեց, որ այդ հիշատակի միջոցառումները ոչ մեկ չի կազմակերպել, մարդիկ ինքնաբուխ են մասնակցել եւ չի բացառվում, որ բազմամարդ հավաքներ լինեն նաեւ հուղարկավորության օրը: Դ. Բաբայանը նշել է, որ դեռ պարզ չէ՝ Արցախի Հանրապետության նախագահը կգնա՞ Ֆրանսիա մասնակցելու շանսոնյեի հուղարկավորությանը, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում սգո օր կհայտարարվի:

 

 

ԴՌՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԲԱՑ ԵՆ
Ազգային ժողովի այգի տանող գլխավոր դարպասներն արդեն 10:00-22:00-ն բաց են քաղաքացիների համար, այս մասին տեղեկացրել է ԱԺ անվտանգության պետ Սահակ Սահակյանը: Ըստ նրա` քաղաքացիների համար ԱԺ դռները բաց պահելու հրահանգը տրվել է վարչապետի կողմից: Թեեւ ԱԺ այգի քաղաքացիների մուտքը բաց է, բայց արգելափակոցներ կան ԱԺ շենք մուտք գործելու համար։ Խորհրդարանում այս պահին անվտանգության ծառայության աշխատակիցների հետ աշխատում են նաեւ ոստիկանները: Նշենք, որ ԱԺ-ի դռները բացվել էին նախօրեին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ, երբ վարչապետը հանրահավաքի մասնակիցների հետ ներս էր մտել Ազգային ժողովի տարածք, ապա Ազգային ժողովի շենք, որտեղ հանդիպել էր ԱԺ նախագահի եւ պատգամավորների հետ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով։

 

 

ՇԻՐԱԿՈՒՄ ՑՈՒՅՑԵՐ ԵՆ

Շիրակի մարզի տարբեր գյուղական բնակավայրերում շարունակվում են ցույցերը: Եթե Գյումրիում ամբողջ օրը «Հակահեղափոխություն չի լինելու» կոչերով գյումրեցիներն իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին, ապա Անի համայնքում Նիկոլ Փաշինյանից շարունակել են պահանջել ուշադրությունը սեւեռել դեպի տեղական խնդիրներ:

2 օր առաջ Անի խոշորացված համայնքում ցուցարարները փակել էին համայնքապետարանի դուռն ու խոչընդոտել աշխատանքների բնականոն ընթացքը: Ցուցարարները պայման էին դրել 72 ժամվա ընթացքում կատարել իրենց պահանջը, հակառակ դեպքում կտրուկ քայլերի են դիմելու: Իսկ նրանց պահանջը Անի համայնքի հանրապետական ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականն է: 72 ժամը լրացել է, բայց ցուցարարները համայնքապետարանի դուռը չեն բացել. «Չենք պատրաստվում թույլ տալ, որ որեւէ մեկը մտնի աշխատանքի: Մեր պահանջը նույնն է: Սպասում ենք, տեսնենք` Նիկոլն ինչ է անելու, որ վերջապես մեր համայնքի խնդրին էլ ուշադրություն դարձնի»,-ասաց ցուցարարներից մեկը: Անեցի ցուցարարների մի հատվածը, ի հիշատակ Շառլ Ազնավուրի, մոմավառություն է կազմակերպել, ապա դուրս եկել քայլերթի. «Մենք մշակութասեր մարդիկ ենք, մենք հարգում ենք Ազնավուրի հիշատակը, բայց չենք կարող թողնել մեր պահանջն ու գնալ: Դրա համար այսօր մոմեր ենք վառել ու աղոթել նրա համար»,-ավելացրեց ցուցարարը:
Անի խոշորացված համայնքի մեջ մտնող մի շարք գյուղական բնակավայրերում այսօր նաեւ դասադուլներ են եղել: Ծնողները եւս միացել են բողոքին ու հայտարարել, որ երեխաներին դպրոց չեն թողնի, մինչեւ համայնքի խնդիրը չլուծվի:
Նշենք, որ նախօրեին Աղինում եւս ցույցեր են եղել: Արտակ Գեւորգյանը փորձել է զրուցել գյուղաբնակների հետ ու երկխոսության եզրեր գտնել, սակայն ցուցարարների ու համայնքի ղեկավարի միջեւ վեճ է առաջացել, ինչից հետո քաշքշուկ է սկսվել: Համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը, այլեւս չկարողանալով վերահսկել իրավիճակը, դիմել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ




Լրահոս