«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԻՇԱՊՆԵՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ ԴԵՌ ՉԻ ՏԵՍԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին սկանդալային նախագիծը: Քվեարկությանը հետեւեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը ժողովրդին՝ շարժվել դեպի Ազգային ժողով: Ընդամենը մեկ ժամից խորհրդարանի շենքը շրջափակված էր: Այնուհետեւ Փաշինյանը բանակցեց խորհրդարանական ուժերի հետ, ինչից հետո հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբեր ամսին: Նա հայտնեց, որ վարչապետի պաշտոնից հրաժարական է տալու առաջիկա օրերին, բայց պետք է ԱԺ խմբակցությունները գիտակցեն, որ եթե այլ անձի ընտրեն վարչապետի պաշտոնում, ապա դա ժողովրդի մոտ կարող է վատ արձագանք առաջացնել: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հետ:

-Տիկի՛ն Մնացականյան, ի՞նչ տպավորություն ունեք հոկտեմբերի 2-ի իրադարձություններից:
-Կարծում եմ՝ այդ 67 հոգին բեմադրություն ցույց տվեցին, բայց ռեժիսորը շատ վատն էր: Նրանք մտածում էին, որ առջեւում «Ֆրանկոֆոնիա»-ն է, Հայաստան են գալու մեծ թվով արտասահմանցիներ, եւ լավ պահ էր Հայաստանի վարկանիշը գցելու համար: Այդ հաշվարկով ուզում էին մեկ անգամ եւս կաթսան խառնել: Շատերն են դա գլխի ընկել: Բայց դա տգեղ, անմակարդակ քայլ էր, կներեք, կապիկություն արեցին: Իմ իմացած հեքիաթներում վիշապը երեք գլուխ ունի, սրանցը 67-ն է: Այս ի՞նչ վիշապ է, կտրում ես, կտրում ես, նոր գլուխ է բուսնում: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն այս պահին ինչ է մտածում, բայց նրա քայլերի, մտադրության վերաբերյալ ունեմ իմ վերսիան, որը չեմ բարձրաձայնի: Համենայն դեպս, մեր վարչապետը ազնիվ է եւ խելացի: Իսկ ազնիվ մարդը խաբելու բան չունի, սողոսկելու ձգտում չունի: Նրա թիկունքին ժողովուրդն է կանգնած, իմաստուն չլինելու իրավունք չունի: Նիկոլ Փաշինյանն արդեն ժողովրդի իմաստության կրողն է: Չեմ կարծում, որ նա ժողովրդին երբեւէ կտանի առճակատման, սթրեսի, որ նա կանի քայլեր, որոնցից ժողովուրդը կտուժի, թեեւ այդ 67 հոգին հրահրում են, որ այդպես էլ լինի: Ես չեմ կասկածում՝ նրանք մի կաթիլ ազնվություն անգամ չունեն: Եվ բնական է, որ այդ մարդիկ ուզում են մինչեւ վերջ պայքարել. ախր այնքան թաքցնելու բան ունեն, որ համաձայն են անգամ մեռնել, միայն թե իրենց արածները չբացահայտվեն:
-Շատ քաղաքագետներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ռիսկային են համարում՝ զգուշացնելով, որ այդպիսով վտանգի տակ է դրվում հեղափոխությունը, ժողովրդի հաղթանակը: Դուք ի՞նչ կասեք:
-Էլի եմ ասում՝ չեմ կարծում, թե Փաշինյանը ռիսկային քայլի կգնա: Մի առիթով նա ասել էր, որ աշխարհի ոչ մի գանձ մարդկային վստահության գինը չունի: Այդ մարդը բոլորովին այլ հարթության վրա է գտնվում: Նա վտանգի տակ չի դնի մեր հաղթանակը:
-Հիմա ինչի՞ սպասի ժողովուրդը, ո՞րը պետք է լինի նրա անելիքը:
-Ժողովուրդն այս վիշապների կործանումը դեռ չի տեսել, սպասում է, թե երբ են հրեշին վերջնականապես գլխատելու: Ինձ նույնիսկ արտասահմանից են պարբերաբար զանգում, բավական հուզված ասում են, որ տեղները չեն գտնում այս նյարդային իրավիճակից: Մի՞թե այդ 67 հոգին ավելի ուժեղ են, քան բարիկադի մյուս կողմում կանգնած ժողովուրդը: Ինչու՞ ենք երբեւէ որոշել նրանց տալ այդ առավելությունը, եթե կարելի է հանգիստ լուծարել խորհրդարանը: Այս խորհրդարանը չի վայելելու ժողովրդի սերը, մարդիկ խորշում են այդ 67 հոգուց, շատ քիչ տոկոս կա, որ մարդիկ կցանկանան՝ այնտեղ լինի: Նրանք բառացիորեն մարդկային դեմք չունեցող կերպարանքներ են, ազգություն էլ չունեն: Նրանց երբեմն թուրք են անվանում, բայց նույնիսկ թուրքը մեր ազգի հետ այսպես չէր վարվի: Այնպես որ, հարկավոր է լինել միասնական առավել, քան երբեւէ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՆՉԵՑՐԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՈՒԴՈՒԿԸ

Երեւանցի փոքրիկ մոդել Միլանա Կարապետյանի շնորհիվ օրերս Թուրքիայում հնչել է հայկական դուդուկը: Գեղեցկուհին մասնակցել է Կուշադասի քաղաքում անցկացված «Little princess world-2018» մրցույթին եւ գրավել է առաջին հորիզոնականը: Բացի դրանից՝ Միլանան արժանացել է մրցանակների եւս երկու անվանակարգերում՝ «TV Star Universe» եւ «Best of the best»: Միլանայի մայրիկը՝ Սոնա Եսայանը, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ փոքրիկ հայուհու եռակի հաղթանակը խուճապի է մատնել ադրբեջանցի մասնակցին եւ նրա թիմին. «Նրանք նույնիսկ կազմակերպիչներին ասել էին. «Ամոթ չէ՞, որ Թուրքիայում հայն է հաղթում, հայկական երաժշտություն է հնչում»»,-ասաց Սոնան:

Մրցույթի ամբողջ ընթացքը տեւել է տասը օր, իսկ մրցութային բուն օրը սեպտեմբերի 28-ին էր: Սոնայի խոսքով՝ Միլանան տրամադրված էր հաղթանակի, թեեւ մրցակցությունը բավական բուռն է եղել. «Այնուամենայնիվ, ամեն բան շատ գրագետ էր կազմակերպված, այնպես էր արված, որ որեւէ փոքրիկի սիրտ չկոտրվեր, ամեն մեկն էլ որեւէ անվանակարգում ինչ-որ թագի արժանացավ: Եվ հետո կազմակերպիչները հաշվի էին առել, որ դա փոքրիկների գեղեցկության մրցույթ է, որտեղ, օրինակ, լողազգեստներով ցուցադրությունը կամ գրիմը տեղ չունեին»,-նկատեց Միլանայի մայրիկը:
Մենք հետաքրքրվեցինք՝ Միլանան ունի արդյոք պրոդյուսեր, եւ ինչ են տալիս նրան նմանատիպ մրցույթները. «Ոչ, դեռ չունի, բայց կան բազմաթիվ առաջարկներ: Նրան առաջիկայում կկանչեն նկարահանվելու գովազդներում, դուստրս արդեն առաջարկ է ստացել դեկտեմբերին Դուբայում մասնակցելու երգի փառատոնի: Ի դեպ, նա հրաշալի երգում է եւ պարում»,-պատասխանեց Սոնան:
Մենք հարցրեցինք, թե ինչպես է Միլանայի տրամադրությունը. «Հրաշալի, ինչ վերադարձել եմ, հասցրել եմ կարոտել մրցույթի մասնակիցներին: Ճիշտ է, հաճախ մենք չէինք հասկանում միմյանց լեզուն, բայց մեծ սիրով եւ ջերմությամբ էինք շփվում իրար հետ»,-ասաց գեղեցկուհին:
Հավելենք, որ մրցույթի գլխավոր կազմակերպիչը «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության» լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանն է:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՇՈԿԱՅԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Մադրիդի «Ռեալ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոստովանել է, որ Մոսկվայում ԲԿՄԱ-ից կրած պարտությունն իրենց համար շոկային է եղել: Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Արքայական թիմը պարտություն է կրել նվազագույն հաշվով: «Մենք նյարդայնացած ենք: Չէինք սպասում միավոր կորցնել այս խաղում։ Նախորդ երեք խաղերում մենք մեր մակարդակի վրա չխաղացինք: Բայց մենք կգտնենք լուծում եւ կհաղթահարենք այս իրավիճակը: Պետք է հավաքվել եւ լինել ավելի դրական: ԲԿՄԱ-ի դեմ մեկնարկային կազմում չէի, քանի որ մարզիչը հանգստանալու հնարավորություն էր տվել 3-4 անընդմեջ հանդիպումից հետո: Ընթացքում Լոպետեգին ստիպված էր ինձ դուրս բերել փոխարինման, քանի որ ֆուտբոլում հնարավոր չէ ամեն ինչ կանխատեսել»,-ասել է Մոդրիչը։

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼ
«Լոս-Անջելես Գելեքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ։ Շվեդ ֆուտբոլիստին հրավիրելու տարբերակը դիտարկում է «Միլան»-ը, որի կազմում նա հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին:
Թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ցանկանում է հարձակման գիծն ուժեղացնել փորձառու եւ ինքնավստահ ֆուտբոլիստով։ «Միլան»-ի ղեկավարությունն իտալացու առջեւ մշտապես Չեմպիոնների լիգայում հայտնվելու եւ Եվրոպա լիգայում հնարավորինս առաջ գնալու խնդիր է դնում, եւ դրա համար նրան անհրաժեշտ է ուժեղացնել հարձակման գիծը: Անձամբ Իբրահիմովիչը վստահ է, որ չնայած 37 տարեկան հասակին` կարող է առաջիկա երկու տարին խաղալ բարձր մակարդակում: Հարձակվողը ցանկանում է կարիերան ավարտել հարազատ «Մալմյոյ»-ում։
Ֆուտբոլիստի ընտանիքը դրական է վերաբերվում «Միլան» վերադարձին: Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս-Անջելես Գելեքսի»-ի հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականի դեկտեմբեր:

 

 

ՈՒՇԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանական «Վալենսիա»-ի դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպումից հետո պատմել է, թե ինչու է թիմը ուշ հասել ստադիոն: Անգլիական թիմի ուշացման պատճառով հանդիպումը մեկնարկել էր նախատեսվածից հինգ րոպե ուշ: «Մենք հյուրանոցից դուրս եկանք 18:00-ին՝ հուսով, որ 30 րոպեում կհասնենք, բայց այս անգամ մեզ ոստիկանություն չէր ուղեկցում: Մենք առանց ուղեկցության ուշ հասանք՝ 75 րոպեում: Շնորհակալ ենք ՈւԵՖԱ-ին եւ մրցավարին, որ թույլ տվեցին 5 րոպե ուշ սկսել, քանի որ խաղին պատրաստվելու համար ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է նա։




Լրահոս